HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մանե Գևորգյան

Հայկական ստարտափ ակադեմիայի երկրորդ շրջանի ամփոփումը

Մանե Գեւորգյան

Մայիսի 30-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում Հայկական ստարտափ ակադեմիայի 13  շրջանավարտները ներկայացրին իրենց ստարտափները։

Հայկական ստարտափ ակադեմիան Catalyst հիմնադրամի նախաձեռնություններից է, որն իրականացվում է Եվրոպական Միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) կողմից համաֆինանսավորվող և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ իրականացվող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (SMEDA) ծրագրի շրջանակում։

Ակադեմիայի համահիմնադիր Համբարձում Քաղկեցյանը ներկայացրեց ակադեմիայի երկու շրջանների գործունեության արդյունքները։

Մինչեւ այս պահը ծրագիրն ունեցել է 36 մասնակից ստարտափ եւ 25 շրջանավարտ։ Ծրագրում ներգրավված է եղել 90 ձեռնարկատեր, կազմակերվել է 350 առանձին հանդիպում ստարտափերների հետ, իրականացվել 100 դասընթաց ու սեմինար, որոնք վարել են 50-ից ավել մասնագետներ։ Արդյունքում՝ 4 ստարտափ ստացել է ներդրում, 7-ը` ներդրումներ ստանալու փուլում է, իսկ 8-ը նախատեսում է ստանալ ներդրում առաջիկա 6-9 ամիսների ընթացքում։

Երկրորդ շրջանի մասնակից ստարտափները ծրագրի 12 շաբաթների ընթացքում, տարբեր չափանիշների համաձայն, ստացել են որոշակի միավորներ: Ամենաշատ միավորներ ստացած ստարտափը շուտով կունենա 5 շաբաթով Սիլիկոնյան հովիտ մեկնելու եւ Դրեյփեր համալսարանի ստարտափների կրթական ծրագրին մասնակցելու հնարավորություն։

Այս շրջանի մասնակից ստարտափներն էին՝ LuMan, Cardy, Cookmenu, Quest Tour, Winenet, Io Cars, ForestBerg, AdvPortal, ForgeFiction, Holotec , ERP Smart System, Growflex, HelloSIM-ը։

LuMan-ը ուսուցողական փափուկ խաղալիք է, որին կից` հատուկ մշակված հավելված կա։ Խաղալիքի դեմքի հատվածում անհրաժեշտ է տեղադրել հեռախոսն ու միացնել մասնագետների կողմից նախապես մշակված անիմացիոն ծրագրերը, որոնք խորացնում են երեխայի գիտելիքները շրջակա միջավայրի, առողջ ապրելակերպի վերաբերյալ ու ձեւավորում առողջ սովորույթներ։ Խաղալիքը ներկայացնում է նյութը, հետո ստուգում, թե որքանն է երեխան յուրացրել։ Բացի այդ, հավելվածը երեխային դրսում խաղերի միջոցով շրջապատը բացահայտելու առաջադրանքներ է տալիս, ինչի շնորհիվ երեխան հեռախոսից կախվածության մեջ չի լինում։

Cardy-ն բջջային հավելված է, որը թույլ է տալիս թվայնացնել բիզնես քարտն ու միեւնույն ժամանակ տարբեր միջոցառումների ժամանակ տեսնել շրջապատող մարդկանց բիզնես քարտերը։ Այն հեշտացնում է  նոր ծանոթություններ ստեղծելու գործընթացն ու թույլ տալիս տեղում արագ կողմնորոշվել, թե ում է պետք մոտենալ։ Cardy-ն կարող է նաև օգտագործվել բիզնեսի տեսանկյունից՝ տեղայնացված գովազդ ցուցադրելու համար:

Cookmenu-ն հարթակ է` նախատեսված անհատականացված բաղադրատոմսեր տրամադրելու համար։ Անհրաժեշտ է ստեղծել անձնական էջ հավելվածի կամ կայքի միջոցով ու, օրինակ, նշել, թե որ մթերքներից ունեք ալերգիա կամ որոնք պարզապես չեք սիրում։ Ծրագիրը կառաջարկի բաղադրատոմսեր՝ հիմք ընդունելով անհատական ցուցումները։ Զուգահեռաբար մարդ կարող է հավելվածում ներմուծել ձեռքի տակ եղած մթերքների անունները, ու ծրագիրը կառաջարկի, թե տարբեր խոհանոցներին հատուկ ինչ ուտեստներ կարող է պատրաստել՝ տրամադրելով համապատասխան բաղադրատոմսեր։ Այն նաեւ հուշում է՝ ինչ կարելի է պատրաստել կոնկրետ ժամանակահատվածում, օրինակ՝ 5 րոպեում։

Quest Tour-ը տրամադրում է հարթակ, որտեղ ստեղծագործ մարդիկ կարող են հեշտությամբ ստեղծել խաղի բովանդակություն, իսկ այլ մարդիկ կարող են ընտրել այդ խաղերից՝ քուեսթներից մեկն ու դրանով բացահայտել շրջապատի մշակութային ու պատմական արժեքները։ Այն կարող է օգտագործվել ինչպես կրթական, այնպես էլ, օրինակ, զբոսաշրջությունը զարգացնելու  նպատակով։ Զբոսաշրջիկները պարզապես ուղեկցորդներին լսելու փոխարեն Քուեսթի միջոցով կբացահայտեն տվյալ քաղաքի, տարածաշրջանի ամենայուրահատուկ անկյունները։

Winenet ստարտափը գինեսերների համար է։ Այն շատ լավ գործիք է սիրելի գինեների մասին տեղեկություն հավաքելու, անծանոթ գինիների պիտակների վրա հեռախոսը մի վայրկյան պահելու եւ տեղեկություն ստանալու, ինչպես նաեւ  գինիների մասին գինեգործների, մասնագետների կարծիքին ծանոթանալու համար։ Այն հնարավորություն է տալիս տարբեր երկրներում տեսնել գինիներին առնչվող բոլոր միջոցառումները, շրջայցերն ու դրանց մասնակցության տոմսեր կամ սեղաններ ամրագրել։ Winenet-ը նաեւ մեծ առցանց շուկա է, որտեղ կարելի է գտնել ու գնել հատուկ գինիներ, որոնք չեն վաճառվում սովորական խանութներում։

Io Cars-ը երկու պրոդուկտ է ներկայացնում։ Նախ՝ սարք, որը տեղադրվում է մեքենայում ու ապահովում անվտանգությունը։ Այսինքն՝ սարքը ավտոմատ նկատում, հայտնաբերում է տարբեր իրավիճակներ, օրինակ` ավտովթարներ ու այդ մասին հաղորդագրություն ուղարկում նախապես գրանցված հեռախոսահամարներին, այդ թվում՝ արտակարգ իրավիճակների համապատասխան մարմիններին։ Բացի այդ, Io Cars-ը հնարավորություն է տալիս գործի դնել մեքենայի շարժիչը, տաքացնել կամ սառեցնել սրահը, բացել կամ փակել դռները համացանցի կամ հեռախոսի միջոցով՝ առանց հեռավորության սահմանափակման։ 

ForestBerg-ի նպատակն է կանխել ոչ օրինական ծառահատումները։ Ստարտափը ստեղծում է անտառի մոնիթորինգի խելացի համակարգ։ Անտառի տարբեր հատվածներում տեղադրվում են սենսորներ, որոնք մշտապես ակտիվ են, միեւնույն ցանցի մեջ են ու ձայնագրում են բոլոր ձայները։ Ծանոթ լինելով բոլոր ձայներին՝ ծրագիրը ծառահատման ձայներ արձանագրելիս համապատասխան մարմիններին ծանուցում է ուղարկում եւ ուղղորդում անտառի այդ հատվածը։ Կան նաեւ սենսորներ, որոնք պատասխանատու են ծխի եւ ջերմաստիճանի համար, ինչի շնորհիվ էլ կանխում են հրդեհները՝ համապատասխան մարմիններին նախապես ծանուցում ուղարկելով։

AdvPortal-ը նախատեսված է արտաքին գովազդային վահանակներ ունեցող եւ այն կազմակերպությունների համար, որոնք իրենց արտաքին գովազդային արշավները կազմակերպում են վահանակների օգնությամբ։ AdvPortal-ի միջոցով հնարավոր է առցանց ու արագ ծանոթանալ քաղաքի գովազդային վահանակների հասանելիությանը, գնային համակարգին ու հեշտ կազմակերպել գովազդային արշավը։ Ապագայում ստարտափը տեսախցիկներ կտեղադրի գովազդային վահանակների վրա, որոնց շնորհիվ հավաքագրած տվյալների հիման վրա կկարողանա հաճախորդներին առաջարկել ամենաթիրախային գովազդային վահանակները։

 

ForgeFiction-ը փոխում է գիրք գրելու, պատմություն ստեղծելու դասական մոտեցումներն ու թույլ տալիս, որ գրքի տարբեր գլուխներ գրեն տարբեր մարդիկ։ Այն առաջարկում է մի հարթակ, որտեղ մարդիկ մրցում են իրենց գրած գլուխը գրքում ներգրավելու համար։ Այսինքն՝ հրապարակում են իրենց տարբերակներն ու հարթակի մյուս օգտատերերը քվեարկում են դրանց օգտին: Առավելագույն ձայներ հավաքածը օգտատերը դառնում է գրքի հերթական գլխի հեղինակը։ Երբ գիրքն ավարտում են, այն վաճառվում է, իսկ հասույթը փոխանցվում է բոլոր գրողներին։ Այս ամբողջ գործընթացն ավելի վստահելի ու թափանցիկ դարձնելու համար ստարտափի հիմնդիրներն օգատգործում են բլոկչեյնի սմարտ կոնտրակտների (Smart contract) հնարավորությունները։

Holotec-ը ստեղծել է խաղաֆիկացված, լրացված իրականության հնարավորությամբ հավելված, որի միջոցով մարդիկ կարող են պարզապես քաղաքում քայլելիս կրիպտոարժույթներ աշխատել ու զուգահեռաբար ստանալ բիզնես առաջարկներ տարբեր խանութների ու ընկերությունների կողմից։

ERP Smart System-ը փոքր եւ միջին բիզնեսներին առաջարկում է հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման եւ ընկերության ռեսուրսների պլանավորման մատչելի ու հեշտ կիրառելի համակարգ։ Շուկայում եղած համակարգերը դժվար օգտագործելի են, համապատասխանեցված չեն ընկերությունների անհատական պահանջներին ու գումարը գանձում են ոչ թե ընդհանուր ընկերության համար, այլ առանձին օգտատերերի քանակով։  

Growflex-ը ակվապոնիկայի հիման վրա ստեղծում է հեշտ տեղափոխելի համակարգ, որը կարելի է տեղադրել քաղաքում բաց երկնքի տակ ցանկացած տեղ ու աճեցնել տերեւային բույսեր։ Հետաքրքիր է բիզնես մոդելը՝ ստարտափը փնտրում է մարդկանց, որոնք պատրաստ են իրենց համապատասխան ու հարմար տարածքները վարձով տրամադրել բույսերն աճեցնելու համար։ Բույսերի վաճառքից ստացված գումարից որոշակի տոկոս փոխանցվում է այդ մարդկանց։ Համակարգն ավտոմատացված է, հեշտ տեղափոխելի, ճկուն, ինչի շնորհիվ նույնիսկ 2 քառակուսի մետր ազատ տարածքը հնարավոր է օգտագործել ուտելիք արտադրելու համար։

HelloSIM-ն աշխարհի շուրջ 207 երկրներում գործող SIM քարտ է, որը ճամփորդողներին հնարավորություն է տալիս մշտապես կապի մեջ լինել արտերկրում գտնվելիս։ Ինտերնետ փաթեթների շրջանակներում 1Մբ ինտերնետի սակագինը սկսում է 5,8 դրամից, որը մոտավորապես 10 անգամ ավելի մատչելի է, քան միջազգային ռոումինգը։  Քարտը հնարավորություն է տալիս օգտվել որակյալ ինտերնետ կապից, ինչպես նաեւ` զանգեր կատարելու եւ SMS ուղարկելու ծառայություններից՝ առանց հնարավոր բոլոր խնդիրներին առնչվելու։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter