Երեքշաբթի, 25 սեպտեմբերի

Սուպերմարկետների ներկայացուցիչները վարչապետի հետ հանդիպում են պահանջում



Մի շարք առևտրային ցանցերի ներկայացուցիչներ բաց նամակով դիմել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով  թանկացումներից խուսափելու և ստեղծված իրավիճակը քննարկելու համար հնարավորինս սեղմ ժամկետներում հանդիպում կազմակերպել:

Վարչապետին ուղղված բաց նամակի տակ ստորագրել են 11 առևտրային ցանցերի ներկայացուցիչներ՝ ողջունելով  կառավարության կողմից որդեգրած առևտրային գործունեություն իրականացնող տնտեսվարողին օրինական դաշտ բերելու քաղաքականությունը: Սակայն նրանք վարչապետին տեղեկացրել են, որ խոշոր առևտրային ցանցերի գործունեությունը, այդ թվում` գյուղմթերքի գների կայունությունը հայտնվել է ռիսկի տակ՝ հաշվի առնելով մի շարք սկզբունքային հանգամանքներ:

Առևտրային ցանցերի ներկայացուցիչները վարչապետ Փաշինյանին տեղեկացրել են, որ մթերային ցանցային խանութները ՊԵԿ-ի թույլտվությամբ բացել են ԱՁ-ներ և գյումթերքի շրջանառությունն իրականացրել այդ ԱՁ-ների միջոցով, որի համար սահմանվել է 5 տոկոս շրջանառության հարկ: Հայտնել են, որ, օրինակ, եթե գյուղմթերքը գյուղացուց գնել են 1 000 դրամով և վաճառել 1 100 դրամով, հարկային մարմին որպես շրջանառության հարկ վճարել են 55 դրամ, մինչդեռ եթե ցանցերը գործունեություն ծավալեին առանց ԱՁ-ների, ապա վերջիններս պետք է ընդհանուր գնից վճարեին 20 տոկոս ԱԱՀ, որի պարտավորությունը կրելու էր սպառողը, ինչն էլ իր հերթին բերելու էր գյուղմթերքի բավական անհիմն թանկացումների: «Ստացվում է, որ Պետական եկամուտների կոմիտեն գյուղմթերքի դիմաց ցանցերի շահույթի զգալի մասն արդեն իսկ գանձել է, և հիմա պահանջում է ևս 20 տոկոս հարկի վճարում նախկին շրջանառությունից, որը ցանցերը չեն աշխատել»,-բաց նամակում նշել են ցանցերի ներկայացուցիչները:

Նրանց հավաստմամբ՝ այս իրավիճակը կարող է հանգեցնել այլ երկրներից ներկրվող գյուղմթերքի էական քանակի ավելացման, որը կվնասի տեղական շուկային: Նրանք Փաշինյանին հայտնել են, որ այս պահին վտանգված է թե՛ առևտրային ցանցերի անցնցում գործունեությունը, թե´ աշխատատեղեր ապահովելու խնդիրը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված ցանցերում աշխատում է շուրջ 10 000 քաղաքացի: Ներկայացուցիչները վարչապետին առաջարկել են այս խնդիրը կարգավորելու համար օրենսդրական լուծումներ նախաձեռնել:

Բաց նամակի տակ ստորագրել են «Երևան Սիթի», «Նոր զովք», «Կայզեր», «Կրպակ», «Սաս գրուպ», «Պարմա», «Ծիրան», «Էվրիկա», «Վաս գրուպ», «Դանիելյան», «Շիրակ» սուպերմարկետների ցանցերի ներկայացուցիչները:

Հավելենք, որ օրեր առաջ Ազգային անվտանգության ծառայությունը պարզել էր, որ «Երևան սիթի» սուպերմարկետների սեփականատեր «Ալեքս Հոլդինգ» ընկերությունը, հանդիսանալով ավելացված արժեքի հարկ վճարող կազմակերպություն, դեռևս 2016 թվականի վերջին, տեղական գյուղմթերքի գնաճ չառաջացնելու պատրվակով, համաձայնություն է ձեռք բերել ՊԵԿ նախկին ղեկավարության հետ` գյուղացիներից գնված գյուղմթերքի վաճառքը «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցից իրականացնել տարբեր անձանց անվամբ հիմնադրված ԱՁ-ներով, որոնց իրացման շրջանառության սահմանաչափը 115 մլն դրամ է, ինչը հնարավորություն է ընձեռել 20 տոկոս ԱԱՀ-ի և շահութահարկի փոխարեն վճարել ընդամենը 2 տոկոսի չափով շրջանառության հարկ:

ԱԱԾ տվյալներով՝ «Ալեքս Հոլդինգ»-ի ղեկավար կազմը, 2018թ. հունվարից մինչև մայիս ամիսը ներառյալ, ինչպես իրենց ընկերության աշխատակիցների, այնպես էլ վերջիններիս ընտանիքների անդամների և ծանոթների անվամբ, հիմնականում նույն նոտարի մոտ, գրանցել է 461 ԱՁ, որոնք գործունեություն են ծավալել «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում:


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (3)
1. Տիգրան19:44 - 1 հունիսի, 2018
Իսկ, ոնց՞ են աշխատում միջին և մանր խանութները։ Ինչ տարբերություն թե որ ապրանքի վաճառքից ես ԱԱՀ վճարում։ Թող շուկաներում գինը լինի ավելի ցածր քան ցանցերում՝ և գյուղացին կօգտվի և պետությունը։
2. haj20:31 - 1 հունիսի, 2018
Մարդիկ իրավունք ունեն և ճիշտ են ասում; ԱԱծ-ը իզուր տեղը մեծ աղմուկ է ստեղծում;Պաշտոնյաների վերցրած կաշառքները թողած․․․ատկատները․․․
3. Hayk Avetikyan23:44 - 1 հունիսի, 2018
Անօրինությունը տեղ չունի մեր երկրում։ Թող անեն էնպես, ինչպես մեր բակի Վարսիկն է անում իր կրպակում։ Էդ քսան տոկոսը ոնց լափել են պիտի արդեն վճարեն պետությանը։ ...
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ