Կիրակի, 23 սեպտեմբերի

ԱԱԾ-ն Ալեքսանդր Վարպետյանի անունը հանել է ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների բանկից



Ֆրանսիայի քաղաքացի, ազգաբան և էաբան Ալեքսանդր Վարպետյանն այսուհետ անարգել կարող է մուտք գործել Հայաստան: Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնի ղեկավար Սամսոն Գալստյանը «Հետք»-ին հայտնեց, որ Վարպետյանի անունն այսօր հանվել է ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների բանկից:

Գալստյանի խոսքով՝ ներկայում վերացել են Վարպետյանի մուտքի արգելքի հիմքերը ՀՀ տարածք:

Ալեքսանդր Վարպետյանն «Էություն» միաբանության նախագահն է: Հինգ տարեկանում Ֆրանսիայից Խորհրդային Հայաստան տեղափոխված ու Երևանում կրթություն ստացած Վարպետյանը 1975-ին վերահաստատվել է ծննդավայր Մարսելում: Ֆրանսիական քաղաքացիությանը զուգահեռ նա պահպանել է ԽՍՀՄ անձնագիրն ու քաղաքացիությունը, որն անկախությունից հետո նրա կամքով վերաձևակերպվել է որպես ՀՀ քաղաքացիություն: Սակայն, երբ 1994-ին Հայաստանում ընդունվել է երկքաղաքացիությունը բացառող օրենքը, երեք տարի անց Վարպետյանը զրկվել է ՀՀ քաղաքացիությունից: Այնուամենայնիվ, 1998-1999 եւ 1999-2002 թթ. Վարպետյանը ԿԳ եւ մշակույթի նախարարությունների միջնորդությամբ ձեռք բերված կացության կարգավիճակների շնորհիվ բնակվել է Հայաստանում: 2002-ին, սակայն, Վարպետյանի կացության կարգավիճակի ժամկետը չի երկարացվել:

Վերջինիս մուտքը Հայաստան արգելելու կապակցությամբ տեղեկություն է եղել այն մասին, որ չեն թույլատրում, քանի որ նա աղանդավոր է:

«Էություն» միաբանությունը պատրաստ է համագործակցել Հայ առաքելական եկեղեցու հետ»,- վստահեցնում է Վարպետյանը, սակայն բոլոր նմանատիպ առաջարկները պատասխան չեն ստացել:

Վարպետյանը մի շարք կառույցների դիմումներ է ներկայացրել, փորձել հասկանալ, թե ինչն է պատճառը, բայց խնդիրը լուծում չի ստացել:

Ավելին, 2008 թվականի հունվարին Վարպետյանի մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել է արդեն անժամկետ: Ապա պարզվել է, որ Հայաստանի Հանրապետությունը Վարպետյանի մուտքն արգելում է՝ 2007-ից ուժի մեջ մտած «Օտարերկրացիների մասին» օրենքի համաձայն, որը սահմանում է որոշակի հանգամանքներ, որոնց առկայության դեպքում արգելվում է օտարերկրացիների մուտքը:

2016 թվականին Ալեքսանդր Վարպետյանն իր իրավունքների պաշտպանության համար դիմել էր «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ»-ին, և գրասենյակի կողմից համապատասխան հարցում է կատարվել ԱԱԾ:

ԱԱԾ-ից պատասխանել են, որ «Վարպետյանի մուտքը Հայաստան արգելվում է, քանի որ գոյություն ունեն հավաստի տվյալներ այն մասին, որ Վարպետյանը հանդիսանում է այնպիսի կազմակերպության անդամ, որի նպատակը Հայաստանի Հանրապետության անվտանգությանը վնասելն է»: Իսկ այդ կազմակերպությունն «ԷՈՒԹՅՈՒՆ ազգային իմաստության տաճար»-ն է, որը 1990 թվականին հիմնադրել է Վարպետյանը, և, ըստ ԱԱԾ-ի, ֆաշիստական, ազգային թշնամանք տարածող գաղափարախոսություն ունի:

Վարպետյանը այս առնչությամբ դիմել էր դատարան: Վերջինս պահանջում էր իրեն ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկում հաշվառելու մասին Ազգային անվտանգության ծառայության գործողությունները ոչ իրավաչափ ճանաչել, պարտավորեցնել Ազգային անվտանգության ծառայությանն իր վերաբերյալ տվյալները ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկից հանել: Այս գործով դատարանը դեռևս որոշում չի կայացրել, բայց, փաստորեն, նրա պահանջի մի մասը արդեն իսկ կատարված է:


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանություններ (1)
1. Ալեքսանդր Վարպետյան20:27 - 4 հունիսի, 2018
Իմ խորին երախտագիտությունը «ՀԵՏՔ»-ին, անձամբ Էդիկ Բաղդասարյանին և բոլոր լրագրողներին մոտ 15 տարիներ է ի վեր այս հարցը դարձնելով կարևոր և չնայած ճնշումների հետևողականորեն արձագանքել է բոլոր իրադարձություններին ու պահպանել դրանք այս հատիւկ գզրոցում: Կեցցե՛ք, այս նաև ձեր վաստակն է ու հաղթանակը: Ես՝ ձեր երախտապարտը: ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ...
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ