HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատախազը կաշառք ստանալու մեջ մեղադրվող դատավոր Իշխան Բարսեղյանի համար 8 տարի ազատազրկում է պահանջում

Կաշառք ստանալու մեջ մեղադրվող դատավոր Իշխան Բարսեղյանի համար դատախազությունը 8 տարի ժամկետով ազատազրկում է պահանջում։ Դատախազ Կարեն Բիշարյանն այսօրվա դատական նիստին ընթերցեց մեղադրական ճառը։ Ինչ վերաբերում է նույն գործով կաշառքի միջնորդություն կատարելու մեջ մեղադրվող փաստաբան Էլզա Զաքարյանին, դատախազը միջնորդեց ազատել նրան քրեական պատասխանատվությունից՝ իրեն մեղսագրվող արարքում զղջալու հիմքով։

Հիշեցնենք, որ Իշխան Բարսեղյանը ձերբակալվել է 2016-ի հոկտեմբերի 27-ին՝ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում։ Ըստ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության՝ ենթադրյալ կաշառք ստանալու պահին: Առաջադրված մեղադրանքի համաձայն՝ Բարսեղյանը, հանդիսանալով դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատող և մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, քաղաքացի Նորիկ Հակոբյանի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու համար նրանից միջնորդի միջոցով պահանջել և անձամբ ստացել է խոշոր չափերով կաշառք: Խոսքը 1000 ԱՄՆ դոլար կաշառքի մասին է։

Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև փաստաբան Էլզա Զաքարյանին: Վերջինս, ըստ մեղադրանքի, կաշառքի միջնորդություն է կատարել:

Դատաքննության ընթացքում Էլզա Զաքարյանն ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքն ու Իշխան Բարսեղյանի դեմ ցուցմունք տվել։

Դատաքննության ընթացքում Իշխան Բարսեղյանի պաշտպանները բազմիցս ուղղակի կամ անուղղակի կերպով Զաքարյանին մեղադրել են մեղադրանքի կողմի հետ համագործակցելու մեջ, որի նպատակն, ըստ պաշտպանների, Էլզա Զաքարյանի համար բարենպաստ պայմանների ստեղծումն է։

Նշենք, որ եթե դատարանը Զաքարյանին մեղավոր ճանաչի, ապա վերջինս կզրկվի փաստաբանի իր արտոնագրից, բայց, փաստորեն, մեղադրողն այսօր միջնորդեց փաստաբանին ազատել քրեական պատասխանատվությունից, ինչպիսի պայմաններում Զաքարյանի՝ փաստաբանի արտոնագրին վտանգ չի սպառնա։

Մեղադրող դատախազ Կարեն Բիշարյանն այսօր իր ճառում, անդրադառնալով Իշխան Բարսեղյանի մեղադրանքին, նշեց, որ այն հիմնավորվում է գործի քննության շրջանակներում իրականացված բազմաթիվ քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված ապացույցներով, ինչպես նաև օպերատիվ հետախուզական միջոցառման շրջանակներում ձեռք բերված տվյալներով, որոնք  որպես այլ ապացույց են կցվել գործին։

Նշենք, որ կաշառքի վերաբերյալ քրեական գործի շրջանակներում հարցաքննվել են դատավորի օգնականը, նիստերի քարտուղարը, գործավարը, քաղաքացի Նորիկ Հակոբյանը՝ այն անձը, ով դատավորի կողմից իրենից կաշառք պահանջելու վերաբերյալ Ազգային անվտանգության ծառայությանը հանցագործության մասին հաղորդում է տվել ու համագործակցել ԱԱԾ-ի հետ։

Իշխան Բարսեղյանի վարույթում է եղել այն բնակարանի շուրջ վիճաբանության հարցը, որում բնակվում է Նորիկ Հակոբյանը: Այս գործով առաջին ատյանի դատարանը Հակոբյանի վերաբերյալ վտարման վճիռ է կայացրել, որը Վերաքննիչ դատարանում բեկանվել ու ուղարկվել է նոր քննության: Գործով նոր դատավորը եղել է Իշխան Բարսեղյանը, և Հակոբյանի փաստաբան Կիմա Սարյանը հակընդդեմ հայց է ներկայացրել, որի ընթացքի վերաբերյալ տևական ժամանակ հնարավոր չի եղել դատարանից որևէ տեղեկություն ստանալ:

Զաքարյանի խոսքով՝ Նորիկն, ում ինքը նախկինում իրավաբանական աջակցություն է ցույց տված եղել, իրեն խնդրել է գնալ դատավորի մոտ ու հասկանալ՝ ինչ է վերջինիս ուզածը, արդոք պե՞տք է հայցում ինչ-որ բան փոխել:

«Բարսեղյանը հարցրեց` ի՞նչ ձևի մարդ ա, ասացի` խեղճ մարդ ա, հարցրեց՝  ինչի՞ հնարավորություն ունի, ասացի` ոչ մի բանի, ասաց 1000 դոլար թող բերի, կանեմ, հակընդդեմ հայցը վարույթ կընդունեմ, հետո կբավարարեմ», - դատարանում Իշխան Բարսեղյանի վերաբերյալ նման ցուցմունք է տվել Էլզա Զաքարյանը՝ նշելով նաև, որ Բարսեղյանը հենց նույն օրն է պահանջել կաշառքի գումարը:

Այս ամենն, ըստ Զաքարյանի ցուցմունքի, ինքը պատմել է Նորիկ Հակոբյանին, ով նախ բարկացել է, ապա հայտնել, որ համաձայն է։ Սրանից հետո է, որ Հակոբյանը որոշել է դիմել Ազգային անվտանգության ծառայությանը։

Գործի շրջանակներում դատավոր Իշխան Բարսեղյանը ցուցմունք չի տվել։ Վերջինս հայտարարել է, որ ինքն անհավասար պայմաններում է գտնվում թե՛ փաստաբան Էլզա Զաքարյանի, թե՛ դատարանի, և թե՛ դատախազության նկատմամբ։

Մեղադրող Կարեն Բիշարյանն այսօր իր մեղադրական ճառում ընդգծեց, որ դատավորին վերագրվող արարքը վարկաբեկում է պետական կառավարման համակարգը։

Նշենք, որ  դատավոր Իշխան Բարսեղյանին վերագրվող արարքը դասվում է առանձնապես ծանր հանցագործությունների թվին, իսկ փաստաբան Էլզա Զաքարյանին վերագրվող արարքը միջին ծանրության է։

Պաշտպանական ճառերին պատրաստվելու համար ամբաստանյալների պաշտպանները ժամանակ խնդրեցին, և դատական նիստը հետաձգվեց մինչև հունիսի 7-ը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter