Չորեքշաբթի, 26 սեպտեմբերի

Մասիսի քաղաքապետի և փոխքաղաքապետի կալանքի վերաբերյալ նիստը հետաձգվել է



Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի և փոխքաղաքապետ Կարեն Օհանյանի կալանքի վերաբերյալ նիստը հետաձգվել է և տեղի կունենա վաղը` հունիսի 2-ին:

Այս մասին «Հետք»-ին ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը: Ձերբակալված մյուս երեք մեղադրյալների՝ Գոռ Խաչատրյանի, Սարգիս Սահակյանի եւ Գեւորգ Համբարձումյանի կալանքի վերաբերյալ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորները որոշում կկայացնեն այսօր:

Հիշեցնենք, որ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը, փոխքաղաքապետ Կարեն Օհանյանը, Գոռ Խաչատրյանը, Գևորգ Համբարձումյանն ու Սարգիս Սահակյանը մեղադրվում են Էրեբունի վրչական շրջանում ապրիլի 22-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների առթիվ հարուցված քրեական գործով:

Ապրիլի 22-ին' այն բանից հետո, երբ ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանն ու Սասուն Միքայելյանը Էրեբունիում ձերբակալվել են, դիմակավորված քաղաքացիական հագուստով անձինք մահակներով ու քարերով հարձակվել են երթի մասնակիցների վրա, բռնություն կիրառել ցուցարարների նկատմամբ, հայհոյել ու էլեկտրահարել նրանց: Հարուցված քրեական գործի շրջանակներում Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու և դրանց մասնակցելու մեջ, իսկ ձերբակալված մյուս 4 մեղադրյալները մեղադրվում են զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ:

Այսօր ձերբակալվել է ևս մեկ անձ՝ Արթուր Խանջյանը: Վերջինս նույնպես բերվել է դատարան, որտեղ պետք է քննարկվի նրա ձերբակալման որոշման դեմ տարված բողոքը:

Հիշեցնենք, որ քաղաքացիների` դատարան բերվելուց առաջ այնտեղ հավաքվել էին Մասիսի բնակիչներն ու պահանջում էին ազատ արձակել քաղաքապետին: Երբ պարզվեց, որ Դավիթ Համբարձումյանի կալանքի վերաբերյալ այսօր որոշում չի լինելու, բողոքի ակցիան դադարեց, ու նրանք հեռացան դատարանի շենքի դիմացից:


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ