HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

ԿԲ. «Հիփոթեքային վարկերի համար վարկ/գրավ հարաբերակցությունը 60-80% միջակայքում է»

2017 թվականին Հայաստանում ֆինանսական համակարգի կայունության ապահովման տեսանկյունից՝ անշարժ գույքի շուկայում առուվաճառքի գործարքների քանակի աճը դրական ազդեցություն է ունեցել նույն շուկայից բխող ռիսկերի վրա, սակայն ֆինանսական հաստատությունների կողմից անշարժ գույք հանդիսացող գրավի առարկայի իրացման հնարավորությունները դեռևս շարունակում են մնալ սահմանափակ: Նման եզրահանգման է եկել Կենտրոնական բանկը (ՀՀ ԿԲ):

Գլխավոր դրամատունը ներկայացրել է 2017թ. «Ֆինանսական կայունության հաշվետվություն»-ը, որտեղ վերլուծվել է նաև անշարժ գույքի շուկայի իրավիճակը։

Պաշտոնական տվյալներով, որոնք ներկայացնում է ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն, 2017 թվականի ընթացքում, նախորդ տարվա համեմատ, ինչպես Երևանում, այնպես էլ հանրապետության այլ քաղաքներում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջին գները 1 քմ մակերեսի հաշվարկով նվազել են համապատասխանաբար 3.5%-ով և 5%-ով: Ընդ որում՝ գների նվազում գրանցվել է Երևանի բոլոր վարչական շրջաններում, բացառությամբ՝ Կենտրոն վարչական շրջանի, որտեղ բնակարանների միջին գները մնացել են գրեթե անփոփոխ:

Միևնույն ժամանակ, 2017 թվականին, 2016 թվականի համեմատ, անշարժ գույքի առուվաճառքի գործարքների քանակն ավելացել է 15.1%-ով: Ընդ որում` բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առուվաճառքի գործարքների քանակը Երևանում և մարզերում աճել է համապատասխանաբար 23.7%-ով և 12.3%-ով:

Անշարժ գույքի առուվաճառքի գործարքներում գերակշռում են առաջնային շուկայից բնակարանների ձեռքբերման գործարքները։ Ըստ ԿԲ-ի՝ դա պայմանավորված 2015 թ. հունվարի մեկից ուժի մեջ մտած «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններով: 

Խոսքը հիփոթեքային վարկի մարման համար վերադարձվող եկամտահարկի չափի փոփոխությանն է վերաբերում։ Հիշեցնենք, որ 2015 թվականից «Եկամտային հարկի մասին» օրենքում կատարված փոփոխությամբ նորակառույց և կառուցվող շենքերում բնակարան ձեռք բերելու նպատակով հիփոթեքային վարկ ստացած վարձու աշխատողներին հնարավորություն է տրված հետ ստանալ իրենց աշխատավարձից գանձվող եկամտային հարկը և այն ուղղել հիփոթեքային վարկի տոկոսագումարների մարմանը։

2017-ի նոյեմբերին Կառավարությունը որոշեց նոր նորմեր սահմանել։ Ըստ փոփոխության՝ սահմանափակվում են և´ բնակարանի գինը, և´ եկամտային հարկի չափը։ Եկամտային հարկը կվերադարձվի, եթե գնվող բնակարանի արժեքը չի գերազանցում 55 մլն դրամի շեմը: Եվ երկրորդ սահմանափակումը՝ վերադարձվող եկամտային հարկի գումարը յուրաքանչյուր եռամսյակի համար, անկախ վարկառուների (համավարկառուների) թվից, չի կարող գերազանցել 1.5 միլիոն դրամը։ Այսինքն՝ պետությունը ամսական վերադարձնելու է 500 հազար դրամ, մնացածը վարկառուն իր միջոցներով պետք է վճարի։ Այս փոփոխությունները գործում են այս տարվա հունվարի մեկից։ Ըստ երևույթին, այդ պատճառով էլ բնակչության մի մասը շտապել է մինչև փոփոխությունների ուժի մեջ մտնելը օգտվել նախկին պայմաններից։

Ըստ Կենտրոնական բանկի կողմից իրականացվող եռամսյակային հարցումների՝ բանկերի համար առավել կարևորվում է գրավի և, մասնավորապես, արտադրական նշանակության անշարժ գույքի իրացվելիության ռիսկը: «Տնտեսության վարկավորման աճին զուգընթաց տարվա ընթացքում աճել են նաև որպես գրավ ստացված անշարժ գույքի ծավալները: Վարկային ռիսկի վրա անշարժ գույքի գների հնարավոր տատանումների ազդեցությունը նվազեցնելու նպատակով բանկերը հիփոթեքային վարկերի համար վարկ/գրավ հարաբերակցությունը պահպանել են 60-80% միջակայքում»,- նշված է ԿԲ-ի հաշվետվության մեջ։

Տարվա ընթացքում 40.3%-ով աճել է բնակելի և ոչ բնակելի շենքերի շինարարության վարկավորումը, որի գծով վարկային պորտֆելի որակը մնացել է գրեթե անփոփոխ: Մասնավորապես՝ տարեվերջին բնակելի և ոչ բնակելի շենքերի շինարարությանն ուղղված «չաշխատող» վարկերի մասնաբաժինը վերոնշյալ ոլորտին տրամադրված վարկերի մեջ կազմել է 6.8%:

Աղբյուրը՝ ՀՀ կենտրոնական բանկ

Տարվա կտրվածքով 34.6%-ով նվազել են շահագործման հանձնված բնակելի շենքերի ընդհանուր ծավալները` պայմանավորված կազմակերպությունների միջոցներով ֆինանսավորվող բնակելի շենքերի գործարկման ծավալների 93.3% նվազմամբ: Բնակչության միջոցներով ֆինանսավորվող բնակելի շենքերի գործարկման ծավալներն աճել են 8.0%-ով, որի արդյունքում վերջինիս մասնաբաժինն աճել է և կազմել 95.7% (նախորդ տարի` 58. 0%):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter