HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

«Բարձրացնել զինծառայողների սոցիալական պաշտպանվածության մակարդակը». ԶՈՒ- ն՝ Կառավարության ծրագրում

Զինված ուժերը պետք է գործնականում զերծ մնան քաղաքական և ընտրական գործընթացների վրա որևէ հնարավոր ապօրինի ազդեցությունից:

Այս մասին նշված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի Կառավարության ծրագրում:

«Զինված ուժերի անձնակազմը՝ շարքայինից մինչև գեներալ, պետք է հնարավորություն ունենա որպես ՀՀ ազատ քաղաքացի ընտրություններում իր կամքն արտահայտել առանց ապօրինի գործողությունների»,- ասված է ծրագրում:

Ըստ ծրագրի՝ ԶՈՒ համակարգում պետք է առաջնահերթ լուծում պահանջող հետևյալ խնդիրներին ուշադրություն դարձնել.

Ռազմական տեխնիկայով և նյութատեխնիկական միջոցներով համալրվածություն, ռազմական կառավարման արդիական համակարգերի ներդնում, ԶՈՒ մարտունակության բարձրացում այնպես, որ համապատասխանեցվի ռազմական սպառնալիքների գնահատված մակարդակին և հավանական պատերազմի բնույթին՝ ՀՀ նկատմամբ զինված ոտնձգությունը զսպելու և կանխելու, իսկ պատերազմի ժամանակ ռազմական գործողությունները հնարավորինս վաղ փուլում և ՀՀ-ի համար շահավետ պայմաններով դադարեցնելու նպատակով:

Ծրագրում ԶՈՒ վերաբերյալ այս դրույթներն են առանձնացված.

.Առաջնագիծը շարունակաբար համալրել արդիական տեխնիկական միջոցներով և մարտական հերթապահության արդյունավետությունը բարձրացնել այնպես, որ էականորեն բարձրանա ԶՈՒ անձնակազմի բարոյահոգեբանական պատրաստվածության մակարդակը, կարգապահությունը, ապահովվի ԶՈՒ-ում մարդու իրավունքների պաշտպանությունը, նվազագույնի հասնեն ոչ կանոնագրային հարաբերությունները, դրանց հետևանքով զինծառայողների արժանապատվության խոցումը, ինքնավնասման և ինքնասպանության(փորձերի) դեպքերը:

.Ժամկետային զինծառայողների պատշաճ և ամբողջական նյութական բավարարումն ապահովել այնպես, որ ժամկետային զինծառայողների ծնողները ստիպված չլինեն շոշափելի մասնակցություն ունենալ այդ գործընթացին:

.Բարձրացնել զինծառայողների սոցիալական պաշտպանվածության մակարդակը, իրականացնել բնակարանային և բժշկական ապահովման և այլ ծրագրեր՝ պետական եկամուտների աճի ծավալներին զուգընթաց:

.Միջազգային ինտեգշրման և հավաքական անվտանգության գործող ընթացակարգերի հնարավորություններն ընդլայնելու նպատակով զարգացնել ռազմաքաղաքական դաշինքներն ու գործընկերությունները՝ պահպանելով ՀՀ ազգային շահերից բխող և առկա ռազմաքաղաքական ընդհանրությունների վրա հիմնված հարաբերությունների ձևավորման հավասարակշռությունը:

Կառավարության ծրագրում անդրադարձ չկա պայմանագրային զինծառայողների, զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքների հարցին, ԶՈՒ-ում կամավորների ներգրավմանը:

Ծրագրում նշվում է, որ բանակի անձնակազմում անհրաժեշտ է պարտականության զգացողությունը փոխարինել առաքելության գիտակցումով:

«ԶՈՒ յուրաքանչյուր հրամանատար պետք է գիտակցի ծնողների կղմից իրեն վստահված զինակոչիկների կյանքի և անվտանգության ապահովման բարձր պատասխանատվությունը:Յուրաքանչյուր պաշտոնյա պետք է գիտակցի, որ հասարակության կողմից ԶՈՒ-ին հատկացված նյութատեխնիկական և ֆինանսական ռեսուրսները քաղաքացիների՝ սեփական սոցիալական, կրթական, առողջապահական և մյւոս ոլորտներից խնայված և անվտանգության ապահովման առաջնահերթությունից ելնելով իրենց տրամադրված ռեսուրսներ են: Եւ այս գիտակցության տարածոմը կառավարությունը պետք  է ապահովի սեփական գործունեության օրինակով»,- ասված է նախագծում:

Ըստ Սահմանադրության՝ Զինված ուժերը Կառավարության ենթակայության ներքո են: Զինված ուժերի կիրառման մասին որոշումն ընդունում է Կառավարությունը: Անհետաձգելի անհրաժեշտության դեպքում զինված ուժերի կիրառման մասին որոշումը, պաշտպանության նախարարի առաջարկությամբ, կայացնում է վարչապետը և այդ մասին անհապաղ տեղեկացնում Կառավարության անդամներին:

Զինված ուժերի զինվորական ամենաբարձր պաշտոնատար անձը գլխավոր շտաբի պետն է, ոչ պատերազմական ժամանակ գլխավոր շտաբի պետը ենթակա է պաշտպանության նախարարին: Պատերազմի ժամանակ զինված ուժերի գերագույն հրամանատարը վարչապետն է:

Կառավարության ծրագրի քննարկումը նախատեսված է հունիսի 7-ին գումարվող ԱԺ արտահերթ նիստում:

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին կարող եք կարդալ այստեղ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter