Շաբաթ, 22 սեպտեմբերի

Բալկոնում Արեգ Բալայանն է


Բաղրամյանի ներքին բակերից մեկում գտնվող իմ այս բալկոնը միակն է, որ պահպանել է նախնական ձեւը՝ առաջ չեն տվել, չեն փակել ապակիներով, չի փոփոխել գունային հիմնական երանգը։ Այս բալկոնում ամեն շաբաթ մի քանի ժամով հանգստանալու, առանձնանալու հնարավորություն է ունենալու մեկը, ում հետ զրուցելու եմ։ Նրանք ամենատարբեր ոլորտներից են, բայց նրանց ընտրությունն ամեն անգամ բացատրություն պետք է ունենա։ Զրույցի թեման տարբեր է լինելու, բայց, ում հյուրընկալելու եմ բալկոնում, ինքս չեմ ներկայացնելունա պետք է իր մասին խոսի երրորդ դեմքով ու այդպես ներկայանա ձեզ։

Բալկոնում  լուսանկարիչ Արեգ Բալայանն է։ 

Արեգ Բալայանը՝ երրորդ տարածությունում (ինքն իր մասին)

Ի՞նչ ասեմ իր մասին․․․ Խոզուկը խորոված ուզում էր ապրել։

Վե՞րջ։

Չէ՛։

Ախր գիտես՝ ինչն է հետաքրքիր, երբ ուզում եմ իմ մասին երրորդ դեմքով խոսել, ուրիշների կարծիքներն են աչքիս առաջ գալիս։ Չեմ կարողանում ինձնից «ուրիշանալ»։ Մի տեսակ մեծամտություն կա երրորդ դեմքով խոսելու մեջ։

Պատկերացրու՛ քեզ «երրորդ» տարածությունում։

Այդպես աչքին մանկությունն է գալիս։ Իր մասին կարող եմ խոսել․ հետաքրքի՞ր է։

Ահա, իհարկե։

(երկար դադար)

Ճի՞շտ եմ հասկանում, որ երրորդ դեմքով խոսել կարող ես արդեն ավարտված պատմության, ավարտված շրջանի մասին։

Երեւի հա։ Այն, ինչ ավարտված է, կարող եմ խոսել դրա մասին։

Ապրիլյան պատերազմը, որի մասնակիցն էիր, այդպիսի շրջա՞ն է։

Պատերազմում ինքն իրեն շատ լավ պահեց․․․ Նույնիսկ անսպասելի լավ պահեց։ Իրականում սահման գնալուց առաջ, մտքով նման բան չէր էլ անցնում։ Կարճ ասած, երբ «պարզվեց», որ պատերազմն սկսվել է, ինքը մեռնելու ցանկություն չուներ։

Երբ իրեն զանգեցին, կանչեցին, այդ պահին լուրջ փոփոխություն եղավ։ Պատկերացրու՝ այդ նույն օրը՝ առավոտյան, եթե վախ կար, անհանգստություն, անորոշություն, ինչ-որ պահից որոշակիացավ․ առաջին քայլը գնալն էր։

Ինքը մինչ այդ ուներ հետեւյալ պատկերացումը, որ եթե պատերազմ սկսվի, իր ֆունկցիան վավերագրելը պիտի լինի։ Իրեն թվում էր, որ մյուսներն էլ են այդպես կարծում, պարզվեց, որ ոչ։

Ինքը մեկնեց ոչ որպես վավերագրող, տանն էլ ոչինչ չխոսվեց, անգամ հրաժեշտ չեղավ։ Առաջին իսկ օրը սկսեց կտրվել եղածից ու ունեցածից։ Չգիտեմ՝ ինչպես տեղի ունեցավ։

Պատերազմի ավարտից հետո վավերագրություն հնարավո՞ր է։ Պատերազմողը կարո՞ղ է ստույգ վկայություն տալ եղածի մասին։

Կարող է պատմել, թե ինչի միջով է անցել․․․ Դրա մեջ կլինի էմոցիա, ու ինչքան մոտ պատերազմին, այնքան շատ էմոցիան, ինչքան հետո, այնքան ավելի քիչ էմոցիաներով։ Բայց մի ուրիշ բան կա․ ինչքան պատերազմից անցնում է, այնքան շատ է սկսվում անալիզի պրոցեսը․ դետալները դուրս են մղվում։

Իմ պարագայում կոնկրետ պատերազմից անմիջապես հետո խոսել չէր ստացվում․ խեղդվում էի, նյարդերս չէին դիմանում, կարող էի ինչ-որ բաներ հիշել, որոնք նյարդային լաց առաջացնեին։ Այդ ժամանակ ավելի շատ խոսում էի դրվագներից, երեւույթներից, իրադարձություններից։ Ժամանակի ընթացքում ֆիլտրվեց, եւ ինչ-որ պահից դետալներն ու իրադարձությունները տեղը զիջեցին հետեւություններին, եզրակացություններին․ հսկայական «բագաժ» կուտակվեց։

Ինչ-որ պահից սկսած Ապրիլյանի մասնակից զինվոր Արեգ Բալայանը նաեւ լուսանկարեց, վավերագրեց պատերազմը։ Հիմա, երբ նայում ես այդ լուսանկարներին, խզում զգո՞ւմ ես, հարցադրումնե՞ր կան, թե ինչպես տեղի ունեցավ դա, դու ինչպես էիր այնտեղ հայտնվել։

Պատահում է այդպես․․․ Բայց միայն լուսանկարները դիտելիս չէ նման զգացում։ Ասոցիատիվ զուգահեռներ շատ կան։ Երբ մտնում եմ խանութ, ու գնորդը նայում է մածունի ժամկետը, ասում, որ հին է (այնինչ երեկվա ամսաթվով է արտադրված), ուզում եմ շրջվել, ասել՝ «լա՞վ չես», մենք այնտեղ կռիսների հետ էին սեղան նստում, ուտում էինք հաց, որը ցեխից էինք հանել ու չորացրել։ Այնտեղ նման հարց չէր կարող առաջանալ․ սկզբում նոր եկածին վերմիշել ուտելն անսովոր կթվար, երեք օր հետո արդեն նորմալ էր, սուսփուս կուտեր։

Քո ու Հայաստանի հարաբերությունները։

Սիրային․․․ Մարդ ու կին, հեր ու տղա, մեր ու տղա. երեւի ինչ-որ տարիքում հեր ու տղայի դիրքերը փոխվեն, ինչ-որ պահից սկսած հասկանաս, որ դու ես իր համար արդեն պատասխանատու, ոչ թե ինքը՝ քո։ Այդպես։

Այս երկու ամսվա ընթացքում վերաբերմունքի փոփոխություն եղե՞լ է։

Հա, իհարկե։ Փոփոխությունը եղել է նախ իմ մեջ․ ամենից կարեւոր բանը, որ եղավ, որպես ազգ վերականգնեցինք մեր արժանապատվության զգացումը, որը լայն իմաստով ռեալ կորցրել էինք։

Պատմությունը թույլ է տվել այդ արժանապատվությունը վերջնականապես կորցրած չհամարել, բայց այդ պատմությունը ներկայի հետ կապ չուներ։ Ունեինք ծայրահեղ թշվառ մի համակարգ, եւ ժողովուրդ, որն, անկախ ծայրահեղ վիճակից, համակարգվեց։ Այդ առումով տեղի ունեցածը հուսադրող է։

Երբ զրուցեցինք 2017թ-ին, եւ հարցրի, թե համակարգի դերը որն էր, միանգամից հերքեցիր համակարգային դրույթները, մեծ հիասթափության մեջ էիր, ասացիր, որ ամեն հաջորդ րոպեին քեզ ավելի քիչ մարդ էիր զգում, ամեն ինչ արժեզրկվում էր ու այդ ամենի ազդեցության տակ «մեռնում» ու ազատվում ես համակարգային խնդիրներից։

Համակարգն ինձ համար կարեւոր է այնքանով, թե ես դրա մեջ ինչքան լավ կամ վատ կզգամ ինձ, ապահովության զգացում կունենամ, թե չէ։ Այս առումով որպես միավոր, որը պիտի պահպանվի բարոյապես, մշակութապես, համակարգի կարեւորությունը մեծ է, բայց մյուս կողմից արվում է այն, ինչ պիտի չարվի, կամ չի արվում այն, ինչ պիտի արվի։

Երբ քեզ համակարգից դուրս ես զգում, պահանջներ չունես, քո լավ կամ վատ լինելը ոչ մեկի հետ չես կապում։

Ամեն դեպքում ճգնաժամային պահերին, երբ մարդը թիկունքում ուժ եւ պաշպանություն զգալու կարիք ունի, չի՞ սրվում այս հարցը։

Ապրիլյան պատերազմի ժամանակ համակարգի անհրաժեշտությունը շատ կար։ Ի՞նչ տեղի ունեցավ կոնկրետ ինձ հետ․ ես ինձ համարում էի մեկը, ով ունի տեղ, դեր, ֆունկցիաներ, պատասխանատվություն եւ նաեւ այս ամենն ինչ-որ առումով ակնկալում էի համակարգից։ Այդ օրերին խզվեցին իմ ու պետության հարաբերությունները, ես դադարեցի սպասել, հավատալ, անջատեցի ազդակներ ընկալող ընդունիչներս ու սկսեցի ուղղակի «լինել»։

Քառօրյայից հետո չէի ուզում որեւէ կերպ կախված լինել այն մարդկանց որոշումներից, ովքեր կային եւ կան այդ համակարգում, որովհետեւ իրենց ո՛չ որոշումները, ո՛չ վերաբերմունքը մարդուն արժեւորող չէին,  ավելին՝ հակառակ էին հասարակության կյանքի որակի բարելավմանը, արժանապատվությանը, հույսերին։

Մինչ Քառօրյան մտածում էինք, որ մեզ զրկում ենք կյանքի լավ որակից, որովհետեւ անում ենք դա հանուն անվտանգության, հանուն բանակի բարօրության․․․ Պարզվեց՝ իրականում զրկում էինք, որ ինչ-որ մարդիկ ուղղակի լավ ապրեն։ Այդ զրկանքները բանակի համար չէին, ուղղակի բնորոշումն էր այդպիսին։

Ես տեսա «թարս հավաքած» երկիրը․ ամեն քայլափոխի դադարում էիր քեզ հասարակության էլեմենտ զգալ, հասկանում էիր, որ դու ոչինչ ես, ոչ մի բան ես, ու մինչ այդ ինչ մտցրել են գլուխդ, սուտ էր։

Մենք էլ չէ՞ որպես ծնող երեխային ասում ենք՝ գիրք կարդա, բայց ինքներս չենք կարդում։ Խոսքը, եթե գործով չի ամրապնդվում, դառնում է փուչիկ։ Պատերազմը ցույց տվեց հենց այդ փուչիկը․․․ Պետությունը դավաճանեց մեզ․ ինքը մեզ սուտ փուչիկի մեջ էր պահում, եւ, երբ փուչիկը տրաքեց, հասկացանք նաեւ, որ մեզ չէր սիրում, որ ինքն առհասարակ չէր մտածում մեր մասին, որ թքած ուներ մեզ վրա։

Ասում են՝ պատերազմի ժամանակ այդպես լինում է, բայց չէ, այդպես չի․․․ Համերգի ժամանակ էլ, երբ հրավիրում են հազար հոգի, բայց հինգ հարյուր նստատեղ են դնում, նույն բանն է, որ պատերազմին հազար հոգի մասնակցում է, բայց հինգ հարյուր զենք կա։ Վերաբերմունքը նույնն է․․․ Պատերազմը կապ չունի։

Երեւի ամբողջ աշխարհում մարդու կյանքն արժեք չունի, բայց այլ երկրներում օրենքներ կան, մեխանիզմներ, լծակներ, որոնք մարդուն պաշտպանում են նման թշվառ վիճակի մեջ հայտնվելու վտանգից։

Այն, ինչ տեղի ունեցավ 2018թ․-ի ապրիլ-մայիս ամիսներին, քեզ համար սպասվա՞ծ էր։

Չէի սպասում, չէ։

«Հեղոփոխություն եղավ»այդպե՞ս ես ասում։

Հա, գիտակցություն փոխվեց, փոխվեց նաեւ ռակուրսը Հայաստանի, ինքներս մեր նկատմամբ։ Պատերազմից հետո շատ սրվեց այստեղ մնալ-չմնալուս հարցը․ ուզում էի ոչ մի կերպ կախվածություն չունենալ։ Հետո կամաց սկսեցի փափկել, հանգստանալ, այդ հանգստությունն էլ բերեց ինչ-որ անտարբերության, անտարբերությունը խառնվեց ներքին խաղաղության հետ, ու արդեն ոչ մի սահման հստակ չէր։

Երեւի այդ «խաղաղությունը» անտարբերության ավելի հասուն դրսեւորումն էր, եւ քեզ այլեւս կարեւոր գործընթացներից դուրս էիր պատկերացնում։

Դա էլ կար․ արդեն ասացի, որ դավաճանված զգալու հետեւանքով կտրվեց համակարգի հետ ունեցած կապս, պետության հետ հարաբերություններս խզվեցին։

Երբ Ապրիլյանից հետո ժողովուրդը ոչինչ չարեց, դուրս չեկավ փողոց ասելու՝ «էս ի՞նչ արիք, արա՛», այդտեղ ժողովրդի հետ ունեցած կապս էլ խզվեց։ Պոկվեցի, մենության վիճակում հայտնվեցի։ Ամեն ինչին հենց այդ մենության պրիզմայով էլ սկսեցի նայել։

Ինչ-որ պահի հասկացա, որ կորցրել եմ այն մի «ես»-ս, որ համակարգի մաս էր, բայց գտել եմ մյուսին, որի հետ ուզում եմ գործ ունենալ։ Այդ պահին է, որ հասկանում ես՝ ինչ-որ բանի մաս լինելը իլուզիա էր։

Այդ իլուզիան նախապատմություն ունի, հենց այնպես չի ծնվում։

Հա, իհարկե, ծնված օրվանից ամեն կերպ մտցնում են գլուխներիս մեջ։

Դու քո երեխաներին կարո՞ղ ես այդ իլուզիան բացատրել, քո փորձով կիսվել։

Չէ, իրենք իրենց ճանապարհը պիտի անցնեն։ Առավելագույնը կարող ես տեղեկացնել, որ ճանապարհի այ այս մասում կարող է այսպիսի բան պատահել, բայց թե ինքն ինչ որոշում կկայացնի, երբեք չես կարող ուղղորդել կամ ղեկավարել։

Մինչ որոշում կայացնելը հազարավոր տարբերակներ կան՝ կախված քո ունեցած կենսափորձից ու «բագաժից»։ Ես մինչեւ պատերազմ գնալս լրիվ այլ պատկերացում ունեի պատերազմի մասին։ 

Դիրքերում լուսանկարելը քեզնից անջատվա՞ծ պրոցես էր, թե՞ դու այդ կերպ ուզում էիր նաեւ քո գործողությունը, քո վիճակը ցույց տալ։ Դրանց մեջ տեսնու՞մ ես քեզ։

Հա, ես մեջն էի։ Դա իմ կյանքն էր, ամեն մի լուսանկար ես էի։ Էգոիստական է հնչում, բայց ամեն լուսանկար անցածս ճանապարհն էր, ապրածս զգացումն էր, լույս որոնելու հույսերս։

Լուսանկարելը չլիներ, երեւի կխելագարվեի․ դա ինձ հետ ունեցածս դիալոգն էր, ուզում էի հասկանալ՝ ինչու եմ այդտեղ, ինչ եմ ապրում, իմ կողքիններն ովքեր են, ես ինչ եմ անում։

«Հեղափոխության» օրերին լուսանկարու՞մ էիր։

Հա․․․

Հետաքրքիր էր, որ նորից կար ինձ կողքից դիտելու միտումը․ լուսանկարում էի նույնիսկ սրճարանը, որտեղ այդ օրերին սրճում էինք։

Ղարաբաղից Մելիքյան Ռուբենի հետ Երեւան էինք գալիս․ այդ նույն օրը Նիկոլը Գյումրիից Երեւան էր մտել։ Առաջին օրերին շարժումն ինձ հիշեցնում էր Էլեկտրիկ Երեւանը, մոտավորապես նույն ելքերն էի կանխատեսում։

Նիկոլի պայքարի ուղին երկար է տեւել, եւ տպավորություն էր, որ ինքը զուգահեռ իրականություն է, այլ աշխարհ, որն այդպես էլ պիտի շարունակի քայլել, խոսել կտուրներից, կոչեր անել։ Երբ մարդիկ սկսեցին գիշերները մնալ փողոցներում, անկախ ամեն ինչից՝ ներսումս ինչ-որ բան արթնացավ, արդեն ինձ մաս էի զգում։

Նիկոլի ու Սերժի հանդիպման ժամանակ օդանավակայանում էի, եղբորս էի ճանապարհում ու մի լուսանկար տեղադրեցի Ինստագրամում՝ գրելով, որ ոչ ոք չի արտագաղթում (առավոտյան ժամը տասն էր, ու օդանավակայանը լրիվ դատարկ էր)։

Տեղավորվեցի, որ նայեմ հանդիպումը, միացրեցի թե չէ, տեսնեմ՝ արդեն ավարտվել է։ Նայեցի տեսանյութը, ու, երբ Սերժը տվեց մարտի մեկի անունը, արդեն ներսումս ամեն բան խառնվեց․․․ Եկա տուն, հագա «բատինկաներս», որ վերջին անգամ «Եղնիկներում» էի հագել, ու դուրս եկա։

Կոպիտ ասած՝ զինվեցի ու իջա այն մտքով, որ կռիվ է։ Այդ հայտարարությունն ընդունել էի որպես մարտահրավեր։

Հրաժարականի լուրն ինչպե՞ս ընդունեցիր։

Տարօրինակ էր, չէի հավատում, մտածում էի հերթական խաղերն են։ Չկայացած բանակցությունների օրը, երբ ձերբակալեցին Նիկոլին, մարդկանց քանակն ահռելի շատ էր․ հրապարակում ասեղ գցելու տեղ չկար։ Դրան հաջորդեց հրաժարականի լուրը։

Ես չգիտեմ՝ ինչ է տեղի ունեցել իրականում, ուզում էի հասկանալ՝ ինչպես այդքան հեշտ եղավ։ Հետո, երբ ավելի խորն ես մտածում, հասկանում ես, որ «հեշտ» չէր, երկար ճանապարհ է անցել ժողովուրդը՝ Մարտի 1, Էլեկտրիկ Երեւան, Սասնա ծռեր․․․

Իշխանությունն ինքն իր դեմ հանեց ժողովրդին․ եթե իրենք մի քիչ չափի մեջ լինեին, այդքան լկտի չպահեին իրենց, ավելի երկար պրոցես կլիներ, հրաժարականը «հեշտ» չէր թվա։

Այդքան տարի Արցախում բնակվելուց հետո տեղափոխվեցիր Երեւան․․․ Վերջնակա՞ն։

Վերջնական բառն այլեւս չեմ կիրառում․ այդպես որ լիներ 2005թ․-ին «վերջնական» տեղափոխվել էի Արցախ։ Այս հարցին հանգիստ եմ նայում հիմա։

Այս առումով պատերազմն էլ է ունեցել իր նշանակությունը․ փորձն իսկապես թույլ է տալիս ինքդ  քեզ տարբեր շերտերով տեսնել, հետաքրքիր պրոցեսների միջով ես անցնում, ինքնաճանաչողության տարբեր փուլերում ստանում ես համալիր պատասխաններ, որոնք ունիվերսալ են տաբեր հարցերում։

Արեգ, մի տեսակ մեղքի զգացում ունեմ, որ զրույցը ծավալվեց պատերազմի շուրջ։ Առավոտյան լրիվ ուրիշ հարցադրումներով ու տրամադրությամբ էի քեզ սպասում Բալկոնում։ Ամեն դեպքում մի հարց կա, որով կուզեմ ամփոփենք զրույցը, եւ գուցե այս հարցի պատասխանից հետո քեզ հետ ունեցած մյուս զրույցների ժամանակ պատերազմին այլ դիտանկյունից անդրադառնանք կամ չանդրադառնանք ընդհանրապես։

Դու ուզու՞մ ես, որ քեզ ասոցացնեն Ապրիլյան պատերազմի հետ։

Հետաքրքիր հարց է․․․ Ու հակասական պատասխաններով։

Գուցե սխալ է այսպես ասելը, բայց այդ ժամանակ ես ինձ դուր էի գալիս։ Շատ հարցեր կային դեռ պատանեկությունից եկող, որոնց շուրջ մտածելիս հասկացել եմ, որ ինձ չեմ պահել այնպես, ինչպես կուզեի․ այդ առումով որպես մարդ, որպես ընկեր, որպես տղամարդ մի շարք հարցերում ռեվանշի առաջ ես կանգնում, պատերազմը քո բոլոր հին դրսեւորումները արժեւորելու տեղ է բացում։

Զգացում ունեի, որ խիղճս հանգստանում է, որպես մարդ, որպես քաղաքացի ինձ լավ էի զգում։ Եվ դեռ այդ ամենը հավելվեց ֆոտոպատմությունով, որը որ հասավ մարդկանց, դիպավ զգայարաններին։

․․․ Ու փաստորեն պատմվում է քո պատմությունը, դու չգիտես՝ ինչ է զգում դիմացինդ, բայց պահը շատ կարեւոր է։ Դու պատմում ես, ու դա արդեն անդրադարձ է․ լույսը կպել է մի բանի ու արդեն եղած գույներով է հետ գալիս, սկզբնական ինֆորմացիան չի այլեւս։

Իմ կյանքի ամենացավոտ ժամանակաշրջանն է եղել երեւի, բայց նաեւ այդ ցավն արժանապատվորեն տանելու ժամանակը։


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին

Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։