HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կալկաթայում վտանգված է հայ երեխաների կյանքը

Վերջին մի քանի ամիսների ընթացքում Կալկաթայի հայոց ճեմարանում 40 երեխա հիվանդացել է դեղնախտով: Համաճարակի պատճառն այդպես էլ չի պարզվել: Բժիշկները երեխաներին հետազոտելուց եւ հարցուպատասխանից հետո վարակման հնարավոր աղբյուր են համարում խմելու ջուրը: Դեղնախտով հիվանդացել են միայն տղաները: Ճեմարանում տղաներն ու աղջիկներն ապրում են առանձին կացարաններում: Տղաները միայն կեսօրին են ճաշում աղջիկների ճաշարանում, իսկ մնացած ժամերին սնվում են իրենց կացարանում: Այսինքն՝ հավանական է, որ հիվանդության պատճառը տղաների կացարանի խմելու ջուրն է, որն այդպես էլ չի հետազոտվել:

Ճեմարանում տիրող վիճակի մասին «Հետքը» մի քանի հոդվածներ է գրել (Տե՛ս՝ Կալկաթայի ճեմարանում եղել են նաեւ ֆինանսական չարաշահումներ): Կալկաթայի Գերագույն դատարանի որոշմամբ արդեն 6 տարի է Հայոց Մարդասիրական ճեմարանը հանձնվել է Ամենայն հայոց կաթողիկոսությանը, եւ Կաթողիկոսին է վերապահվել ճեմարանի գործերն իր ցանկացած ձեւով վարելու իրավունքը: Հիմա այնտեղ տիրող իրավիճակի եւ երեխաների կյանքի ու ուսման համար պատասխանատու է եկեղեցին: 2005-ի փետրվարին Մայր Աթոռի երեք հոգանոց պատվիրակությունը մեկնել է Կալկաթա' ուսումնասիրելու ճեմարանի վիճակը:

Պատվիրակության անդամներից մեկը' Տեր Կտրիճ քահանա Դեւեջյանը, հրաժարվեց հարցազրույցից' նշելով, որ Մայր Աթոռը ճեմարանում անհապաղ պետք է բարեփոխումներ իրականացնի: Նա տեղեկացրեց նաեւ, որ Մայր Աթոռի ներկայացուցիչ Տիգրան սարկավագ Բաղումյանը գործուղվել է Կալկաթա' իբրեւ ադմինիստրատոր: Կաթողիկոսի հանձնարարարությամբ նա պետք է սկսի այդ բարեփոխումները: Տեր Կտրիճը ավելացրեց նաեւ, որ ճեմարան պարբերաբար հոգեւորականներ են այցելելու: Այսօր, բացի Տիգրան սարկավագից, այնտեղ է նաեւ Մայր Աթոռի մեկ այլ հոգեւորական:

Կալկաթայի մեր աղբյուրներից մեկի հավաստմամբ' հնդկահայ համայնքի մի քանի ներկայացուցիչների' Մայր Աթոռի պատվիրակությանը հանդիպելու բոլոր ջանքերն ապարդյուն են եղել: Ճեմարանի տնօրեն Սոնյա æոնը վարձել է ինչ-որ մարդկանց, ովքեր արգելել են կալկաթահայերին հանդիպել եկեղեցու ներկայացուցիչներին:

Ճեմարանում գտնվող հայ երեխաները դեղնախտի դեմ բուժում են ստացել աղքատների համար նախատեսված հիվանդանոցում: Երեխաներից մեկը մորը գրած նամակում պատմել է, որ հիվանդանոցը, որտեղ բուժվել են, կեղտոտ էր եւ նման էր գոմի: Հիշեցնենք, որ մի քանի տարի առաջ Սոնյա Ջոնը Կալկաթայի ս. Նազարեթ եկեղեցու միջոցներից մի քանի մլն դոլար էր հատկացրել Կալկաթայում մի հիվանդանոցի կառուցման համար: Բարձրակարգ այդ հիվանդանոցը, սակայն, հայ երեխաներին անհասանելի է: Սոնյա Ջոնն արդարացել է՝ ասելով, թե այն ճեմարանից հեռու է, այդ պատճառով էլ երեխաներին չեն տարել այնտեղ բուժելու:

Մեր տեղեկություններով՝ Ս. Նազարեթ եկեղեցին տարեկան 500 հազար ԱՄՆ դոլար է հատկացնում ճեմարանին: Սա բավականին մեծ գումար է եւ միանգամայն բավարար՝ 101 սան ունեցող ճեմարանում ուսման նորմալ պայմաններ ստեղծելու եւ երեխաներին բարեկեցիկ կյանքով ապահովելու համար: Սակայն ճեմարանում, օրինակ, համակարգչային դասարան ստեղծելու փոխարեն պարբերաբար կոսմետիկ վերանորոգումներ են «կատարվում»:

Առայսօր երեխաները համակարգիչներ չունեն եւ չեն կարողանում էլեկտրոնային փոստով նամակներ ուղարկել իրենց հարազատներին: Ճեմարանում նման հնարավորություն չկա, իսկ ինտերնետային ակումբներ երեխաներին արգելում են այցելել:

Մեզ հաջողվել է պարզել, որ ճեմարանում ձեւակերպված է 92 աշխատող: Ճեմարանի այն սաները, ովքեր, կիսատ թողնելով ուսումը, չեն վերադարձել Կալկաթա, անուն առ անուն գիտեն բոլոր աշխատողներին, եւ դրանց թիվը 25-ը չի գերազանցում: Ճեմարանի ֆինանսական վերահսկողությունը դրված է ս. Նազարեթ եկեղեցու հոգաբարձուների խորհրդի վրա:

Իսկ խորհրդի նախագահը նույն Սոնյա Ջոնն է: Հիշեցնենք, որ Սոնյա Ջոնը միայն վերջին տարիներին է ընդգրկվել եկեղեցու հոգաբարձուների խորհրդում եւ հետո դարձել խորհրդի նախագահ: «Սոնյա Ջոնը Սանդուխտ Մարտիրոսյանն է Պարսկաստանի Շիրազ բնակավայրից: Նա Կալկաթայի մեկ այլ դպրոցում ուսուցիչ էր: Խելոք եւ խոստումնալի կին էր: Համայնքի խորհրդի անդամների համալրման համար ես առաջարկեցի նրա թեկնածությունը: Ու էդպես նա մտավ խորհուրդ՝ չնայած մենք մի կանոն էլ փոխեցինք. ըստ կանոնագրի՝ խորհուրդը կին անդամ չպիտի ունենար: Նրա հայրենասիրությունը դրսեւորվել է միայն 1999թ., երբ ուզում էին վաճառել ճեմարանը: Նա աջակցեց ինձ, եւ ճեմարանը մնաց հայերին, տրվեց եկեղեցուն: Սակայն պաշտոնն ու փողը մարդուն փոխում են: Բայց հիմա էլ պետք չէ նրա հետ կոպիտ լինել, պետք է ամեն ինչ մեղմ արվի, քանի որ մեր երեխաները նրա ձեռքում են»,- ասում է 1992-2000թթ. հնդկահայության հոգեւոր առաջնորդ Տեր Սահակ քահանա Սահակյանը:

Այն, որ ճեմարանը ոչ միայն կացարան է, այլեւ կրթօջախ, եւ երեխաները պետք է «բարեկեցիկ» ապրելուց բացի կրթություն ստանան, ոչ մեկին չի հուզում: ՀՀ Կրթության նախարարությունն ընդհանրապես հետաքրքրված չէ, թե ինչ կրթություն են ստանում մեր դպրոցներից գնացած 62 աշակերտները, որոնք վերադառնալու են Հայաստան: 13-14 տարեկան աշակերտներն անգլերենից բացի ուրիշ ոչինչ չեն սովորում ճեմարանում: Նրանցից շատերը չգիտեն բազմապատկման աղյուսակը: Բացի այդ, Հնդկաստանում միջնակարգ կրթություն է համարվում 12-ամյա դպրոցը, իսկ հայոց ճեմարանն ապահովում է միայն 10-ամյա կրթություն: Հնարավոր է՝ ճեմարանի աշակերտները վերադառնան Հայաստան առանց միջնակարգ կրթության վկայականի:

«Կալկաթայի փողերի համար չարժե զոհաբերել մեր երեխաներին: Եթե ոչինչ չփոխվի, շտապ պետք է փակել այդ ճեմարանը եւ մեր երեխաներին ետ բերել այնտեղից»,-ասում է մի քանի տարի առաջ ճեմարանում աշխատած հոգեւորականը:

Մեկնաբանություններ (1)

Լուսինե
Ավելի թարմ տեղեկություններ չկան ? Հետաքրքիր է իմանալ դպրոցի ներկա իրավիճակի մասին

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter