HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այն բալիկները, որ շուտ են մեծանում․․․

Ծովինար Բանուչյան

Բոլորս ինչ-որ չափով մանկություն ունենք, բոլորս ինչ-որ մի կտոր պահում ենք այդ մանկությունից կամ ժամանակ առ ժամանակ լսում մեր չարաճճիությունները, հավաքում ֆրագմենտները, ծիծաղում, անցնում։

Մոռանում ենք այն, ինչ չհիշեցրին, բայց մեծերը նույնիսկ չեն էլ կասկածում, որ միշտ հիշվում է այն տեղը, որն ամենաուժեղն է ցավել ու այն անակնկալը, որ սրտին սեղմած քնել ենք։

Բոլորիս ինչ-որ մի կերպ մեծացրել են, ուրախացրել, դաստիարակել, կրթել, երբեմն ոչ դիտավորյալ հիասթափեցրել ու ի վերջո մի օր հասկացել ենք, որ ծնող լինելը իսկապես դժվար է, բայց նույնքան դժվար է երեխա լինելը։

Կան բալիկներ, որ շուտ են մեծանում․․․անթույլատրելի շուտ․․․հանկարծ մի օր (իրենց նույնիսկ պետք չէ ասել) նրանք գիտեն, որ պիտի թաքցնեն այդ շոկոլադը ունենալու ցանկությունը, որ վերջերս նորաձև դարձած խաղալիքը բոլորովին պարտադիր չէ, որ իրենք էլ ունենան, որ խանութում ձեռքերը մեկնած տիկնիկը երբեք քոնը չի լինի, որ ամեն օրվա քո սնունդը կորացնում է մայրիկի, հայրիկի ուսերը, որ դժվար է, շատ դժվար, որովհետև «դուք աղքատ եք» ու գլուխը բարձր պահելը անհրաժեշտություն է հատկապես դպրոցում, որտեղ ամիսը մի քանի զույգ նոր կոշիկ հագնող մի քիթը ցից աղջնակ անպայման հայտնվում է հիշեցնելու համար, որ քո կոշիկները մաշված են։

Բայց այդ բալիկները մեծանում են ու ներում, որովհետև գիտեն, որ մնացածը երեխաներ են, իսկ իրենք այլևս երեխա լինելու «իրավունք չունեն», իրենց կամակորություններ չեն կարող թույլ տալ, իրենք մի մեծ պարտականություն ունեն՝ լինել տան միակ տոնը, իսկ տոն լինելը դժվար է, երբ դու «շոկոլադ չունես»։

Բայց այդ բալիկները, որ շուտ են մեծանում, հաճախ իրենք են իրենց խնամում, հաճախ հոգ են տանում իրենց ընտանիքի մասին, հաճախ իմաստանում են այնքան, որ շրջապատող քաղքենի աշխարհը տանելու համար կարողանում են ժպտալ, միայն թե խեղճ չերևան։

Ամեն անգամ հունիսի մեկին հիշենք, որ սա միայն պաղպաղակ ու խաղալիքներ գնելու, կարուսելներ տանելու օր չէ, սա ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐՆ Է, սա երեխաների մանկությունը պաշտպանելու օրն է: Երեխայի տոն չկա, կա օր, որ հիշեցնում է այն մասին, թե ինչքան կարևոր է, որ հետագայում իր մանկությունը հիշելիս մարդն ասի՝ այն տոն էր։

Աշխարհում կան վաղ մանկությունից շահագործվող, վաճառքի դրվող, պատերազմի ականներով խաղացող բալիկներ․․․աշխարհում չկա պաշտպանված մանկություն, կան երեխաներ, որոնց բախտը բերել է։

Իսկ Հայաստանում հեղափոխություն կլինի այն օրը, երբ մեր երկրում այլևս ոչ մի երեխա քաղցած չի քնի, որովհետև մենք ենք գողին վճարել հարկեր, որ այդ փոքրիկներից գանձի իրենց մանկությունը։

Լուսանկարը՝ Դավիթ Բանուչյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter