HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Կառավարությունը կքննարկի աղետի գոտում ապրող ընտանիքների կիսակառույց տների կառուցման հարցը

Կառավարության այսօրվա նիստին քննարկվում էր Լոռու մարզպետարանին 451 միլիոն դրամ հատկացնելու հարցը, որը պետք է ուղղվեր երկրաշարժի հետևանքով գյուղական բնակավայրերում կիսակառույց բնակելի տներ ունեցող 44 ընտանիքի տների վերջնական կառուցման համար: Սակայն նիստի ընթացքում կառավարության անդամները տեսակետների հակասություններ ունեցան, որի պատճառով հարցը մնաց մեկշաբաթյա քննարկման:

Այդ ընտանիքներին գումարը տրամադրվելու էր որպես ուղղակի ֆինանսական աջակցություն՝ պայմանով, որ նրանք մեկ տարվա ընթացքում պետք է ավարտին հասցնեին իրենց բնակելի տան շինարարական աշխատանքները: 2018 թվականի պետական բյուջեով ծրագրի իրականացման համար հատկացվել է 460 մլն դրամ, որը տրամադրվելու էր մարզի գյուղական բնակավայրերի՝ առավել բարձր պատրաստականության կիսակառույց բնակելի տներ ունեցող ընտանիքներին, քանի որ կառուցապատող «Գլենդել Հիլզ» ընկերությունը սնանկացել է և կառուցապատման աշխատանքները անավարտ են մնացել:

«2008 թվականից հաշվառված աղետի գոտու շահառուների մասով մենք ավարտել ենք Գյումրիի նկատմամբ պարտավորությունները, ապա այս փուլում հաշվառել ենք բոլոր այն գյուղական բնակավայրերը, որոնք 2012-2013 թվականից կառուցապատող ընկերության կողմից սնանկացման պատճառով կիսակառույց են մնացել»,- նշեց հարցը զեկուցող քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը:

Սարգսյանի փոխանցմամբ՝ երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման խնդիրը կլուծվի մինչ 2021 թվական և անհրաժեշտ կլինի 3.5 միլիարդ դրամ: Ասում է՝ կառուցապատող «Գլենդել Հիլզ» ընկերության սնանկացման պատճառով դեռևս 100-ից ավելի տների շինարարություն կիսատ է մնացել:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի կարծիքով՝ գումարը ոչ թե պետք է տրամադրել ընտանիքներին, որպեսզի ավարատին հասցնեն շինարարական աշխատանքները, այլ կառավարությունը պետք է գտնի փոքր և միջին շինարարական կազմակերպություն, որը կավարտի կիսատ մնացած բնակելի տների շինարարությունը.

«Կարծում եմ, որ նման լուծումը շատ ռիսկային է, և եթե այս լուծումով գնանք, խնդիրը իրականում չենք լուծի, այլ ուղղակի կօտարենք: Մարդիկ վարկեր ունեն, ֆինանսական խնդիրներ, և ես շատ կանհանգստանամ, որ խնդիրը այդպես էլ լուծում չստանա: Ես առաջարկում եմ այդ ճանապարհով չգնալ, այլ տենդեր հայտարարել և այս ամառվա ամիսներին՝ մինչ դեկտեմբերի 7-ը, ավարտին հասցնել»,- նշեց Թանդիլյանը:

Վարչապետը կառավարության անդամներին առաջարկեց մեկ շաբաթ ևս տարբեր գերատեսչությունների հետ քննարկել հարցը և մյուս նիստի օրակարգում կրկին ընդգրկել.

«Այս հարցում 7 չափենք, մեկ կտրենք, որպեսզի ռեալ արդյունքների հասնենք»,- նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Դիտարկմանը, թե ինչպես է լուծվելու Գյումրիում երկարշարժի հետևքանով վթարային դարձած տների խնդրի կարգավորումը, Նարեկ Սարգսյանը հայտնեց, որ այդ 3.5 միլիարդ դրամը չի ընդգրկում վթարային դարձած բնակարանների խնդիրի կարգավորման հարցը, քանի որ միայն Գյումրիում երրորդ կարգի վթարայնության 85 շենքեր կան, որոնց լուծման համար մոտ 40 միլիարդ դրամ գումար է անհրաժեշտ:

Շիրակի նախկին մարզպետ, գյուղատնտեսության ներկայիս նախարար Արթուր Խաչատրյանը կառավարության անդամներին հայտնեց, որ բացի գյուղական համայնքներում քանդված բնակելի տների ապահովումից, Գյումրիում ևս երկրաշարժի հետևանքով բնակելի տներ են քանդվել, և եթե գյուղական համայնքներում քանդված տների կառուցման համար փոխհատուցում է տրամադրվում, ապա կառավարությունը պետք է նաև Գյումրիում քանդված բնակելի տների համար փոխահատուցում նախատեսի: Նախկին մարզպետի փոխանցմամբ՝ երկրաշարժի հետևանքով Գյումրիում մոտ 1000 տուն է քանդվել.

«Եթե մենք գյուղական շրջաններում տների հարցը օրակարգային ենք համարում, ապա կարծում եմ՝ նաև պետք է ինչ-որ դրսևորում ցուցաբերենք նաև քաղաքում քանդված սեփական տների նկատմամբ»,-նշեց Արթուր Խաչատրյանը:

Կառավարություն ներկայացված որոշման նախագծում ասվում է, որ երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ 2008-2017 թվականներին Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերի բնակավայրերում շահառու ճանաչված 5381 ընտանիքից մոտ 4839 ընտանիքի բնակարանային խնդիրը լուծվել է: Այդ աշխատանքների համար հատկացվել է 65 միլիարդ դրամ: Իսկ մնացած 500 ընտանիքներին բնակարանով ապահովելու համար պահանջվում է մոտ 4 մլրդ դրամ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter