HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Ոստիկանությունը կուսումնասիրի քաղաքապետի հրաժարականի և Երևանի ավագանու արձակման պահանջի գրությունը

Նոր կառավարության ձևավորման օրերին տասնյակ քաղաքացիներ բողոքի ակցիաներ իրականացրեցին Երևանի քաղաքապետարանի դիմաց՝ պահանջելով քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը:

«Մերժենք Տարոնին» նախաձեռնությունը, որը հանդիանում էր այդ ակցիաների նախաձեռնող խումբը հրապարակեց նամակ՝ անդրադառնալով քաղաքապետարանի կատարած շռայլ ծախսերին, Տարոն Մարգարյանի հայտարարագրին, Երևանում տարիներ շարունակ չլուծված խնդիրներին:

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը, ով հանդիսանում էր նաև բողոքի ակցիաների կազմակերպիչներից, «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց, որ տասն օր առաջ այդ գրությունն ուղարկել է նաև գլխավոր դատախազին՝ խնդրելով ուսումնասիրել գրությունում առկա փաստերը:

Իրավապաշտպանը երկու օր առաջ դատախազությունից պատասխան է ստացել, որ նամակն ուղարկել է ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն: Վարչությունը գրությունում առկա փաստերը ստուգելու համար ստուգողական գործողություններ է կատարելու: Հովհաննիսյանի խոսքով՝ գրությունում առկա են փաստեր, որոնք ակնհայտ հանցագործություններ են:

Գլխավոր դատախազություն ուղարկված գրությունում նշվել է, որ 2011 թվականից՝ Տարոն Մարգարյանի քաղաքապետ «ընտրվելու» օրվանից ի վեր, մամուլի էջերը հեղեղված են քաղաքապետի կողմից պետբյուջեի մսխման, «ատկատների», ձևական մրցույթների, ինքնանպատակ տոնակատարությունների համար ծախսված հսկայական գումարների մասին հրապարակումներով: Գրությունում մասնավորապես անդրադարձ է եղել քաղաքապետարանի կողմից կոնյակի մեկ բաժակի համար 100 հազար դրամ վճարելուն, 29 մլն դրամով կոնյակ գնելուն, Էրեբունի-Երևան տոնակատարության առիթով քաղաքապետարանի բյուջեից 80 մլն դրամ հատկացնելուն:

Խոսվել է նաև «Թափառող շների դեմ պայքարի» նպատակով Երևանի քաղաքապետարանի կողմից «Յունիգրաֆ-Իքս» ընկերության տարեկան հատկացվող մինչև 220 միլիոն դրամից, որով ընկերությունը կենդանիների նկատմամբ իրականացվող միջոցառումների փոխարեն վերջիններիս զանգվածային սպանդ է իրականացրել:

Նախաձեռնող խմբի փոխանցմամբ՝ հսկայական ծավալների են հասնում Տարոն Մարգարյանի կողմից անձնական նկատառումներով իրականացված պաշտոնական դիրքի չարաշահումները, բացի այդ նրա ամսական աշխատավարձը (575 000 ՀՀ դրամ) անհամեմատելի են համարել հայտարարագրած ունեցվածքին: Գրությունում մեջբերվել է Տարոն Մարգարյանի՝ 2017 թ. հունիսի 18-ին հրապարկված հայտարարագրին, որտեղ քաղաքապետը հայտարարագրել է  բնակելի տուն և ամառանոց, հասարակական և արտադրական նշանակության շինություններ, բնակարաններ, ավտոմեքենա, ավտոտնակներ, արժեթղթեր, դրամական միջոցներ՝ 250 միլիոն դրամ, 45 000 դոլար, 50 000 եվրո:

Նախաձեռնող խումբը դատախազին հայտնել է, որ մայրաքաղաքում իրականացվում է բիզնես և կլանային շահեր հետապնդող անկանոն շինարարություն, շինթույլտվությունները տրամադրվում են քաղաքային իշխանություններին և նրանց մերձավորներին պատկանող բիզնես ընկերությունների շահերը սպասարկելու և ոչ երբեք քաղաքային մշակույթը պահպանելու ու զարգացնելու առաջնահերթություններով։ «Սա է վկայում նաև վերջին տարիներին տեղի ունեցած կանաչ և հանրային տարածքների հետևողական սեփականաշնորհումը և ոչնչացումը (օրինակ՝ Հաղթանակի այգի, Օղակաձև զբոսայգի, Մանկական զբոսայգի, Հրազդանի կիրճ, Ավանի լիճ, Ջրվեժի անտառտնտեսություն, ներկայումս ընթացիկ «բարեկարգման» մեջ գտնվող Սպանդարյանի արձանին կից այգի և Փոստի դիմաց գտնվող Մաշտոցի պուրակի մասը կազմող այգի)»,-նշվել է գրությունում:

Անդրադարձ է կատարվել նաև պատմա-մշակութային հուշարձանների՝ Ծածկած շուկայի, Աֆրիկյանների տան, Արամի 30 հասցեում գտնվող հուշարձան-շենքի, Երևանի առաջին տպարանի շենքի քանդմանը, քաղաքային տրանսպորտի խնդրին, ապրիլ ամսվա ցույցերի ժամանակ Ավան վարչական շրջանում քաղաքապետարանի աշխատակիցների և Տարոն Մարգարյանի մերձավորների՝ ցուցարարների վրա մահակավորված հարձակման դեպքին:

Նամակի բովանդակությանը կարող եք ծանոթանալ այստեղ։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter