Երեքշաբթի, 25 սեպտեմբերի

Թավշյա հեղափոխությունն ու Տարոն Մալաքյանը. «Scars on Broadway» բենդի նոր անակնկալը


«Dictator». սա 2-րդ սինգլն է՝ հուլիսին հրապարակվող համանուն ալբոմից: Առաջինը՝ «Lives»-ը, որին արդեն անդրադարձել ենք, հրապարակվեց այս տարվա ապրիլի 23-ին: Երաժշտի «վերադարձը» մեծապես ոգևորեց իր երկրպագուներին: Եվ ահա այսօր՝ հունիսի 1-ին, նա հրապարակեց նոր սինգլը, որով ևս մեկ անգամ հաստատվում է, որ վեցամյա ընդմիջումը խախտած կիթառահարն ու երգահանը մտադիր է այս անգամ ստեղծագործական հստակ ու ակտիվ գործունեություն ծավալել:   

Նոր սինգլի, սպասելիքների ու մի քիչ էլ՝ ոչ երաժշտական տրամադրությունների մասին

երգը կարող եք լսել այստեղ

«Dictator»-ի կազմի ձևավորումն այս անգամ ևս արվել է երաժշտի հոր՝ նկարիչ, պարուսույց Վարդան Մալաքյանի ստեղծած նկարով: Հիշեցնենք, որ նրա նկարներով են ձևավորվել  նաև «System Of A Down» խմբի «Mezmerize» և «Hipnotize» ալբոմները: «Հետք»-ը շուտով ներկայացնելու է նոր ու ծավալուն հարցազրույց աշխարհահռչակ այս երաժշտի հետ: Մինչ այդ՝ մի քանի հարցով անդրադառնում ենք «Dictator» սինգլին:

-Ինչու՞ այս երգը, ինչպե՞ս է ընտրվել 2-րդ սինգլը:

-Կարծում եմ՝ «Dictator»-ը (թարգմ.՝ դիկտատոր-բռնապետ) ուժեղ երգ է, և այդ առումով ազդեցիկ էր որպես սինգլ ներկայացնելու համար:

-Ո՞վ է այդ դիկտատորը, Տարո՛ն, և ի՞նչ ես ուզում քո երաժշտությամբ փոխանցել ունկնդիրներին:

- Պարտադիր չէ այս երգին մոտենալ միայն քաղաքական տեսանկյունից: Բացի դրանից, այստեղ չկա մեկ դիկտատոր, որպես այդպիսին: Տարբեր մարդիկ կարող են տարբեր կերպ ընկալել, և ոմանց համար միգուցե բոլորովին այլ ու առավել կարևոր իմաստ այն ունենա: Մարդիկ կան, ովքեր չեն ուզում, որ թելադրեն իրենց, չեն ուզում ղեկավարվել, վերահսկվել որևէ մեկի կողմից՝ լինի դա կառավարությունը կամ անձնական կյանքում հանդիպող իրավիճակներում՝ ամուսինը, կինը, որևէ ամբարտավան ընկեր և նույնիսկ ընտանիքդ: Կամ միգուցե չեն ուզում, որ կրոնը թելադրողը լինի: Երգը գրելիս ես մտածել եմ հենց այս տեսանկյունից՝ թույլ չտալ, որ վերահսկեն կամ ուղղորդեն մարդուն: Եվ ամեն դեպքում յուրաքանչյուր ոք կարող է զգա ու մեկնաբանի իրեն ընկալելի ձևով:

-Իսկ առաջինը՝ «Lives»-ը, արդարացրե՞ց քո սպասելիքները որպես սինգլ:

- Ճիշտն ասած՝ չեմ կարող վստահ ասել, թե ինչ սպասելիքներ ունեի «Lives»-ից և իր տեսահոլովակից, երբ թողարկվեց այն: Բայց անչափ ուրախ եմ նրա շուրջ ստեղծված տրամադրությունից և բոլոր այն գնահատականներից, որոնք մինչև հիմա հնչել են:

-Քո նոր գործերին, երաժշտությանը ու ծրագրերին սպասում և հետևում են նաև Հայաստանում: Կա՞ առանձնահատուկ մի բան, որ կուզենայիր հաղորդել հայ երկրպագուներիդ:

-Վերջերս Հայաստանը ևս հաղթեց իր բռնապետին, իսկ վերջինս գուցե և ոչ թե մեկ անձ էր միայն, կամ քաղաքական գործիչների խումբ, այլ, ավելին՝ կոռումպացված մի համակարգ, որն այդպես էլ չծառայեց այն բանին, ինչին կոչված էր ծառայելու ի պաշտոնե: Բոլորովին պատահաբար իմ «Lives» երգը, որը բարոյապես վեհ լինելու և մշակութային հպարտ կեցվածքի մասին էր, թողարկվեց ճիշտ այն ժամանակ, երբ հայությունը ոտքի էր կանգնել` իր բողոքն արտահայտելու նույն այդ համակարգի դեմ: Ու ստացվեց այնպես, որ այն ուղերձը, որն ամփոփված էր երգում, իր ասելիքով  կապվեց այդ օրերին տիրող մթնոլորտի խորհրդին. վեհ ու հպարտ գիտակցությամբ թավշյա հեղափոխություն կերտելու ընկալումներին, հաղթանակին, այդ օրերին մարդկանց ներսում տեղի ունեցող տրամադրությանը: Չնայած ապրում եմ սփյուռքում՝ ես շատ կապված եմ իմ արմատներին: Դա արտահայտում եմ իմ ստեղծագործություններով: Անկախ նրանից «System Of A Down»-ի կազմում եմ, թե «Scars on Broadway»-ի՝ ես միշտ երգն ու բանաստեղծությունն եմ ընտրել որպես ինքնաարտահայտման ձև, քաղաքական ասպարեզում հրապարակայնորեն ներգրավվելու փոխարեն: Կարծում եմ՝ «P.L.U.C.K», «Holy Mountains» և «Lives» երգերը գրելիս, և՛ բառերի, և՛ երաժշտության հարցում ինձ ոգեշնչողը իմ այդ ժառանգությունն է:

Լուսանկարները՝ Տարոն Մալաքյանի արխիվից


Գլխավոր էջ

Տպել    |  In English

Մեկնաբանություններ (3)
1. Hagop09:31 - 5 հունիսի, 2018
Daron: u da man! \m/ rock on baby!
2. Paula05:24 - 6 հունիսի, 2018
keep kicking ass! Love you!
3. Timothy08:59 - 6 հունիսի, 2018
Hey, It's good to see new music that can inspire people and I'm glad Daron's one of them. Rock on!
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։