HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«Ճվճվ Արոյի» որդու գործով դատախազը կասկածի տակ դրեց դատավորի անաչառությունն ու նրան ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում «Ճվճվ Արո» անունով հայտնի Արա Վարդանյանի կրտսեր որդու՝ Սերժ Վարդանյանի վերաբերյալ քրեական գործով դատախազը երեկ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց գործով դատավոր Գագիկ Պողոսյանին: Դատախազի կողմից դատավորին ինքնաբացարկ հայտնելու դեպքերը դատական համակարգում, կարելի է ասել, հազվադեպ են հանդիպում:

Դատախազ Տիգրան Ենոքյանը կասկածի տակ դրեց դատավոր Գագիկ Պողոսյանի անաչառությունն ու նշեց, որ վերջինս կողմնակալ վերաբերմունք ունի պաշտպանական կողմի նկատմամբ:

Հիշեցնենք, 2014 թվականին խուլիգանության հոդվածով քրեական գործ է հարուցվել, որով անցնում են Սերժ Վարդանյանն ու վերջինիս ընկերը: Ըստ մեղադրանքի՝ Սերժ Վարդանյանն ու ընկերը՝ Ռոբերտ Հայրապետյանը մեքենայով են եղել, և երթևեկության կանոնների խախտման առթիվ վիճաբանություն է առաջացել մեկ այլ մեքենայում գտնվող Շանթ Մագարյանի հետ: Վիճաբանության ընթացքում, ըստ մեղադրանքի, Մագարյանի նկատմամբ բռնություն է գործադրվել։ Գործի շրջանակներում Վարդանյանի և վերջինիս ընկերոջ նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, սակայն այս պահին Սերժ Վարդանյանը գտնվում է կալանքի տակ, քանի որ 2017-ին խուլիգանության և կողոպուտի վերաբերյալ հարուցված մեկ այլ քրեական գործի շրջանակներում ևս ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրա նկատմամբ այս անգամ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Դատարանը, նախագահությամբ դատավոր Գագիկ Պողոսյանի, շուրջ 4 տարի է՝ քննում է խուլիգանության հոդվածով հարուցված այս գործը, սակայն այն ավարտին չի հասցնում:

Երեկ տեղի ունեցած դատական նիստին Սերժ Վարդանյանի պաշտպանը միջնորդեց լրացուցիչ դատաբժշկական փորձաքննություն նշանակել: Ըստ պաշտպանի՝ գործով տրված դատաբժշկական փորձաքննությունը թերի է, դրանում տրված եզրակացության  մեջ արտացոլված չեն գործի ելքի համար կարևոր նշանակություն ունեցող մի շարք հարցերի պատասխաններ:

Ձախից՝ պաշտպան Գրիգորյանն ու ամբաստանյալ Սերժ Վարդանյանը 

Նշենք, որ Շանթ Մագարյանի պնդմամբ՝ Սերժ Վարդանյանի և Ռոբերտ Հայրապետյանի հետ վիճաբանության ժամանակ  վերջիններս ոստիկանների են նկատել ու փորձել մեքենայով փախուստի դիմել, ինչի հետևանքով իրեն 30 մետր գետնին քարշ տալով տարել են իրենց հետ, ու մարմնական լուրջ վնասվածք պատճառել իրեն: Ըստ  Մագարյանի՝ վիճաբանության ժամանակ ինքը ձեռքը մեքենայի պատուհանից ներս է տարել, ու վարորդի կողքին գտնվող ուղևորը՝ Ռոբերտ Հայրապետյանը բռնել է այն և ոստիկաններից փախուստի դիմելու ընթացքում բաց չի թողել, որի հետևանքով էլ ինքը ստացել է մարմնական վնասվածքը:

Այս վնասվածքը, սակայն, դատական գործում առկա չէ: Այս գործով նշանակված նիստերից մեկի ընթացքում Մագարյանը վնասվածքի լուսանկարը դատարան էր բերել, որպեսզի տրամադրի դատավորին, սակայն նիստը չկայացավ, և Մագարյանը դատարանի միջանցքում հայտարարեց, որ այլևս չի ներկայանալու ու  լուսանկարը փոխանցեց լրագրողներին՝ խնդրելով այն հրապարակել:

Մագարյանի պնդմամբ՝ վնասվածքը, որն ինքը ստացել է միջադեպի ժամանակ,  վարույթն իրականացնող մարմինը հետամուտ չի եղել արձանագրել:շ

Այժմ ամբաստանյալների պաշտպանները պնդում են, որ եթե միջադեպը տեղի ունենար այնպես, ինչպես նկարագրում է Շանթ Մագարյանը, վերջինս պիտի կոտրվածներ ստանար ու ավելի լուրջ վնասվածքներ, որոնք, փաստորեն, ըստ գործի նյութերի, չի ստացել:

Այս է առիթը, որ պաշտպանական կողմը պահանջում է լրացուցիչ փորձաքննություն նշանակել և փորձագետին, ի թիվս այլ հարցերի, առաջադրել հարց այն առնչությամբ, թե արդյոք  ամբաստանյալ Ռոբերտ Հայրապետյանի ֆիզիկական տվյալները նրան թույլ կատայի՞ն Մագարյանի ձեռքը բռնած ու վեր բարձրացրած նրան 30-40 մետր այնպես տանել մեքենայի ընթացքի ժամանակ, որ լուրջ վնասվածքներ չստանար:

Այս միջնորդության դեմ մեղադրող դատախազ Տիգրան Ենոքյանն առարկեց: Վերջինս նշեց, որ դատարանում դատաբժշկական եզրակացություն տված փորձագետն արդեն իսկ պարզաբանումներ է ներկայացրել ու հայտնել, որ փորձաքննություն համար ի սկզբանե հակասական ելակետային տվյալներ են տրամադրվել, որպիսի պայմաններում ստույգ եզրահանգումներ անել հնարավոր չէ:

Հատկանշական է, որ այս գործի նյութերում առկա չեն նաև դեպքի ժամանակ Շանթ Մագարյանի հագին եղած հագուստն ու կոշիկները:  Դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը տված փորձագետն այս հանգամանքին ևս անդրադարձել է՝ նշելով, որ դրանք կարող էին եզրակացության համար կարևոր ելակետային տվյալներ պարունակել:

Չնայած մեղադրողի առարկությանը՝ դատավոր Պողոսյանը բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունն ու որոշեց գործով լրացուցիչ փորձաքննություն նշանակել:

Դատական նիստին մեղադրող Ենոքյանը դատարան էր բերել «Հետքում» հրապարակված այն լուսանկարը, որը Շանթ Մագարյանը տրամադրել էր լրատվամիջոցներին: Մեղադրողը միջնորդեց, որպեսզի ապրիլի 12-ին «Հետք»-ում հրապարակված լուսանկարը որպես այլ ապացույց կցվի գործին, սակայն դատարանը մերժեց  այս միջնորդությունը՝ հիմնավորմամբ, որ հայտնի չէ, թե արդյոք Մագարյանի տրամադրած լուսանկարում իսկապես նրա մարմնի վրա եղած վնասվա՞ծքն է,  արդյոք վերջինս այդ վնասվածքը ստացել է ամբաստանյալների հետ տեղի ունեցած միջադեպի հետևանքով:

Դատավորի կայացրած այս երկու որոշումներից հետո է, որ դատախազ  Տիգրան Ենոքյանը միջնորդեց, որպեսզի դատարանը ինքնաբացարկ հայտնի: Միջնորդության վերաբերյալ դատավորը դիրքորոշում կհայտնի հաջորդ դատական նիստին:

Գլխավոր լուսանկարում դատավոր Գագիկ Պողոսյանն է

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter