HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Վարչապետ․ «Էներգետիկ ոլորտի 2 հիմնական ցանցերը չպետք է լինեն նույն սեփականատիրոջ տիրապետության ներքո»

Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի հարցերի անդրադարձավ, որոնցից մեկը վերաբերում էր «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին։

«Մեր դիրքորոշումը հետևյալն է՝ մենք կարծում ենք, որ էներգետիկ ոլորտի 2 հիմնական ցանցերը չպետք է լինեն նույն սեփականատիրոջ տիրապետության ներքո, և մենք պետք է շատ արագ առաջիկայում որոշում կայացնենք կառավարման մեթոդի մասին, պետք է որոշենք՝ պետական կառավարման է մնում, թե հանձնվում է մասնավոր կառավարման»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը հայտարարեց՝ պետք է բացառել, որ մասնավորեցման կամ կառավարման գործընթացում ներգրավված լինի իշխանության հետ առնչվող անձ կամ օֆշորային գոտիներում գրանցված ընկերություն։

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև օրեր առաջ «ՌԵՆԿՈ» ընկերության ներկայացուցիչների հետ տեղի ունեցած հանդիպմանը։

«Նրանք մտադիր են Հայաստանում ջերմաէլեկտրակայան կառուցել, գործընթաց սկսել, պայմանավորվածության համաձայն՝ արդարադատության նախարարությունը պետք է զբաղվեր այդ հարցով, ու հիմա ունենք մտահոգություն, թե կառավարությունն այս հարցում կոնկրետություն չի մտցնում»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանից հետաքրքրվեց՝ հանդիպում եղե՞լ է ու ի՞նչ պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Զեյնալյանն արձագանքեց, որ մի քանի աշխատանքային պաշտոնական հանդիպումներ են եղել ընկերության ներկայացուցիչների հետ, պայմանագիրը հայերեն լեզվով թարգմանված ու դրված է շրջանառության մեջ։

«Խորհրդակցություն ենք անցկացրել նաև էներգետիկայի նախարարության հետ, սպասում ենք էներգետիկայի նախարարության փորձագիտական եզրակացությանը պայմանագրի կապակցությամբ»,-ասաց Զեյնալյանը: Նախարարը նշեց, որ եզրակացությունը կտրամադրվի երկուշաբթի օրը:

Վարչապետի բարձրացրած մյուս հարցը վերաբերում էր օրեր առաջ իր ֆեյսբուքյան էջով հղած ուղերձին, որով նա կոչ էր անում արտերկրում գտնվող հայերին, որոնք պարտադիր զինվորական ծառայություն չեն անցել, վերադառնալ ու զինծառայություն անցնել։ Վարչապետը, դիմելով ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին, հետաքրքրվեց, թե արդյոք օդանավակայանում կա՞ն պատշաճ պայմաններ, որպեսզի քաղաքացիների զորակոչվելու պատրաստակամությունը հավելյալ խնդիրներ չառաջացնի։

Օսիպյանն արձագանքեց, որ տեղում պետք է հանեն հետախուզումը։ Փաշինյանն ասաց, որ պետք է Հայաստան վերադարձած զինապարտը ստորագրի պարտավորագիր, որ ինչ-որ ժամկետների շրջանակում ներկայանում է զինկոմիսարիատ, և եթե այդ պարտավորագրի ժամկետները խախտվեն, այդ դեպքում հետախուզում լինի։

Նիկոլ Փաշինյանը խոսեց նաև իր գլխավորած պատվիրակության՝ Վրաստան այցի մասին:

«Թբիլիսիում ինձ ասացին, որ վերջերս դեպք է եղել, երբ զբոսաշրջիկներով ավտոբուսը Բագրատաշենի անցակետից մուտք է գործել Հայաստանի տարածք, ու մոտավորապես մի 30-40 կմ ավտոբուսը վարելով՝ որոշել են հետ դառնալ, որովհետև վարորդը հրաժարվել է շարունակել ճանապարհը՝ պատճառաբանելով, որ այս ճանապարհներով վարելու դեպքում իր թանկարժեք ավտոբուսը ջարդուփշուր կլինի»,- ասաց Փաշինյանը: Նա տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարից հետաքրքրվեց, թե առաջիկայում ի՞նչ ծրագրեր կան այս հարցով։

«Իջևան-Նոյեմբերյան հատվածի մասին է խոսքը, շատ ահավոր է այնտեղ վիճակը, ուսումնասիրությունները կատարված են, նախագիծը կա, այսօր արդեն տեխնիկան տեղափոխված է այնտեղ, էսօր-վաղը սկսվում է շինարարությունը»,- արձագանքեց նախարարը:

Վարչապետը հստակեցրեց՝ պետք է երաշխավորեն որակը:

«Կառավարությունը պատշաճ կարգով պետք է վերահսկի այդ պրոցեսը, որպեսզի մի ձմեռվա ընթացքում մենք քանդված ճանապարհ չունենանք, ոչ էլ երկու, ոչ էլ երեք»,- ասաց վարչապետը։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ անդրադարձավ Հյուսիս-հարավ մայրուղու՝ չինական ընկերության հետ կապված հարցին․

«Խնդիրը բավականին խորն է, որքանով մենք կարողացել ենք հասկանալ: Մեզ առաջարկվող լուծումներից մեկն առհասարակ կասեցումն է այդ ընկերության հետ որևէ համագործակցությունը, բայց ես չեմ կարծում՝ դա արդյունավետ լուծում է: Այնտեղ, ես կարծում եմ՝ որոշակի կոռուպցիոն խնդիրներ նույնպես կան, և պետք է ուսումնասիրվեն, որպեսզի կարողանանք համապարփակ և ընդհանուր պատկերը ստանալ, որովհետև ոնց հասկանում եմ, այն երկար տարիների պատմություն ունի: Եվ մանրամասն հենց այդ կոռուպցիոն մասերով պետք է ուսումնասիրենք, և ՊԵԿ-ի ու ոստիկանության հետ պետք է խորանանք այդ խնդրի մեջ»,- ասաց փոխվարչապետը:

Նիկոլ Փաշինյանը հորդորեց հնարավորինս արագ լուծումներ գտնել, քանի որ «արդեն 2 տարուց ավելի է, որ այդ ճանապարհահատվածում խնդիրներ կան, ինչը նաև զբոսաշրջության զարգացմանն է խոչընդոտում»։

«Խոսքը Գյումրի-Լանջիկ հատվածին է վերաբերում»,- մանրամասնեց վարչապետը:

Նիստի ավարտին Տիգրան Ավինյանը շնորհավորեց բոլոր երեխաներին` վերջիններիս իրավունքի պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ: Ապա շնորհավորեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին` ծննդյան կապակցությամբ: Կառավարության անդամները ծափահարություններով շնորհավորեցին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter