Շաբաթ, 18 օգոստոսի

Տաթևիկ Հովհաննիսյան. «Կարևորը՝ հոգիդ ճիշտ երգի»


«Ջազային երաժշտությունը դպրոց է,- ասում է ջազի մերօրյա լեգենդ Տաթևիկ Հովհաննիսյանը,-այնպես, ինչպես սովորեցնում են տառերը, հետո կարդալ, գրել, ճիշտ խոսել, այնպես էլ ջազում՝ ամեն ինչ սովորում ես զրոյից: Եթե սիրեցիր ջազը, եթե իսկապես հասկացար, վերջացավ, էլ էսպիսի բաներ չկան՝ «Ջազ էի սիրում, բայց հիմա արդեն այդքան էլ չէ, հիմա ռոք եմ լսում»: Պոպուլյար երաժշտությունը՝ այսօր ա՛յս երգն է, վաղը չէ մյուս օրը՝ ա՛յն մեկը: Այն, որ երեկ չէ առաջին օրվանն էր, այսօր այլևս չկա, մոռացվեց- գնաց: Նորաձևության նման: Կան, իհարկե, դասական դարձած գործեր, բայց հիմնականում, և՛ երեկ, և՛ այսօր գրված երգերը այս րոպեի համար են միայն՝ կոմերցիոն արդյունքներով: Ջազային երաժշտությունը չի եղել և երբևէ չի լինի կոմերցիոն երաժշտություն: Երաժիշտներ կան, որ քաղցած են ապրել, բայց նվիրված են այս երաժշտությանն ու չեն կարողանում այլ բան նվագել: Որովհետև արդեն ջազի մեջ են»:

Ներկայացված զրույցում՝ «Խոսելով Ջազի հետ» խորագրով, Տաթևիկ Հովհաննիսյանի հետ զրուցել ենք ջազի, ժողովրդական ակունքների  ճանաչողության և դրա ճիշտ ընկալման կարևորության, իր խմբի հետ երկար տարիների համագործակցության, ժողովրդական երաժշտության ջազային մշակումների առանձնահատկության և այլ հարցերի մասին:

Մայիսի 25-ից  30-ը, Տաթևիկ Հովհաննիսյանը համերգներով հանդես եկավ Երևանում և Գյումրիում: Երգչուին այս անգամ ներկայացավ նոր ծրագրով, նոր ու ինչպես միշտ, ժողովրդական երգերի անկրկնելի գեղեցիկ մշակումներով: Նա Հայաստանում էր իր նյույորքյան խմբի հետ՝ դաշնակահար Բոբ Ալբանեսի, բասիստ Ջո Ֆիցջերալդի և հարվածորդ Դեյվիդ Միդի:

«Լեդի ջազ», «Էլլան՝ Երևանից», «Ջազի թագուհի» և այլն. այսպես են ճանաչում նրան ջազի գիտակներն ու սիրահարները՝ այս բնորոշումների մեջ արտահայտելով երգչուհու մեծությունն ու երաժշտության մեջ նրա դերը: Այդպես էին անվանում նրան դեռ 70-ականներին, երբ աշխարհում դեռ ՍՍՀՄ կար, որը թեև արդեն ջազային մշակույթ ուներ, այնուամենայնիվ, սովետական էր ու գաղափարախոսական: Տաթևիկ Հովհաննիսյանն իր կատարման անկրկնելիությամբ նույն այդ մթնոլորտում բազմաթիվ կարծրատիպեր կոտրած երգչուհի է: Ոչ միայն Հայաստանում, ջազային պետական նվագախմբի կազմում հանդես գալով, այլև ողջ երկրում և ժամանակի ամենահայտնի անունների հետ հանդես գալով՝ նա առանձնացավ, տպավորվեց և տասնյակ տարիներ անց, մինչև այսօր էլ «խոսեց» իր ունկնդիրների հետ ձայնի ու կատարման իր առանձնահատկությամբ:

Այդ տարիներին ձայնագրվել և թողարկվել են նրա սոլո ալբոմները՝ «Օրվա երազանք», «Կոնցերտ ձայնի և նվագախմբի համար» և «Դռներ»: 

«Մեր տանն առաջնակարգ արվեստը եղել է հայկական  ժողովրդական արվեստը: Ես խորհուրդ կտայի, որ բոլորի տներում այդպես լիներ, որովհետև եթե քո արմատները չես ճանաչում, մյուսներին անդրադառնալն անիմաստ է,- ասում է Տաթևիկ Հովհաննիսյանը,-մեր տանն ամենուրեք երաժշտություն էր: Մայրս՝ Օֆելյա Համբարձումյանը, հայրս՝ քամանչահար Նորայր Հովհաննիսյանը՝ ժողովրդական, գուսանական երաժշտությամբ ու մթնոլորտով, ջութակահար եղբայրս՝ դասական գլուխգործոցներով, ինչպես նաև իր ջազային նախասիրությամբ, այդ մթնոլորտը ստեղծողներն էին: Մայրս, ժողովրդական երգչուհի լինելով,  չափազանց սիրում էր նաև դասական երաժշտություն: Օպերային հրաշալի նմուշներ էին հնչում, նրա ամենասիրելի երգչուհիներից մեկը ( ով, ի դեպ, նաև իմն է), Մարիա Կալլասն էր: Եվ այս ամենը՝ ժողովրդականը, դասականը, ջազը՝ իրենց բազմազանությամբ,  զարգացրել են իմ երաժշտական ընկալումները, ձևավորել սեր՝ հանդեպ ջազը, որը հավերժական էր»:

1980-ականներից Տաթևիկ Հովհաննիսյանն ապրում ու ստեղծագործում է ԱՄՆ-ում: Ջազային երաժիշտներն ավելի լավ կհասկանան, թե որքան դժվար է ճանապարհ անցնել մի երկրում, որը ջազի հայրենիքն է և որը այդ աշխարհում հսկայական ներուժ ունի նաև այսօր: Եվ ահա այստեղ, երաժշտության աշխարհում հայտնի հսկաների կողքին, Տաթևիկ Հովհաննիսյանը կարողացավ իր աստղային տեղը զբաղեցնել: Համերգներ, շրջագայություններ, համագործակցություններ անվանի երաժիշտների հետ, ձայնասկավառակներ հայտնի ընկերությունների առաջարկով և այլն: 1997թ. թողարկվեց նրա առաջին ալբոմը Միացյալ Նահանգներում՝ «Ballads from the Black Sea»-ն (Mapleshade production): Ընկերության տնօրենը՝ Պիեռ Սփրեյը նրան ճանաչում էր դեռ 1990թվականից, որից հետո սկսվել էր նրանց համագործակցությունը: Երգչուհին նշում է, որ այդ հանդիպումը դարձավ նրա՝ Միացյալ Նահանգներում ստեղծագործական կարիերայի նշանավոր սկիզբը http://www.datevik.com/bio/ :

Նրա ծրագրում ջազային ստանդարտներից բացի՝ 80-ականներից մշտական տեղ գտան հայկական ժողովրդական, հիմնականում՝ կոմիտասյան և Սայաթ-Նովայի  երգերի ջազային փոխակերպումները: Այս երգերը դարձել են նրա երաժշտական այցեքարտերից մեկը, ամենասպասվածներից, որոնց հետ մշտապես կապված է լինելու Տաթևիկ Հովհաննիսյանի անունը:  Այս թեմային անդրադառնալիս՝ նա միշտ գնահատանքով և հատուկ ուշադրությամբ հիշում է նաև ամերիկահայ հայտնի դաշնակահար, գործիքավորող և կոմպոզիտոր Արմեն Դոնելյանի անունը, ում երաժշտական արվեստում մշտապես ապրել են հայկական երգերն ու մեղեդիները: 1998թ. թողարկվեց նրանց համատեղ ալբոմը՝ «Listen to my heart» խորագրով (Sony/Epic), որտեղ ընդգրկված էին նրանց հայկական էթնիկ ջազային մշակումները: Ձայնասկավառակի պրոդյուսերը ջազի աշխարհում ևս մեկ հայտնի անուն՝ Ջորջ Ավագյանն էր:

«Ջազում գտա այն աշխարհը, որտեղ ես կարող էի իմ զգացածն ու ապրածն արտահայտել, գտա ազատությունը, շատ սիրեցի իմպրովիզացիան, որը  թույլ է տալիս քո փիլիսոփայությունը տեղադրել այդ երաժշտության մեջ ու ազատորեն խոսել ունկնդրի հետ»:

Կոմիտասյան հայտնի «Կաքավիկի» ջազային մշակումը ձայնագրվեց Արտո Թունջբոյաջյանի նվագակցությամբ: Վոկալի և թմբուկների աներևակայելի գեղեցիկ համադրություն, որը ամենապարզ նկարագրությամբ կարելի է անվանել կատարյալ երկխոսություն  մեղեդու ու մարդու միջև:

«Արթոն չափազանց տաղանդավոր երաժիշտ է: Մենք ծանոթացել ենք տարիներ առաջ, իմ «Listen to my heart» ձայնասկավառակի ձայնագրման ժամանակ: Ես ուզում էի, որ «Կաքավիկը» չգործիքավորվի և հնչի միայն թմբուկների հետ: Արմեն Դոնիելյանը պատմեց Արթոյի մասին, և արդյունքում ունեցանք «Կաքավիկը»-ի մեր կատարումը: Ձայնագրվեց շատ արագ, գրեթե միանգամից: Արթոն իսկական ստեղծագործող է, Արթոն իմպրովիզատոր է և ինձ համար շատ կարևոր էր նրա հետ այս համագործակցությունը»

Տաթևիկ Հովհաննիսյանն այսօր ԱՄՆ-ում ստեղծագործական գործունեությունից բացի, նաև դասավանում է՝ ջազային դպրոցում, վոկալի և կատարման տեխնիկայի վարպետության դասերով և այլն:  Ունի աշակերտներ աշխարհի տարբեր երկրներից: Նրանցից ոմանք գալիս են նույնիսկ հատուկ հայկական մշակումների հետևից, լսելով և գնահատելով հենց այս երաժշտությունը:

«Կարևոր է, որ կարողանաս ճիշտ հասցնել, փոխանցել քո երգը ունկնդրին, խոսել նրա հետ այդ երգով,- ասում է Տ. Հովհաննիսյանը,- կարևորը՝ հոգիդ երգի»:

Հայաստանյան համերգաշարից հետո երգչուհին հունիսի 2-ին համերգով հանդես եկավ Մոսկվայում:  Հաջորդ կանգառը Լոս Անջելեսն է:

Լուսանկարները վերցված են Տաթևիկ Հովհաննիսյանի պաշտոնական կայքից և ֆեյսբուք էջից:

Գլխավոր լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյանի


Գլխավոր էջ

Տպել    |  In English

Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։