Աղավնատուն գյուղում տեղադրվեց ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին նվիրված խաչքար
Արմավիրի մարզի Աղավնատուն համայնքի եկեղեցու բակն այսօր սովորականից մարդաշատ էր: Հյուրեր էին եկել նաև Երևանից, հարևան գյուղեցրից: Պատարագից անմիջապես հետո սուրբ Աննա եկեղեցու բակում տեղի ունեցավ ապրիլյան պատերազմի զոհերին նվիրված խաչքարի բացման արարողությունը: Միջոցառմանը ներկա էին նաև զոհված զինծառայողներ` Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի, Արմենակ Ուրֆանյանի, Տիգրան Պողոսյանի, Քյարամ Սլոյանի, Անդրանիկ Զոհրաբյանի, Սասուն Մկրտչյանի և Ադամ Սահակյանի մայրերը, ընտանիքի անդամները:
Խաչքարը տեղադրվել է եղբայրներ Լևոն և Գրիգոր Աբգարյանների կողմից: Վերջիններս սովորական գյուղացիներ են, չունեն բիզնես, զգալի կարողություններ: 28-ամյա Լևոնը մեկնում է արտագնա աշխատանքի, իսկ Գրիգորը զբաղված է հողագործությամբ: Եղբայրները խաչքարը պատրաստել են իրենց տնտեսած գումարներով:
Լևոնն ասաց, որ թեև Աղավնատուն գյուղը ապրիլյան պատերազմի ժամանակ մարդկային կորուստներ չի ունեցել, սակայն մարտի դաշտում ընկած տղաները պաշտպանել են մեր հայրենիքը, հետևաբար խիստ անհրաժեշտություն էր նրանց անվամբ խաչքար ունենալը:
Աղավնատուն համայնքի միջնակարգ դպրոցի պատմության ուսուցչուհի Արուսյակ Թադևոսյանը ևս կարևերեց խաչքարի գոյությունը: Նրա խոսքերով՝ սխրանքներ գործած 18-20 տարեկան տղաների օրինակը ուսուցողական է նաև նոր սերունդի համար: Իսկ զոհվածներին հիշելը բոլորիս պարտականությունն է:
Նշենք, որ խաչքարի քանդակագործը նույն գյուղի բնակիչ 23-ամյա Վիրաբ Վիրաբյանն է:
Խաչքարի բացման արարողություննից հետո մատաղ է բաժանվել:
Մեկնաբանել