Չորեքշաբթի, 19 սեպտեմբերի

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը մեղադրվում է Էրեբունիում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ



Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին և Էրեբունիում ապրիլի 22-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների առթիվ հարուցված քրեական գործով ձերբակալված մյուս 4 անձանց մեղադրանք է առաջադրվել: Այս մասին «Հետքին» ասաց Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը: Դավիթ Համբարձումյանը մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու և դրանց մասնակցելու մեջ, իսկ ձերբակալված մյուս 4 անձինք, որոնց թվում' Մասիսի փոխքաղաքապետ Կարեն Օհանյանը մեղադրվում են զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ:

Հիշեցնենք, որ ապրիլի 22-ին' այն բանից հետո, երբ ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանն ու Սասուն Միքայելյանը Էրեբունիում ձերբակալվել են, դիմակավորված քաղաքացիական հագուստով անձինք մահակներով ու քարերով հարձակվել են երթի մասնակիցների վրա, բռնություն կիրառել ցուցարարների նկատմամբ, հայհոյել ու էլեկտրահարել նրանց: Դեպքին ականատես են եղել նաև ոստիկաններ, որոնք չեն միջամտել: Այս դեպքով քրեական գործը հարուցվել է զանգվածային անկարգության հոդվածով:

Սոնա Տռուզյանը մեզ հետ զրույցում ասաց, որ քննիչը գործով անցնող մեղադրյալներին կալանավորելու միջնորդությամբ դիմել է դատարան, տեղեկացրեց նաև, որ այսօր այս գործի շրջանակներում ձերբակալվել է ևս մեկ անձ:

Քաղաքապետի հարազատներն ու մտերիմները հավաքվել են Կենտրոնի դատարանի դիմաց, որտեղ այսօր նախատեսվում է քննել քաղաքապետի ու ձերբակալված մյուս անձանց կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ