ՏՄՊՊՀ-ի կայքում հրապարակված չեն չորս տարվա որոշումները
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կայքի գլխավոր էջում պաշտոնական լուսանկարներ կան, որ երեք տարի չեն փոխվել: Իսկ հանձնաժողովն իր որոշումները 4 տարուց ավելի է` չի տեղադրում կայքում: Տարիներ շարունակ ՏՄՊՊՀ-ից պատճառաբանում են, թե որոշումների չտեղադրելը պայմանավորված է տեխնիկական պատճառներով:
Հանձնաժողովի նախագահի խորհրդական Գայանե Սահակյանը «Հետք»-ին տեղեկացրեց, որ ՏՄՊՊՀ-ի կայք-էջը ստեղծվել է 2006թ.՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից (USAID): Դրանից հետո, 2010-2011 թվականներին «Մրցակցային և պետական օժանդակության օրենսդրության կիրարկման հզորացումը Հայաստանում» ԵՄ Թվինինգ ծրագրի 7-րդ բաղադրիչով, Հանձնաժողովի ինտերնետային կայքի խնդիրների վերհանման նպատակով, ծրագրի փորձագետների միջոցով իրականացվել է բացառապես տեխնիկական ախտորոշում՝ դիագնոստիկա: Դրանից հետո, USAID-ի հետ համագործակցության շնորհիվ, վերոնշյալ ախտորոշման հիման վրա իրականացվել են որոշակի տեխնիկական աշխատանքներ, որպեսզի կայքի տեղեկատվական բազան հնարավորինս գործի արդյունավետ:
«Այնուամենայնիվ, առայսօր ծրագրային որոշ խնդիրների պատճառով կայքը չի գործում լիարժեք, թեև Հանձնաժողովի ջանքերով արվում է հնարավոր ամեն բան՝ այն առավելագույնս արդյունավետ և թափանցիկ դարձնելու ուղղությամբ: Անհրաժեշտ ֆինանսական միջոցների բացակայության պատճառով, հնարավոր չի եղել ամբողջությամբ արդիականացնել կայքը՝ համապատասխանեցնելով ժամանակականից պահանջներին, կամ հիմնադրել նոր կայք»,-ասում է Գայանե Սահակյանը:
Հանձնաժողովի աշխատակցի ուժերով կատարվում են որոշակի աշխատանքներ, որպեսզի կայքը գործի հնարավորինս արագ և արդյունավետ՝ ներառելով ՏՄՊՊՀ-ի գործունեության վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը: Արդեն իսկ ընթացիկ տարվա ապրիլից տեղադրվում են որոշումները՝ ըստ ամիսների և տարեթվերի: Նախատեսվում է աշխատանքներն ավարտել մեկ ամսյա ժամկետում, որից հետո մինչ այսօր կայացված բոլոր որոշումները կլինեն հասանելի:
ՏՄՊՊՀ-ին հարցում ուղարկելուց անմիջապես հետո տեղադրվեցին հանձնաժողովի 2013թ. մի քանի ամսվա որոշումները: Մինչ այդ հասանելի էր մինչև 2012թ. կայացված որոշումները: Այս պահին տեղադրված են հանձնաժողովի մինչև 2013թ. հոկտեմբերի 7-ի դրությամբ կայացված որոշումները: Մնացածները բացակայում են և որևէ տարբերակով հնարավոր չէ համացանցում գտնել դրանց ամբողջական տարբերակները:
«Հանձնաժողովի կողմից կայացված որոշումները միշտ եղել են հրապարակային՝ դռնբաց նիստերի միջոցով: Առայսօր չի եղել գոնե մեկ դեպք, երբ որևէ տնտեսվարող, տնտեսվարողի ներկայացուցիչ, ՀԿ, կամ պարզապես քաղաքացի որևէ որոշմանը ծանոթանալու համար դիմի Հանձնաժողովին և այն վերջինիս չտրամադրվի»,-ասում է Գայանե Սահակյանը:
ՏՄՊՊՀ նախագահի խորհրդականն ասում է, որ կայքի համար պետական բյուջեից Հանձնաժողովին երբևէ գումար չի տրամադրել: Քանի որ կայքը ստեղծվել է ավելի քան 12 տարի առաջ, արդիականացման և պահանջվող նորմերին ու անվտանգության կանոններին համապատասխանեցնելու հարց է առաջացել: Այս հանգամանքով պայմանավորված՝ Հանձնաժողովը 2016 և 2017 թվականների տարեկան բյուջեի պլանավորման ժամանակ դիմել է Կառավարությանը՝ խնդրելով տրամադրել մինչև 1 մլն դրամ գումար՝ այդ աշխատանքների կազմակերպման համար, որը, սակայն մերժվել է:
Այժմ պարզ չէ, թե ՏՄՊՊՀ-ի կայքը վերազինելու նպատակով ինչ աղբյուրներից պետք է ֆինանսական միջոցներ հատկացնել: Պարզ չէ նաև, թե երբ կլուծվի կայքի տեխնիկական վերազինումը որպեսզի հանրությունը տեղեկացված լինի հանձնաժողովի գործունեության մասին, հասանելի լինեն որոշումները:
Տնտեսագետ Արտակ Մանուկյանն ասում է, որ ՏՄՊՊՀ-ի հիմնական նպատակը ազատ տնտեսական մրցակցության, մրցակցային միջավայրի և սպառողների շահերի պաշտպանությունն իրականացնելն է։ Ակնհայտ է, որ այս բոլոր ուղղություններում որոշումների թափանցիկությունը անհրաժեշտ պայման է։ Իսկ ՏՄՊՊՀ-ի կայքում հանձնաժողովի որոշումները չեն թարմացվել արդեն 4 տարի։
«Ակնհայտ է, որ ՏՄՊՊՀ որոշումներն ունեն նաև նախադեպային ազդեցություն, այսինքն՝ մրցակցության, շահերի պաշտպանության առումով չափազանց կարևոր է այդ որոշումների հանրային հասանելիությունը և թափանցիկությունը։ Այդ իսկ պատճառով դրանց չտեղադրումը կարող է դժվարություններ առաջացնել խախտված իրավունքների պատշաճ պաշտպանության տեսանկյունից»,-նշում է տնտեսագետը:
Գրեթե նույն կարծիքին է մեկ այլ տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը: Նրա կարծիքով՝ ընդհանրապես հանձնաժողովի աշխատանքների արդյունավետությունը բավական խոցելի է, և ոչ միայն հրապարակայնության մասով:
«Ակնհայտ է, որ մենք ականատես չենք լինում այն արդյունքին, որը ակնկալում ենք: Հանձնաժողովը այն կառույցներից է, որի թափանցիկությունը առավել կարևոր է, քանի որ գործունեությունը առընչվում է սպառողների լայն շրջանակին, հետևաբար նաև որոշումների հրապարակումը պետք է դառնա արդյունավետության և օբյեկտիվության երաշխիքներից մեկը»,- նշում է Մ. Առաքելյանը:
Տնտեսագետը կարծում է, որ նոր իշխանության օրոք հանձնաժողովը կկարողանա իրապես իրականացնել իր առաքելությունը և ապահովել տնտեսության զարգացման կարևոր նախադրյալներից մեկը՝ մրցակցությունը:
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել