HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետ Փաշինյանի այցը Վրաստան. նոր ուղերձներ և սպասելիքներ

Վահե Սարգսյան

ՀՀ նորընտիր վարչապետ Ն. Փաշինյանի առաջին պաշտոնական այցը Վրաստան էր։   Այցի երկրորդ օրը՝ մայիսի 31-ին, վարչապետն այցելեց նաև հայաբնակ Ջավախք, ինչն աննախադեպ էր վերջին տասնամյակների համար, եթե հաշվի առնենք, որ Ն. Փաշինյանը համարվում է պետության առաջին դեմքը: Իսկ ՀՀ առաջին դեմքը, հանձինս նախագահ Լ. Տեր-Պետրոսյանի, վերջին անգամ Ջավախք (ք. Ախալքալաք) էր այցելել ուղիղ 22 տարի առաջ ճիշտ այս օրերին` հեռավոր 1996թ. հունիսի սկզբին: Այդունադերձ, ՀՀ ղեկավարների 22-ամյա ընդմիջմամբ տեղի ունեցած սույն այցերը Ջավախք ունեցել են տարբեր շարժառիթներ: 1990-ական թթ. կեսերին Ջավախք գործուղված բազմաթիվ վրացի դիտորդների զեկուցագրերում նշվում էր այն մասին, որ Թբիլիսիի իրավասությունները փաստացի չէին տարածվում Ջավախքի վրա: Ահա սա էր գլխավոր հիմնախնդիրը, որի այս կամ այն ձևով լուծման գործում տվյալ շրջանում շատ մեծ էր պաշտոնական Երևանի դերակատարությունը, իսկ նախագահ Լ. Տեր-Պետրոսյանը կարող էր խաղալ «հաշտարարի» դեր: Եվ այս հիմնախնդրի` հօգուտ Վրաստանի լուծման գործում Էդ. Շևարդնաձեի կողմից մեծապես կարևորվեց ՀՀ-ի հետ կայուն հարաբերությունների հաստատումը: Էդ. Շևարդնաձեի ուղեկցությամբ Լ. Տեր-Պետրոսյանի` Ախալքալաք կատարած այցը խորապես պայմանավորված էր նաև ՀՀ-ում շուտով (սեպտեմբերի 22) տեղի ունենալիք նախագահական ընտրություններով, և Լ. Տեր-Պետրոսյանը, քաջ գիտակցելով ՀՀ-ում ապրող հարյուր հազարավոր ջավախահայության դիրքորոշման կարևորությունն իր հաղթանակի գործում, ձգտեց դրական կարծիք ձևավորել իր անձի հանդեպ հենց Ջավախքից: Նա անգամ չի թաքցրել այդ մասին և Ախալքալաքում կատակով նշել է, որ իր նախընտրական քարոզչության մեկնարկը տրվեց Ջավախքից:

22 տարի անց ՀՀ նոր ղեկավարի՝ Ջավախք այցի հանգամանքներն իրապես տարբեր են: Այստեղ խոսք չի կարող լինել առաջիկայում սպասվող ընտրություններին ՀՀ վարչապետի` ջավախահայությանն իր կողմը գրավելու ցանկության մասին, առավել ևս, որ այդ ընտրությունների անցկացման տարեթիվն ու ձևաչափը դեռ խիստ անորոշ են: Դատելով Ն. Փաշինյանի` Ջավախքի բնակավայրերում հնչեցրած մտքերից` հարկ է նշել, որ վարչապետը հայտարարեց միջպետական հարաբերությունների նոր որակի ստեղծման մասին, որն իր դրական հետքն է թողնելու նաև Ջավախքում: Փաշինյանը նաև հանդես եկավ ջավախահայությանն ուղղված շնորհակալանքի և երախտագիտության ուղերձներով, որոնցում արժևորվեց ջավախահայության մասնակցությունը ապրիլ-մայիսյան համաժողովրդական շարժմանը:

Վերջին շրջանում բարձրաստիճան փոխայցերի ժամանակ երկու երկրների տարբեր գերատեսչությունների միջև միջպետական պայմանագրեր հազվադեպ են կնքվել կամ ընդհանրապես չեն կնքվել: Երևի թե իմաստ էլ չկար կնքելու նոր պայմանագրեր. ՀՀ-Վրաստան միջպետական հարաբերությունների նախորդ շրջանի վերլուծությունը ցույց է տվել, որ հարցերն ավելի շատ կարգավորվել են անձնական շփումների միջոցով, իսկ կնքված շատ պայմանագրեր երբեք չեն գործել` հանդիսանալով սոսկ արարողակարգային զարդ: ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանի այցը ևս այս մասով աչքի չընկավ. այն ավելի շատ ճանաչողական բնույթի էր: Ն. Փաշինյանի այցի պարագայում միջպետական պայմանագրերի կնքման բացակայությունն ինքնին հասկանալի է, քանի որ ՀՀ նոր իշխանությունները ՀՀ-ում ստեղծված բոլորովին նոր իրողություններին համահունչ կերպով ձգտեցին նոր ազդակներով և ուղերձներով հանդես գալ վրացական իշխանությունների առջև` դրանով նոր հողի վրա տեղափոխելով միջպետական հարաբերությունները: Նախորդ հրապարակումներում փաստել էինք, որ Փաշինյանի կառավարությունը, ի տարբերություն նախորդի, բոլորովին այլ ընկալումներ ունի վրացական իշխանությունների մոտ, որը կուտակված բազմաթիվ հիմնահարցերի լուծման հույսեր է ներշնչում: Այս մեր համոզումը փաստվեց այցի ընթացքում Վրաստանի ղեկավարության կողմից հնչեցված մտքերով, երբ և' վարչապետ Կվիրիկաշվիլու, և' նախագահ Մարգվելաշվիլու կողմից հատուկ շեշտվեցին Փաշինյանի` ժողովրդական լայն հեղինակություն վայելելու և ժողովրդավար գործիչ լինելու հանգամանքը:

Ենթադրելի է, որ բարձրաստիճան հանդիպումներում  քննարկվել են նաև այնպիսի հարցեր (որքանով որ դրանք կտեղավորվեին առաջին ծանոթության շրջանակներում), որոնք չարտացոլվեցին պաշտոնական այցի հրապարակային մասում:  Փոխարենը ՀՀ վարչապետն իր հրապարակային ելույթներում ուներ կոնկրետ ուղերձներ, որոնցից կարելի է եզրակացնել հետևյալը.

  1. ՀՀ-Վրաստան հարաբերություններում ստեղծված ջերմ և անկեղծ մթնոլորտը պետք է կապիտալիզացվի և կիրառվի միջպետական հարաբերությունների բոլոր ոլորտների վրա,
  2. Ինչպես ՀՀ-ն, այնպես էլ Վրաստանը պետք է ապացուցեն, որ սեփական քայլերում չկան թիկունքային հարվածներ, չկան սադրիչ և թշնամական բնույթի գործողություններ,
  3. Մինչ այժմ գոյություն ունեցած կասկածանքի և անվստահության տարրերը պետք է տեղի տան անկեղծ և կառուցողական քննարկումներին,
  4. Պետք է վերակազմավորվեն այն բոլոր գործիքները, որոնք կարգավորում են միջպետական հարաբերությունների մի շարք ոլորտներ: Այստեղ կարևորվեց հատկապես վերջին շրջանում անարդյունավետ գործող կամ գրեթե չգործող միջկառավարական տնտեսական և միջխորհրդարանական հանձնաժողովների գործունեության ինտենսիվ վերսկսումը,
  5. ՀՀ-ն ամեն կերպ աջակցելու է ջավախահայության արժանապատիվ կյանքի կազմակերպմանը, և այստեղ այլ ենթատեքստեր փնտրելը հարիր չէ առկա բարեկամությանը,
  6. Վրաստանը պետք է ջանքեր գործադրի, որպեսզի աշխարհասփյուռ ջավախահայության շրջանում ևս սկսվի ներգաղթի գործընթաց, ինչպես դա տեղի է ունենալու ՀՀ-ում, իսկ դրա համար Վրաստանի իշխանությունների կողմից և ՀՀ իշխանությունների աջակցությամբ Ջավախքում պետք է ստեղծվեն հոգևոր և տնտեսական լավագույն պայմաններ,
  7. Ջավախահայությունը պետք է շարունակի ամուր կանգնել հայրենի հողի վրա, նեցուկ կանգնի սեփական պետության` Վրաստանի հզորացմանը, միաժամանակ իր թիկունքում զգալով հաղթանակած ՀՀ-ի գոյությունը:   

Ն. Փաշինյանի գլխավորած կառավարական այցը Վրաստան իսկական «ձնհալ» առաջացրեց հատկապես հայաբնակ Ջավախքում: Հանրությունը տեսավ, որ քաղաքական կամքի առկայության դեպքում ՀՀ առաջին դեմքը կարող է իր տիկնոջ ու բարձրաստիճան այլ անձանց հետ շրջել Ջավախքի հեռավոր գյուղերով, ջերմ խոսքերով ողջունել հայրենակիցներին, լուսանկարվել, համբուրել փոքրիկներին և այլն: Այդ նույն կամքի առկայության դեպքում ՀՀ բարձրաստիճան գործիչները` նախարարներ և այլք, կարող են շրջել Ախալքալաքի փողոցներով, ճաշել հասարակ սրճարանում, հանդիպել կրթամշակութային կենտրոններ, հոգատար ձեռքերով փաղաքշել սաներին, լուսանկարվել, ծանոթանալ խնդիրներին ոչ թե պաշտոնական զեկուցագրերից, այլ կենդանի շփումներով: Բազմաթիվ խնդիրների պայմաններում ապրող ջավախահայության համար, կարծում ենք, ոչ պակաս կարևոր են այսպիսի այցերը: Մյուս կողմից` վրացական իշխանությունները, տեսնելով այս ամենը, պետք է արմատապես վերացնեն այն կասկածանքի և անվստահության մթնոլորտը, որն առկա է հայության հանդեպ` ընդհանրապես, իսկ Ջավախքում` մասնավորապես: Վրաստանի իշխանությունները, կարծում ենք, այսպիսի այցերով և շփումներով պարտավոր են համոզվել, որ ՀՀ ղեկավարը, նախարարը կամ պաշտոնյան ոչ թե «վտանգավոր», «անջատողական» կամ «ռուսական» հորջորջվող հրահրիչ է, որին պետք է հետևել, անհապաղ մեկուսացնել և ամեն կերպ բացառել հանրության հետ վերջինիս շփումները, այլ սովորական մարդ է, հարևան, բարեկամ, քրիստոնյա, իսկ Ջավախքում կամ Վրաստանի մայրաքաղաքում ապրող հայության շրջանում վերջինիս ունեցած հետաքրքրությունները բացառապես հումանիտար են և չեն հետապնդում հետին նպատակներ:  

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter