Երեքշաբթի, 25 սեպտեմբերի

Բնապահպանության նախարար․ «Հանքարդյունաբերության այս ծավալների զարգացումը Հայաստանում ճիշտ չէ»



Բնապահպանության նորանշանակ նախարար Էրիկ Գրիգորյանը համաձայն չէ բնապահպանների այն դիտարկումների հետ, որ ինքը «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչն է կառավարությունում, պնդում է՝ անձամբ վարչապետից է նախարարի պաշտոնում նշանակվելու առաջարկությունը ստացել։

Այս մասին խորհրդարանում՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ, ասաց նախարարը։ «Ասում էին, որ Ռուբեն Վարդանյանի նշանակած մարդն եմ եղել, ուզում եմ ասել, որ աշխատանքի անցնելու առաջարկությունը եղել է վարչապետի կողմից»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ որևէ մեկից ինչ-որ հարցում կաշկանդվածություն չի ունեցել և չունի։

«Ի՞նչ է նշանակում «Լիդիանի» ներկայացուցիչ, ես կառավարության ներկայացուցիչն եմ և իրականացնում եմ իր գործը։ Կրկին շեշտում եմ՝ եթե որևէ կաշկանդվածություն ունենայի ինչ-որ խմբից, կազմից, մարդկանցից, չէի ստանձնի այս աշխատանքը»,- ասաց նա։ Հարցին, թե ի վերջո ինչ դիրքորոշում ունի Ամուլսարի հանքը շահագործելու հարցում, նախարարը պատասխանեց։

«2011 թվականից սկսած որևէ անգամ իմ վերաբերմունքը չեմ փոխել, ասել եմ նույն բանը՝ որպես մասնագետ և բնապահպան կարծում եմ, որ հանքարդյունաբերության այս ծավալների զարգացումը Հայաստանում ճիշտ չէ, որովհետև Հայաստանը կենսաբազմազանության առումով աշխարհի կարևոր վայրերից մեկն է, ու սրանք ուղղակի խոսքեր չեն։ Ես անձամբ կարծում եմ, որ Հայաստանի զարգացման ուղղությունն ավելի շատ պետք է լինի գիտական, ՏՏ ոլորտի զարգացման, սակայն կան գործընթացներ, որոնք սկսվել են նախկինում և էնտեղ կան իրավունքի հետ կապված հարցեր»։

Նախարարը հիշեցրեց, որ դեռ 2009 թվականից սկսած՝ «Ամուլսարի» հանքի շահագործման ընկերությունը փորձաքննության դրական եզրակացություն է ստացել։ Նախարարն անդրադարձավ վարչապետի հանձնարարականով 28 հանքարդյունաբերական ընկերություններում մեկնարկող ստուգումներին։

«Կասկածներ ունենք, որ նախատեսված գործունեությունը, այն ինչի համար ստացել են թույլտվություններ, կարող է չհամապատասխանել իրականացված և ծավալների առումով և աղտոտումների։ Մենք վերցրել ենք այդ կազմակերպությունների բեռնահատկացման ակտերը և համեմատում ենք փորձաքննությամբ տրված ծավալներին, պրակտիկորեն կարող են լինել դեպքեր, երբ փորձաքննության շրջանակում տրվել է շատ ավելի փոքր տարածքի համար գործունեությունը, սակայն ավելին է եղել»,- ասաց նախարարը։

Նախարարը վստահեցրեց, որ ստուգումներ են լինելու բոլոր հանքերում։ Հարցին՝ լինելու են ստուգումներ նաև Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններում, նախարարը պատասխանեց․ «Ի՞նչ կապ ունի, թե հանքն ումն է, որևէ տարբերակում չի լինելու»։


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ