Երեքշաբթի, 25 սեպտեմբերի

Քսենոմորֆ անունով հրեշը՝ «Ալիսայի հրաշքների աշխարհում»


Գլխավոր լուսանկարում Քսենոմորֆ անունով «հրեշն» է, ում ստեղծել է 25-ամյա նկարիչ Արաքս (Ալիս) Սարգսյանը։

Քսենոմորֆ հայկական քոսփլեյը վերջին մեկ ամսվա ընթացքում Ֆեյսբուքում ուշադրության արժանացած եւ տարածվող հղումներից մեկն է․ Արաքս Սարգսյանը իր նորաստեղծ «հրեշին» ներկայացրել է Cinema Makeup School-ի ամենամյա մրցույթին։ 1993թ․-ին Լոս Անջելեսում հիմնադրված մեյքափ դպրոցը հոլիվուդյան հայտնի կառույց է, որտեղ փորձ ձեռք բերած մասնագետները հնարավորություն են ունենում հետագայում որպես մեյքափ արտիստ իրենց կարողությունները կիրառել կինոինդուստրիայում։

Արաքսի ֆեյսբուքյան պատը տարբեր օգտատերերի կողմից ողողված է Քսենոմորֆի լուսանկարներով, մասնակցի օգտին քվեարկելու խնդրանք-կոչերով։ Մրցութային կանոնակարգը հեշտ չէ․ նախ ֆեյսբուքյան քվեարկության արդյունքում ամենից շատ ձայներ հավաքած մասնակիցը ստանում է մեկ ձայնի առավելություն, որից հետո պրոֆեսիոնալ ժյուրին ընտրում է վերջնական մեկ հաղթողին։ Իր հերթին ֆեյսբուքյան քվեարկությունը բաժանված է հինգ փուլի․ Արաքսի «Քսենոմորֆը» հաղթահարել է 4 փուլերը եւ այս պահին ֆեյսբուքյան եզրափակիչ փուլում հինգ մասնակիցների շարքում առաջատարի դիրքերում է։

Ֆեյսբուքյան սպասված արդյունքները կհրապարակվեն հունիսի մեկին, երբ 20։00-ին ավարտված կլինի օնլայն քվեարկությունը։ Մինչ կամփոփվեն արդյունքները, եւ Արաքսը հնարավոր է՝ մեկ քայլով եւս մոտենա Հոլիվուդում ուսանելու իր երազանքին, կապ հասատատեցի իր հետ։

Քսենոմորֆին ստեղծելու գաղափարի եւ Հանս Ռուդի Գիգերի այլմոլորակային հրեշի կերպարի ազդեցության պատմությունն ինչպե՞ս սկսվեց։

Մրցույթի մասին իմացել եմ շատ ուշ՝ վերջնաժամկետից երկու ամիս առաջ ու դեռ չէի էլ որոշել մասնակցելու եմ, թե ոչ, երբ գլխիս մեջ հենց այդ նույն րոպեին սկսեցի հավաքել Քսենոմորֆին։

Հանս Գիգերի աշխատանքները շատ մեծ դեր են ունեցել ինձ վրա, իսկ ֆիլմն էլ մանկությանս ամենատպավորիչներից է։ Հասկացա, որ իրենից «պրծում» չունեմ ու պիտի սկսեմ աշխատել։

Քոսփլեյի յուրաքանչյուր դետալ առանձին աշխատանք է պահանջում՝ նյութերի ընտրություն, երեւակայության մեծ պոտենցիալ, համադրում։ Քսենոմորֆի ստեղծման ընթացքում բարդություններ կայի՞ն։

Առաջին էտապում հետազոտելու պրոցեսն էր, հետո սկսեցի էսքիզներն անել, մարմնի մասերը հերթով ուսումնասիրել, նկարել։ Արդեն կամաց պարզ էին դառնում նաեւ նյութերը, որոնք պիտի օգտագործեի։ Հետո անցա գլխի կարկասին եւ քանդակին։

Հրեշի գլուխն իսկապես տպավորիչ է ստացվել, բայց կարծում եմ՝ ամենադժվարն է տրվել։

Գլխի վրա աշխատելու ընթացքը ամենաերկարն էր․ այդ ընթացքում նաեւ նոր նյութերի էի ծանոթանում։ Այն հիմնականում պատրաստվեց մոնտաժային փրփուրից, իսկ դետալները՝ պոլիմերային կավից եւ ամենատարբեր խողովակներից։

Ստացվում է՝ Քսենոմորֆը այս մրցույթի համար ստեղծվեց ամեն դեպքում։

Այո, մրցույթի պայմանն է քոսփլեյով ներկայանալը․ ես ավելի շատ կնախընտրեի իմ ստեղծած կերպարներին սարքել։

Քո ստեղծած կերպաներն էլի հրեշնե՞ր են։

Ահա, հիմնականում հրեշներ են, ու, ցավոք, դեռևս սահմանափակված միայն նկարի ֆորմատով։ Հուսով եմ՝ մոտ ժամանակներում իրենց շոշափելի աշխարհ կբերեմ։

Արաքս անունից զատ նաեւ Ալիս անունով ես ներկայանում։

«Ալիսան հրաշքների աշխարհում» գրքի պատճառով։ Սեղանիս գիրքն է, երկու տարին մեկ վերընթերցում եմ․ շատ մեծ ազդեցություն ունի իմ կյանքում, քանի որ մասնագիտական դաշտում անընդհատ փորձեր եմ արել ու անցել շատ տեղերով (ծանոթացել տարբեր մարդկանց հետ), ինչ-որ չափով սկսել եմ այդ պատմությունն ասոցացնել իմ կյանքի պատմության հետ։

Հրեշ ստեղծելու ոգեշնչման աղբյուրն էլ է հետաքրքրիր․․․

Ոգեշնչման հիմնական աղբյուրս բնությունն է, մնացած ամեն բան՝ երկրորդական։

Հետաքրքիր է, որ բնությունը, որպես ոգեշնչման բացարձակ աղբյուր, հրեշների մասին մտածելու առիթ է տալիս։

Բնությունն ամեն ինչ իդեալական է ստեղծում, դու օգտվում ես դրանից՝ փորձելով պահել հարմոնիան, ավելացնել երեւակայությունդ, եւ ահա խնդրեմ, Քսենոմորֆ է ծնվում։

ՀԳՀիշեցնեմ, որ Արաքս Սարգսյանի ստեղծագործության օգտին քվերակելու համար ժամանակ դեռ կա։ Օնլայն մրցույթի հղումը՝ այստեղ։  Քսենոմորֆի ստեղծման պատմության տեսանյութը՝ այստեղ։

Լուսանկարների հեղինակ՝ Միքայել Պետրոսյան

*«Քոսփլեյ» տերմինը ստեղծվել է Nobuyuki Takahashi of Studio Hard-ի (Ճապոնիա) կողմից եւ 1984 թվականին ընդունվել է World Science Fiction Convention-ի կողմից (Լոս Անջելես)։

 


Գլխավոր էջ

Տպել    |  In English

Մեկնաբանություններ (1)
1. Patrice20:17 - 26 հուլիսի, 2018
Ce costume est jolie je voudrais bien vous l'acheter je suis un grand collectionneur
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։