HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեղի գետը մտցրել են 6 հէկի խողովակների մեջ, եւս 2-ը կառուցման փուլում են

30 կմ երկարությամբ Գեղի գետի և դրա ավազանի վրա արդեն 6 փոքր հէկ է գործում, ևս երկուսը կառուցման փուլում են: Այս մասին «Հետքին» հայտնել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը:

«Լեռ-Էքս-Էներգիա». Օրբելյանների ընկերությունը

Գեղին Սյունիքի մարզի Ողջի գետի ձախ վտակն է, սկիզբ է առնում Զանգեզուրի լեռնաշղթայի կենտրոնական մասից: Գեղիի վրա գործող 4 փոքր հէկ ունի «Լեռ-Էքս-Էներգիա» ՍՊԸ-ն:

Այս հէկերն օգտագործում են Գեղի գետի և դրա ձախակողմյան Աջիբաջ (Աջաբաջ) ու աջակողմյան Գյարդ (Կարդ, Կարթ) վտակների ջրերը: Հէկերը սեփականատեր ընկերության անունով են՝ «Լեռ-Էքս հէկ-2» (ջրաղբյուրը՝ Գյարդ-Աջիբաջ-Գեղի ՋՄԿ (ջրի մաքրման կայան)), «Լեռ-Էքս հէկ-3» (Գյարդ-Աջիբաջ-Գեղի եւ Գեղի-Գեղի ՋՄԿ), «Լեռ-Էքս հէկ-4» (նույնը, ինչ 3-րդ հէկի պարագայում), «Լեռ-Էքս հէկ-6» (նույնը, ինչը 3-րդ հէկի պարագայում):

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տված լիցենզիաներից, «Լեռ-Էքս հէկ-2»-ին էլեկտրաէներգիայի արտադրման լիցենզիա է տրվել 2006-ին մինչև 2021 թ. գործողության ժամկետով: 3-րդ հէկի ժամկետը 2008-2023 թթ. է, իսկ 4-րդինն ու 6-րդինը՝ 2007-2022 թթ.:

Կապանի խմելաջրի ջրահավաք ավազանը՝ Գեղի գետի վրա
(Աջաբաջ բնակավայրի տարածքում)

Պետռեգիստրի տվյալներով՝ «Լեռ-Էքս-Էներգիա»-ն «Լեռ-Էքս» ՍՊԸ-ի իրավահաջորդ է, բայց նշենք, որ «Լեռ-Էքս» ընկերությունը, ըստ ՊԵԿ-ի, գործող է, լուծարված չէ: Ներկայում ընկերություններն իրար հետ կապ չունեն, սեփականատերերը տարբեր անձինք են:

2007-ին հիմնադրված «Լեռ-Էքս-Էներգիա» ՍՊԸ-ի միակ մասնակիցն այսօր Սուրեն Ձոնիկի Օրբելյանն է, որը, ըստ մեր տեղեկությունների, Կապանի բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Սմբատ Օրբելյանի եղբայրն է: Սուրեն Օրբելյանը ՀՀ քաղաքացի չէ, նա գրանցված է Մոսկվայի Ժուկովի փողոցում: Իր հերթին ընկերության իրավաբանական և գործունեության հասցեն Կապան քաղաքն է: ՍՊԸ-ի տնօրենը 69-ամյա կապանցի Էդիկ Սերգեյի Օրբելյանն է: Այսինքն՝ Գեղիի ավազանում գործող 6 փոքր հէկերից 4-ը պատկանում են Սյունիքում ու հատկապես Կապանում հայտնի Օրբելյաններին:

Եվս մի հէկ, որի տերերը նույնպես պատահական մարդիկ չեն

Հաջորդ փոքր հէկը, որը կոչվում է «Տիգրան և Աշխեն փհէկ-1», կառուցված է Գեղի-Եղվարդ ոռոգման ջրատարի վրա: Պատկանում է «Տիգրան և Աշխեն» ՍՊԸ-ին: Լիցենզիան տրվել է 2010-ին, գործում է մինչև 2025 թ.:

Համաձայն պետռեգիստրի՝ ՍՊԸ-ն 2000 թ. հիմնադրել է կապանցի Արման Աթայանը, ով «Կապան» ջրօգտագործողների ընկերության նախկին տնօրեն Օնիկ Աթայանի որդին է: Արման Աթայանի կինը Կապանի պոլիկլինիկայի (միացվել է Կապանի ԲԿ-ին) ղեկավար Նարա Հարությունյանն է: ՍՊԸ-ն գրանցված է Կապանում՝ Ա. Աթայանի հաշվառման հասցեում:

Արմեն Գևորգյանի հարազատների հիմնած ընկերությունը

Գործող հէկերից առայժմ վերջինը «Էրէմիրէներժի» ՍՊԸ-ի «Գեղի-2» փոքր հէկն է, որն օգտագործում է Գեղիի ջրերը: Էլեկտրաէներգիայի արտադրման լիցենզիայի ժամկետը 2014-2029 թթ. է:

Այս ընկերությունը հիմնադրվել է 2012-ին՝ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի կնոջ պապի և մոր՝ Թելման և Կարմեն Սահակյանների կողմից: 2016-ին միակ սեփականատեր է դարձել 57-ամյա երևանցի Հակոբ Կարապետի Բալախչյանը: ՍՊԸ-ի ներկա հասցեն մայրաքաղաքի Թումանյան 8 շենքն է (Միջազգային բիզնես կենտրոն), որտեղ գրանցված են նույն Բալախչյանին առնչվող ևս երկու ընկերություններ, որոնք հէկերի ոլորտից են: Խոսքը «Վ.Ա.Լ. Էներգո» և «Էրիէմ Էներջի» ՍՊԸ-ների մասին է:

Երկու նոր հէկ՝ Գեղի գետի վրա

Փոխնախարար Հ. Հարությունյանի տրամադրած տվյալներով՝ կառուցման փուլում են գտնվում «Լեռ-Էքս-Էներգիա» ընկերության «Աջիբաջ-6» և «Տելիա Մայնինգ» ՍՊԸ-ի «Աստղաբերդ» հէկերը:

Այսինքն՝ Օրբելյաններն իրենց գործող հէկերի թիվը հասցնելու են հինգի: Նոր փհէկն օգտագործելու է Գեղիի Աջիբաջ վտակի ջրերը:

Ինչ վերաբերում է «Տելիա Մայնինգ» ՍՊԸ-ին, ապա սրան նախկինում անդրադարձել ենք: Ընկերության «Աստղաբերդ» փհէկը գտնվում է Գեղիի վրա՝ Քաջարան համայնքի Նոր Աստղաբերդ և Գեղի բնակավայրերի տարածքում: Հէկի դերիվացիայի՝ խողովակների երկարությունը 5200 մ է, տրամագիծը՝ 1,7 մ: Գեղի բնակավայրի վարչական ներկայացուցիչ Վասիլ Գրիգորյանի փոխանցմամբ՝ շինաշխատանքներն ավարտվելու են հունիսի 15-ին:

«Տելիա Մայնինգ» ընկերությունը հիմնադրվել է 2012-ին Երևանում՝ նախկին գլխավոր դատախազ, այժմ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի միջնեկ որդու՝ Միսակ Հովսեփյանի կողմից: 2015-ին Մ. Հովսեփյանը ՍՊԸ-ն փոխանցել է երևանցի Գևորգ Խաչատրյանին, վերջինս էլ արդեն 2016-ին հանձնել է Կոտայքի Բալահովիտ գյուղի բնակիչ Հակոբ Թադևոսյանին: Նշված անձինք միաժամանակ եղել են նաև ՍՊԸ-ի տնօրենները:

Անվերահսկելի հէկեր

Նախկինում Գեղի գետի ջրերով էլեկտրաէներգիա արտադրելու լիցենզիա են ունեցել նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն («Գեղի փհէկ-1») և «Տասման» ՍՊԸ-ն («Գեղի-1»): Առաջինի ջրաղբյուրը Գեղիի վրա կառուցված նույնանուն ջրամբարի ջրթող խողովակաշարն էր, իսկ երկրորդինը՝ հենց գետը: ԶՊՄԿ-ի հէկի լիցենզիան տրված էր 2010-2014 թթ. համար, իսկ մյուսինը՝ 2005-2013 թթ.: Հավելենք, որ «Տասման» ընկերությունը ներկայում չի գործում:  

Գեղիի ջրամբարը, 2014 թ.

Կապանի «Կայուն զարգացում» ՀԿ-ի նախագահ Արմեն Փարսադանյանի խոսքով՝ Գեղի գետի վրա գործող և կառուցման փուլում գտնվող փոքր հէկերի գործունեության մասին լուրջ մտահոգություններ կան բնապահպանական և գյուղատնտեսական տեսանկյունից:

«Գեղի գետին հարակից բնակավայրերում գյուղացիները չեն կարողանում հողատարածքները ոռոգել, քանի որ բավարար քանակությամբ ջուր չկա: Բավականին ահազանգեր եմ ստացել այս մասին: Այն հէկերում, որտեղ մոնիտորինգ է իրականացվել, գրեթե բոլորում բնապահպանական խախտումներ են հայտնաբերվել, հիմնականում էկոլոգիական թողքի մասով, և շատ դեպքերում դա բացասաբար է ազդում թե՛ բուսական, թե՛ կենդանական աշխարհի վրա»,- նշում է բնապահպանը:

Նա ԲՆ-ին առաջարկում է քայլեր ձեռնարկել, որպեսզի հէկերի գործունեությունն առցանց վերահսկելու համար նոր տեխնոլոգիաներ ներդրվեն: «Եթե քաղաքացիներն առցանց վերահսկելու հնարավորություն ունենան, մեր մտահոգությունները նվազագույնի կհասցվեն: Ինձ ավելի շատ մտահոգում է «Տելիա Մայնինգի» կառուցած հէկը, որի խողովակաշարը 1,7 մետր տրամագիծ ունի: Կապանցիների շրջանում լուրջ մտահոգություն կա այդ հէկի վերաբերյալ, և առաջիկայում նախատեսում ենք Սյունիքի բնապահպանական խնդիրներրի մասին առաջարկություն ներկայացնել կառավարություն»,- ասում է Ա. Փարսադանյանը:

Առաջին լուսանկարում՝ Գեղիի ու Աջաբաջ վտակի միախառնումը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter