HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ստեփան Դանիելյան

Հայաստանի հասարակական կազմակերպությունների ճգնաժամը

Հայաստանում, ինչպես նախկին խորհրդային երկրներում, հասարակական կազմակերպությունները դիրքավորվում են որպես իշխանությանն ընդդիմադիր կառույցներ և այդ պատճառով հանրության շրջանում ընկալվում են որպես քաղաքացիական հասարակության կարևորագույն և սկզբունքային դերակատարներ։ Սակայն հանրության և հենց այդ այդ կառույցների ջանքերի շնորհիվ իշխանափոխության կամ հեղափոխության արդյունքում այդ կառույցները երկիմաստ վիճակում են հայտնվում, որի հետևանքով հաճախ կորցնում են իրենց հանրային վարկը։

Միջազգային իրավունքում հասարակական կազմակերպությունները (ՀԿ) բնորաշվում են որպես ոչ կառավարական կամ ոչ պետական կազմակերպություններ, որով շեշտվում է նրանց անկախ լինելը։ Բնականաբար, այդ կազմակերպությունները կարող են տարբեր առաքելություններ ունենալ և մասնագիտանալ տարբեր ոլորտներում, սակայան «ոչ կառավարական» արտահայտությունը նրանց հիմնական էությունն է։

Անկախությունը հանրային ազդեցության համար պարտադիր պայման է, հակառակ դեպքում գործ ունենք գոնգոների (բառացի՝ կառավարական հասարակական կազմակերպություն) հետ, ինչը հասարակական կազմակերպությունների համար ծանրագույն մեղադրանք և վիրավորանք է։ Սակայն իրավիճակը փոխվում է, երբ տեղի է ունենում իշխանափոխություն, և «անկախները» հայտնվում են իշխանության մեջ, իսկ նրանց պարտնյորները իրենց առաքելություններն իրականացնելու համար սկսում են համագործակցել պետական կառույցներում հայտնված նախկին գործընկերների հետ։ ՀԿ-ները դառնում են իշխանության պրոպագանդայի կարևորագույն դերակատարներ։ Այս իրավիճակը շատ լուրջ խնդիրներ է առաջացնում, որի հետևանքով ժամանակի ընթացքում այդ կազմակերպությունները հայտնվում են լուրջ ճգնաժամի առաջ, իսկ քաղաքացիական հասարակություն ասվածը հանրային գիտակցության մեջ վարկաբեկվում է։

Այս ճանապարհով են անցել Վրաստանը և Ուկրաինան, և կարծես թե այդ ուղին է բռնել Հայաստանը։

Վրաց և Վրաստանում երկար տարիներ աշխատած փորձագետները շատ բնորոշ փաստեր են ներկայացնում Սահակաշվիլիի իշխանության տարիներից։ Երբ Սահակաշվիլին եկավ իշխանության, նրա հանրային վարկը 90% -ից բարձր էր։ Միշիկոն ազգային հերոս էր, որը սպանել էր «Վիշապին»։ Վրացական ՀԿ-ների ակտիվիստները և անկախ լրատվամիջոցների ղեկավարները դարձան իշխանական չինովնիկներ և պետական պրոպագանդայի հենասյուներ։ Սահակաշվիլիի իշխանությունը քննադատությունից վեր էր, իսկ եզակի քննադատները հայտարարվում էին «հակահեղափոխականներ»՝ ժողովրդի թշնամիներ։

Հետագայում, երբ վրացական հեղափոխության հիմնական ֆինանսավորողներից մեկը՝ Իվանիշվիլին, հանրության մեջ տարածեց բանտերում տեղի ունեցող խոշտանգումների տեսաերիզները, վրաց հասարակությունը շոկի մեջ էր հայտնվել։ Դա Սահակաշվիլիի' քննադատությունից վեր լինելու արդյունքն էր։

Մյուս կարևոր գործոնը ՀԿ-ների ֆինանսավորման քաղաքականությունն էր, որը հիմնականում կատարվում էր արևմտյան հիմնադրամների միջոցով։ Հիմնադրամների քաղաքականությունը հստակ էր' իշխանության է եկել արևմտյան արժեքները կրող կառավարություն, որին պետք է աջակցել, դա բնական և հասկանալի ցանկություն է։ Բնականաբար, ֆինանսավորումը կատարվում էր կառավարության հետ խորհրդակցելով, որպեսզի օժանդակեն կարևորագույն ռեֆորմների իրականացմանը' մարդու իրավունքների պաշտպանության և քաղաքացիական հասարակության կայացման համար։ Երբ իշխանությունը հակաժողովրդական էր, հիմնադրամները ֆինանսավորում էին ռեժիմների դեմ պայքարողներին՝ հանուն ժողովրդավարական ա֊ժեքների, սակայն այս դեպքում իշխանությունը դառնում է գործընկեր։

Մյուս' ոչ պակաս կարևոր գործոնն անկախ հասարակության ֆինանսավորման խնդիրն է։ Ոչ ժողովրդավարական ռեժ֊իմների պայմաններում, երբ քաղաքացիական հասարակության անդամները ֆինանսական բլոկադայի մեջ են հայտնվում, հիմնադրամների ֆինանսավորումը թույլ էր տալիս այդ անձանց լուծել իրենց կենսական խնդիրները' անկախ դիրքորոշումը պահպանելու համար: Հեղափոխություններից հետո այդ «հովանոցն» այլևս չի գործում, որի հետևանքով քաղաքացիական հասարակությունը դառնում է ձեռնասուն և կորցնում իր ազդեցությունը։ Նույն պրոցեսներն այժմ կատարվում են Ուկրաինայում։

Վրացական և ուկրաինական փորձը ցույց է տալիս, որ ցանկացած իշխանություն ժամանակի ընթացքում վարկաբեկվում է, առավել ևս, երբ չի զգում իր ետևից շնչող քաղաքական ընդդիմության տաք շունչը։ Կայուն ժողովրդավարական երկրներ են դառնում այն երկրները, որտեղ և իշխանությունն է կրում ժողովրդավարական արժեքները, և հիմնական ընդդիմությունը։ Այլապես, «վարկաբեկված» ժողովրդավարական իշխանությանը հետագայում գալիս է փոխարինելու ոչ ժողովրդավարական քաղաքական կազմակերպությունը։

Այն քաղաքական համակարգերն են կայուն, որտեղ քաղաքացիական հասարակությունը ցանկացած պարագայում անկախ է, իսկ հիմնական կուսակցությունները նույն արժ֊եքային համակարգում են։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter