HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Շիրակի 9-րդ մարզպետ Կարեն Սարուխանյանը կսկսի կրթական ոլորտը կոռուպցիոն երեւույթներից մաքրելուց

Այսօր, Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը Շիրակի մարզպետարանի աշխատակազմին, համայնքապետերին, ուժային կառույցների ղեկավարներին ու լրատվամիջոցների ներկայացուցիչներին ներկայացրեց 9-րդ մարզպետ Կարեն Սարուխանյանին: «Շիրակի մարզպետարանը Կարեն Սարուխանյանի գլխավորությամբ կլինի այն կապող օղակը, որ կնպաստի նոր ծրագրերի կյանքի կոչելուն: Մայրաքաղաքից դուրս Հայաստանի զարգացումը մեր աշխատանքի հիմնական ուղղություններից մեկը պետք է լինի»,-նշեց նախարար Պապիկյանը:

Վերջինս կարեւորեց մարզի զարգացման վերաբերյալ ծրագրերի կազմումը՝ նշելով, որ ակնկալում են ստանալ մեկ տասնյակից ավելի իրատեսական ծրագրեր, որոնք չեն մնա թղթի վրա եւ կյանքի կկոչվեն: Նախարարը խոստացավ առաջիկայում այցելել համայնքներ եւ տեղում ծանոթանալ խնդիրներին: Նախարար Սուրեն Պապիկյանը ներկա համայնքապետերին տեղեկացրեց առաջիկայում միասնական օնլայն հարթակի ստեղծման մասին:

«Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունն իր առաջ խնդիր է  դրել ձեւավորել համայնքային գույքի եւ հողերի օտարման օնլայն հարթակ: Սա ենթադրում է, որ յուրաքանչյուր համայնք տարվա սկզբին պետք է ներկայացնի օտարման ենթակա անշարժ գույքի եւ հողերի ցանկը, պիտի նշվի, թե օտարումն ինչ է տալու համայնքին եւ ինչ նպատակով է օգտագործվելու դրանից ստացված ֆինանսական միջոցները: Սա հնարավորություն կտա խուսափելու ավագանու միջոցով՝ առանց համայնքի բնակիչների լայն տեղեկացվածության, ասենք, լավագույն հողակտորները խնամի-ծանոթ-բարեկամին օտարելու արատավոր երեւույթից: Սա թույլ կտա համակարգչի առաջ նստած մարդուն, գտնել օտարվող տարածքները եւ հարմար լինելու դեպքում մասնակցել աճուրդին»,-նկատեց Սուրեն Պապիկյանը:

Շիրակի նորանշանակ մարզպետը կարճ խոսեց: Նա խոստացավ անել հնարավորինը մարզի զարգացման համար: Ի դեպ, հունիսի 1-ին, կառավարության նիստից հետո, Կարեն Սարուխանյանը, Գյումրի վերադառնալուն պես եկել էր մարզպետարան, որտեղ ոչ պաշտոնապես հանդիպել էր լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Այսօր, պատասխանելով «Հետք»-ի հարցերին, նորանշանակ մարզպետը նշեց, որ անցած 3 օրերն իր համար աշխատանքային են եղել՝ ծանոթացել է աշխատակազմի հետ, եղել շաբաթ երեկոյան սելավաջրերից տուժած Ցողամարգ բնակավայրում (Սարապատ խոշորացված համայնք), հանդիպել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Քաղաքացական պայմանագիր կուսակցության անդամ, կրթությամբ մանկավարժ մարզպետն աշխատանքային գործունեությունը հիմնականում ծավալել է այդ ոլորտում ՝ դասավանդելով Գյումրու պետական բժշկական քոլեջում(2008-2012թթ.) եւ Բյուրակն գյուղի միջնակարգ դպրոցում(2009-2018թթ.): Մանկավարժի աշխատանքը մարզի ղեկավարի պաշտոնով փոխարինումը Կարեն Սարուխանյանի համար գուցե անակնկալ էր, սակայն 32-ամյա ղեկավարը վստահ է, որ պատվով դուրս կգա ստեղծված իրավիճակից:

«Ես այս քաղաքից եմ, այս մարզից, իսկ դա նշանակում է, որ լավ եմ պատկերացնում բոլոր պրոբլեմները, որ գոյություն ունեն: Դրա հետ մեկտեղ ակնկալում եմ հատկապես քաղաքացիական հասարակության աջակցությունը: Ի դեպ, որոշ հկ-ների ներկայացուցիչների հետ արդեն իսկ հանդիպում եղել է, ծրագրեր են առաջարկվել: Անծանոթ չեմ նաեւ գյուղական կյանքին: Անասնապահությամբ եմ զբաղվել գյուղերից մեկում, հիմա էլ ճիշտն ասած կա այդ անասնաֆերման, ուղղակի արդեն այդ գործով մեկ ուրիշը կզբաղվի: Չմոռանանք նաեւ, որ դասավանդել եմ գյուղական համայնքում եւ լավատեղյակ եմ գյուղերի խնդիրներին: Վաղը պատրաստվում եմ գնալ Արթիկի տարածաշրջան, որովհետեւ այնտեղ էլ են եղել խնդիրներ, այնպես, որ կարելի է ասել նշանակման պահից արդեն իսկ գործի մեջ եմ»,-նկատեց Կարեն Սարուխանյանը:

Մարզպետի փոխանցմամբ, ինքն առաջին հերթին ձգտելու է այնպես կազմակերպել մարզի ղեկավարումը, իրականացնել այնպիսի ծրագրեր, որոնք կնպաստեն ներգաղթին: Կլինի՞ արդյոք կադրային ջարդ մարզպետարանում` հարցին Կարեն Սարուխանյանը պատասխանեց, որ գուցե ջարդ ասվածը խիստ է, սակայն, իհարկե, կլինեն փոփոխություններ, կգան թարմ, երիտասարդ ուժեր, իսկ աշխատանքը կշարունակեն նրանք, ովքեր անցած տարիների ընթացքում արդարացրել են իրենց: Քանի որ երկար տարիներ աշխատել է կրթական ոլորտում եւ լավատեղյակ է այնտեղ տիրող կոռուպցիոն երեւույթներին, ապա թերեւս «մաքրման աշխատանքներն» հենց այդտեղից էլ կսկսի նորանշանակ մարզպետը:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter