Երկուշաբթի, 24 սեպտեմբերի

Ալեքսանդր Իրադյանը կղեկավարի ՀԲԸՄ (AGBU) լարային նվագախումբը



Երեկ ՀԲԸՄ Եվրոպայի գրասենյակի հաղորդակցության բաժնից մամուլի հաղորդագրություն ստացա, որը ներկայացնում էր հունիսի 1-ից 3-ը Բրյուսելում տեղի ունենալիք «Երաժշտական ուիքենդ» ծրագիրը՝ Հայաստանի Առաջին հանրապետության անկախության հարյուրամյակի առիթով։

Հաջորդ պարբերությունը, որտեղ շարադրված էր իրադարձությունների ժամանակագրությունը, ինձ հատկապես հետաքրքրեց։

«Հունիսի 1-ին՝ երեկոյան ժամը 7։00-ին, Բրյուսելի քաղաքապետարանում տեղի կունենա հանդիսավոր արարողություն՝ քաղաքապետի ներկայությամբ։ Այս առիթով ՀԲԸՄ լարային նվագախումբը կտա իր առաջին համերգը՝ կատարելով Էդուարդ Միրզոյանի «Սիմֆոնիա լարային նվագախմբի եւ լիտավրների համար» ստեղծագործությունը՝ դիրիժոր Ալեքսանդր Իրադյանի ղեկավարությամբ»։

Միանգամից երեք նորություն․ արդեն գոյություն ունի ՀԲԸՄ լարային նվագախումբ, Բրյուսելում հնչելու է Միրզոյանի ստեղծագործությունը, եւ լարային նվագախումբը ղեկավարելու է Ալեքսանդր Իրադյանը, ում հետ զրույցների շարքը սկսվել է դեռ 2011թ․-ից՝ հետեւելով վերջինիս կրթական եւ ստեղծագործական զարգացումներին եւ հաջողություններին նախ Հայաստանում, ապա Բելգիայիում եւ Գերմանիայում։

Այս նորությունների առիթով իմ զրույցը Ա. Իրադյանի հետ ներկայացնում եմ ստորեւ։ 

ՀԲԸՄ-ից մամուլի հաղորդագրություն ստացա, որտեղ նշված էր, որ Բրյուսելի քաղաքապետարանում տեղի կունենա ՀԲԸՄ լարային նվագախմբի առաջին համերգը, որը դու ես ղեկավարելու․․․

Հա, հա, այդպես է։ Շատ կարճ պիտի ասեմ, որ զանգ ստացա թավջութակահար Սեւակ Ավանեսյանից, ով Բելգիայի Ազգային նվագախմբի երաժիշտներից էր, հիշում ես, հետո արդեն ՀԲԸՄ Ֆրանսիայի Կատարողական արվեստների բաժնի տնօրեն Քրիստիան Էրբսլո-Փափազյանից եւ ապա առաջարկ ՀԲԸՄ-ի եվրոպական գրասենյակի տնօրեն Նիկոլա Տավիտյանից։

Առաջարկը նոր նվագախումբ ստեղծելու մասին էր, որը կամաց-կամաց զարգացում պիտի ունենա, որպեսզի մեկ օրվա նախագծի իրականացման մաս չմնա։ Ինձ մասնավորապես առաջարկվեց դառնալ լարային նվագախմբի (անսամբլի) գլխավոր դիրիժորը եւ կիսել նաեւ նախագծի գեղարվեստական ղեկավարի պարտականությունները։

Վաղը, փաստորեն, նորաստեղծ նվագախմբի առաջին համերգն է։ Նվագախմբում ազգությամբ հայ երաժիշտնե՞ր են միայն։

Այո, վաղն է լինելու նվագախմբի առաջին համերգը։ Ես չգիտեմ՝ Բելգիայում մինչ այս կատարվել է Էդուարդ Միրզոյանի սիմֆոնիան, թե չէ, բայց ուրախ եմ, որ հենց այս սիմֆոնիան է, որը գուցե պրեմիերա է բելգիացի հանդիսատեսի համար։

Նվագախումբը ինտերնացիոնալ է․ երաժիշտներ կան Բելգիայից, Գերմանիայից, Վենեսուելայից, Իսպանիայից, Բելառուսից եւ Ռուսաստանից։ Կազմի վերջնական ձեւավորման համար մեծ ներդրում է ունեցել Բելգիայում բնակվող մեր հայրենակիցը՝ ջութակահար Հրայր Կարապետյանը, ով նվագախմբի կոնցերտմայստերն է։

Վերջին տարիներին կենտրոնացած ես դիրիժորության ուղղությամբ, բայց մինչ այդ կոմպոզիցիայի բարձրագույն կրթություն ստացած Իրադյանը գրում էր սիմֆոնիա, բալետ, ուներ հաջողություններ Հայաստանում եւ նաեւ Բրյուսելում։ Դադարե՞լ ես այդ ուղղությամբ աշխատել։

Շարունակում եմ․․․ Այն էլ ինչպես։ Հիմա աշխատում եմ մի աննորմալ մեծ օպերա գրելու գաղափարի վրա, որի մասին դեռ շուտ է խոսել, բայց երկու բառով կարելի է ասել, որ սկանդալային ու աղմկահարույց գործ է սպասվում։ Պլանավորել եմ ավարտել 2019թ․-ին։ Տեսնենք՝ Բեռլինի որ օպերային թատրոնը կվերցնի կատարման։ Հիմա բանակցություններ կան, բայց դեռ կոնկրետ պատասխանների մասին հրապարակել ոչինչ չեմ ուզում։

Դիտարկումդ, ամեն դեպքում, ինչ-որ առումով ճիշտ է, դիրիժորությունը հիմա իմ կյանքում առաջին տեղում է։ Ավելին՝ այն երջանիկներից եմ, ով երկու տարվա ընթացքում ահռելի փորձ է ձեռք բերել՝ ղեկավարելով օպերային թատրոններ, երգչախմբեր, ում հնարավորություն է ընձեռնվել կրթական պրոցեսում ղեկավարել  Deutsche Symphonie Orchester-ը, աշխատել Ռոջեր Նորինգթոնի նման դիրիժորների հետ։

Նման հնարավորություն տվել է UDK-ն, առանց որի երիտասարդ դիրիժորի համար ուղղակի անհնար կլիներ նման փորձ ձեռք բերել, ասել, որ պատրաստ է աշխատել ցանկացած նվագախմբի հետ։

Քանի դու նստած ես Բրյուսելի հյուրանոցում, մի քանի պատկեր աչքիս առաջ եկանհիշեցի տարիներ առաջ ինչպես էիր ՀԲԸՄ դիմում գրում Բելգիայի Թագավորական կոնսերվատորիայում սովորելու կրթաթոշակի մի մասն ապահովելու խնդրանքով, հետո թե ինչպես կիսատ թողեցիր կրթությունդ այդտեղ ու մեկնեցիր Բեռլին՝ սովորելու Բարձրագույն Արվեստների համալսարանում (UDK)․․․ Այս ընթացքում Հայաստանում որեւէ կերպ այդպես էլ հանդես չեկար․․․

Հա, գիտես, որ․․․

Պատճառների մասին շատ ենք խոսել, հիմա ուրիշ հարց եմ ուզում տալերբ «Բալկոնում» էիր, ու հարցրեցի «քո եւ Հայաստանի հարաբերությունների» մասին, ասացիր, որ տարիներ շարունակ դրսում մտածելու առիթներ շատ ես ունեցել ու այլեւս իմաստ չես տեսնում խոսել այդ հարաբերություններից, որովհետեւ Հայաստանն անընդհատ գնում է «լեւի», Հայաստանի մշակույթն էլ նույն ուղղությամբ։

Համոզված եմ՝ հետեւել ես Հայաստանում տեղի ունեցած քաղաքական իրադարձություններին, ինչ-որ բան փոխվե՞լ է, նորից մտածել ես այդ «հարաբերության» մասին։

Իհարկե հետեւել եմ իրադարձություններին, ֆիզիկապես ներկա չլինելով հանդերձ՝ փորձել եմ հնարավոր մասնակցություն ունենալ։ Տեղի ունեցածը ներսումս հույսի շողեր է արթնացում, մտածում եմ, որ ինչ-որ բան կարող է փոխվել, բայց դեռ շուտ է խոսել դրա  մասին․ երկար ու բարդ պրոցես է սպասվում։

Ամեն դեպքում ինձ համար մի բան հստակ է․ այն մարդիկ, ովքեր ձեւավորել են այդ «լեւի» հարաբերությունները եւ գտնվում են դրա հիմքերում, պիտի հասկանան, որ այստեսակ իրականություն ունեցող նոր Հայաստանում այլեւս իրենց պատկերացրած «արդյունավետությունը» չի աշխատելու եւ, սա հասկանալով, պիտի հեռանան։

Դասական երաժշտությունը ներկայացնողների մասի՞ն ես հիմա խոսում։ Խնդիրն անձնավորվա՞ծ է։

Խնդիրը ոչ թե կոնկրետ մարդկանց հետ է, այլ այն համակարգի, որը թույլ է տվել մենաշնորհներ ձեւավորել մշակութային դաշտում։ Ես ինձ իրավունք չեմ վերապահում ասելու, թե ով ինչ է անում ոլորտում եւ քննադատությամբ հանդես գալու ցանկություն հիմա ամենեւին չունեմ։

Ուղղակի հարցդ, որ ակնկալում է պատասխան, ինձ համար էլ դեռ հարց է։ Ես ուզում եմ հավատալ, որ նոր կառավարության մոտեցումներն ու քաղաքականությունը կտանի նրան, որ համակարգային խնդիրները չեն չափվի մեկ մարդու կարողություններով ու կապերով, ուզում եմ հավատալ, որ մշակութային բոլոր ոլորտներում հնարավոր կլինի գործել ըստ ծրագրային առաջնահերթության, որն էլ իր հերթին թափանցիկ կերպով հնարավորություն կտա արվեստագետին ներկայանալու եւ ներկայացնելու իր ստեղծագործությունն ու պոտենցիալը։

Այդտեղ՝ Եվրոպայում նման խնդիր չկա՞։ Գոնե Բելգիայի եւ Գերմանիայի օրինակով կարող ես համեմատության եզրեր տանել։

Նման խնդիրներ ամենուր են, եւ մասնագիտությունն էլ սահմանափակ տեղեր ունի ինչ-որ մեկին գրկաբաց ընդունելու համար, բայց երկու տարվա ընթացքում տեսա, թե իմ կոլեգաները, ովքեր կրթվել են UDK-ում, ինչպես են վերադառնում իրենց երկիր՝ ստանալով գործնական հետաքրքիր առաջարկ իրենց փորձով նոր բան սկսելու համար։ Ստացվում է՝ իրենց երկիրն սպասում է իրենց։

Ես արդեն հայտարարեցի, որ պատրաստ եմ Հայաստան վերադառնալ թեկուզ ոչ մշտական բնակություն հաստատելու, բայց նոր ու թարմ շունչ բերելու հաստատակամ նպատակով։

Նորընտիր վարչապետը շատ է խոսում հայերի վերադարձի մասին, հետեւում եմ ընթացքին, զարգացումներին, բայց իմ դաշտի սպեցիֆիկան ուրիշ է․ բիզնես չէ, որ ներդրում անես եւ մրցակցես մյուս բիզնեսմենների հետ։

Հիմնական երկու հարցերի շուրջ զրուցեցինք, կարող ենք այդքանով էլ եզրափակել մինչեւ մյուս ինֆորմացիոն հետաքրքիր առիթը։ Ամեն դեպքում հիմա բոլորն են խոսում «բաց» քաղաքականության մասին, եւ գուցե որպես դիրիժոր կամ կոմպոզիտոր դու էլ հանդես գաս քո բաց առաջարկներով։

Կարճ պատասխանեմ այս հարցին, որովհետեւ կարեւոր է․․․ Տարիներ շարունակ կոմունիկացիայի խնդիրներ են եղել․ ինձ համար ցավալի տեսարաններ եւ հանդիպումներ, երբ քեզ խոստանում եմ ինչ-որ բաներ, երբ անձնավորված հարաբերություններ են ստեղծվում, երբ «կաստայական» մտածելակերպից դուրս ոչ մի գործողություն տեղի չի ունենում․․․ Ես հասկանում եմ, որ հիմա Հայաստանում ահռելի փոփոխությունների սկիզբ է դրվել, հասկանում եմ նաեւ, որ պիտի հետեւել ու համոզվել, տեսնել այդ փոփոխությունները իրագործման ճանապարհին։

Եթե շատ սուբյեկտիվ, իմ դաշտին վերաբերող միայն մեկ արտահայտություն անեմ, որով ցույց կտամ, որ միտված եմ այդտեղ թարմ շունչ հաղորդելու, հետեւյալն է․ «Մոցարտի սիմֆոնիան միշտ կարեւոր է, բայց այն անընդհատ կրկնել ու էլի կրկնել չի կարելի․ աշխարհում ստեղծվում է ժամանակակից դասական երաշտություն, աշխարհը դասականը ներկայացնում է նոր ձեւաչափերով եւ աշխարհը ռիսկի տակ չի դնում Մոցարտին։ Հայաստանում էլ սա պիտի ընդունեն ի գիտություն»։

ՀԳՀԲԸՄ լարային նվագախմբի առաջին համերգին կարող եք հետեւել ուղիղ եթերով՝ այստեղ։

Լուսանկարների հեղինակ՝ Պետեր Ադամիկ (Peter Adamik)


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ