Երեքշաբթի, 25 սեպտեմբերի

GROVF. ստարտափ, որն աշխարհին կօգնի խնայել տարածք եւ էլեկտրաէներգիա


GROVF ինժեներական կազմակերպությունը նախագծում է գեներացված տվյալների պահպանման եւ մշակման պրոդուկտ, որը մոտ 20 անգամ կբեռնաթափի տվյալների կենտրոնները, կրճատելով սերվերների քանակը՝ կխնայի տարածք եւ էլեկտրաէներգիա։

Ստարտափի համահիմնադիրը Հայաստանի տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Հակոբ Արշակյանն է։ GROVF-ի վերաբերյալ մեր զրույցը տեղի է ունեցել մինչեւ Արշակյանի՝ փոխնախարարի պաշտոնում նշանակվելը։

Թվային տվյալներն ու սարքերը աշխարհում աճում են վայրկյան առ վայրկյան։ IBM-ի և Cisco-ի կանխատեսումների համաձայն` համացանցին միացված խելացի սարքերի թիվը 2020 թվականին կաճի 8 անգամ` հասնելով մինչեւ 50 միլիարդ միավորի։

Հակոբ Արշակյանը պատմում է “Internet of things”-ի մասին (բանացանց կամ իրերի համացանց): Ներկայումս գործածվում է մարդկանց ինտերնետը. մարդը գտնում է մեկ այլ մարդու, փոխանակվում ինֆորմացիայով եւ այլն։ Հիմա պատկերացրեք մի իրավիճակ, երբ իրար հետ շփվում են սարքերը, ավտոմատ կարգով փոխանակվում ինֆորմացիայով, գնահատում եւ վերլուծում իրավիճակը, ըստ դրա էլ` գործում։ Ժամանակը բերում է սարքերի ավելացման։ Արհեստական ինտելեկտի համացանցում տվյալների ծավալները ահռելի չափերի են հասնում։ Եվ դրանք պահելու, մշակելու խնդիրը դարձել է արդիական։ Հատկապես ինդուստրիալ սարքերի պարագայում՝ ինֆորմացիան հսկայական է։

«Պատկերացրեք մի գեներատոր, որը գործում է ատոմա- կամ հիդրոկայանում, եւ օրինակ՝ 5 տարի աշխատելուց հետո փչացել է։ Այդ գեներատորի վրա տեղադրված է մի սարք, որը վերլուծում է, թե ինչ պատճառով, ինչի արդյունքում է փչացել գեներատորը։ Այս եւ այլ գեներատորների աշխատանքի կամ խափանման մասին ինֆորմացիան վերցվում եւ վերլուծվում է հատուկ սարքերի կողմից։ Եվ երբ մեկ այլ գեներատոր հայտնվում է այն իրավիճակում, ինչից հետո որեւէ այլ գեներատոր խափանվել է, վառվում է կարմիր լույս, որը զգուշացնում է՝ այս աշխատանքի պայմաններում գեներատորը, օրինակ՝ մեկ ամսից կարող է խափանվել։ Այս ամենը արհեստական ինտելեկտի մասին է՝ ամբողջ տվյալները հասկանալու, դասակարգելու, դրա հիման վրա ախտորոշելու եւ կանխատեսումների համար է։ Սա նման է մարդկանց կողմից ուրիշի փորձը սեփական գործողությունների համար կիրառելը։

Հիմա մեր կազմակերպությունը ստեղծում է տվյալների բազայի շատ մեծ սերվեր»,- ստարտափի մասին խոսում է Հակոբ Արշակյանը։


Հակոբ Արշակյանը

Նա ասում է, որ ներկայումս աշխարհն օգտվում է սովորական համակարգիչներին միացած սերվերներից, տվյալները գրում եւ կարդում է հիշողության վրա։ Երբ տվյալները սովորական են, այդ պրոցեսորները նորմալ աշխատում են։ Երբ տվյալները շատ են եւ արագ են փոփոխվում, անընդհատ մոնիտորինգի կարիք կա: Գործող պրոցեսները, չհասցնելով այդքան տվյալները մշակել, խափանվում են։ Եվ ահա աշխարհը շատ մեծ խնդրի առաջ է կանգնել։ Կանխատեսվում է, որ 2020 թվականին տվյալների աճի ցուցանիշը բազմապատկվելու է 20 անգամ։ Սա նշանակում է, որ եթե 2010 թվականին որոշակի թվով տվյալների մշակման համար անհրաժեշտ է 1 սերվեր, ապա 2020-ին արդեն անհրաժեշտ է լինելու 20 սերվեր։ Նույնքան անգամ ավելի է լինելու հոսանքի ծախսը։ Կազմակերպությունները ստիպված կլինեն 20 անգամ մեծացնել նաեւ սերվերների տարածքը, ավելի շատ գումար նախատեսել դրանց սպասարկման համար եւ այլն։

Այն, ինչ նախագծում է GROVF-ը, հավասար է 10 հատ ժամանակակից սարքի հզորության։ «Սա նշանակում է, որ մենք միանգամից 10 անգամ կրճատում ենք ապագայում հոսանքի, տարածքի, սպասարկման եւ այլ ծախսերը։ Ցանկացած անձ, կազմակերպություն կարող է 2020 թվականին 20 հատ սերվերի փոխարեն օգտագործել մեր նախագծած երկու սարք։ Նոր սերվերները ծախսում են 30 անգամ քիչ հոսանք եւ, այսպես ասած, չեն կախում»,- ասում է Արշակյանը:

GROVF-ը նախատեսում է արդեն հաջորդ տարի համագործակցել 30-40 ինժեներների հետ, եւ մտնել շուկա։ Սարքերն արտադրվելու են Հայաստանում։

Եվրոպական բազմամիլիարդանոց շրջանառություն ունեցող մի քանի կազմակերպություններ պատրաստ են իրենց տվյալների համար որպես շտեմարան կիրառել հայկական սարքը։ Դիստրիբյուտոր կազմակերպությունների հետ քննարկվում է սարքը Գերմանիայի շուկայում վերավաճառելու համար։


Գլխավոր էջ

Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։