Երկուշաբթի, 24 սեպտեմբերի

Հայկական ստարտափ. Embry՝ կոշիկի խելացի ներդիր քաշը կառավարելու համար


Embry-ն կոշիկի մեջ դրվող առաջին խելացի ներդիրն է, որն ունի ներկառուցված կշեռք: Այն թույլ է տալիս զբաղված մարդկանց պահպանել իրենց ցանկալի քաշը, ու վերջինիս մի փոքր ավելացման դեպքում ստանալ ծանուցում և այն նորից կորցնելու անհատական խորհուրդներ։

Աշխարհում 1.9 միլիարդ չափահաս մարդ ունի ավելորդ քաշ, իսկ նրանցից 650 միլիոնն ունի գերճարպակալում (Առողջապահության համաշխարհային կազմակերպության 2016 թվականի տվյալների համաձայն)։ Այս թվերն օրեցօր աճում են, ու շուկան լավ ուսումնասիրելուց հետո ստարտափի հիմնադիրները նկատել են, որ նիհարելու համար լուծումներ շատ կան, բայց չկան հստակ մշակված գործիքներ ու մեթոդներ` կորցրած քաշը պահպանելու և նորից չգիրանալու համար։ Ստարտափի համահիմնադիր, 15 տարվա փորձ ունեցող սննդաբան Լիանա Ավետյանը ԱՄՆ-ում աշխատել է ավելորդ քաշ ունեցող մարդկանց հետ: Նա նշում է, որ վիճակագրության ու հետազոտությունների համաձայն մարդկանց 70%-ը դիետաներից հետո կորցրած քաշը հետ է հավաքում: Շուկայում բացը լրացնելու համար որոշում են ստեղծել կրելու համար նախատեսված առաջին կշեռքը, որը, ի տարբերություն այլ խելացի ներդիրների ու ակտիվությունը հաշվող սարքերի, տվյալներ է հավաքագրում քաշի մասին ու վերջինիս մի փոքր ավելացման դեպքում «ահազանգում» և գալիս օգնության։

Տարբեր դիետաների ու մեթոդների շնորհիվ շատերը կտրուկ քաշ են կորցնում, հասնում իրենց նպատակին, հոգեբանորեն հանգիստ վիճակում հայտնվում ու մտածում, որ կարող են այլևս չհետևել իրենց քաշին։ Embry-ն չի ստիպում նրանց ամեն օր հետևողականորեն կանգնել կշեռքի վրա, տվյալները ներմուծել ինչ-որ հավելվածի մեջ, հաշվել կալորիաներն ու ժամանակ առ ժամանակ հանդիպել սննդաբանի հետ, որը տվյալ պահին համապատասխան խորհուրդներ կտա։ Իր ցանկալի քաշին հասած մարդը ձեռք է բերում Embry Smart Insole, ներբեռնում հավելվածը, ներմուծում իր նախնական տվյալները ու այն պարզապես կրում է ցանկացած կոշիկ հագնելիս։ Մի քանի օր շարունակ սարքը «հարմարվում» է օգտատիրոջ առօրյային, ապրելակերպին, որից հետո սկսում է, անհրաժեշտության դեպքում, խորհուրդներ տալ՝ հուշելով, որ, օրինակ, քայլելու կամ ջուր խմելու ժամանակն է։

Սարքը, լինելով մարդու ոտքի տակ ու ունենալով նոր նախագծված տեխնոլոգիա, թույլ է տալիս հստակ ու ճշգրիտ հաշվել օրվա ընթացքում մարդու կատարած քայլերի քանակը: Այն հաշվում է նաև կարդիո վարժությունների ժամանակահատվածը, պարզապես նստած անցկացրած ժամանակն ու այդ մասին ամբողջական տվյալներ ներկայացնում օգտատիրոջը։ Սակայն էական են ոչ թե թվերը, այլ այն, թե ինչ են դրանք նշանակում։ Այսինքն՝ սարքը ոչ թե պարզապես տվյալներ է տրամադրում, այլև դրանք համադրում է սննդաբանների ու մարզիչների կարծիքների հետ՝ նշելով, թե որ դեպքում ինչ է անհրաժեշտ անել։ Քաշի ավելացման դեպքում սարքը ծանուցում է ուղարկում և հորդորում` հետևել դրան հաջորդող խորհուրդներին։ Սարքն արձագանքում է, երբ մարդու քաշն ավելանում է 2-3 կիլոգրամով ու որոշ ժամանակ պահպանվում այդպես։

Embry-ն բարակ է, հարմարավետ ու իր չափերով չի տարբերվում սովորական ներդիրից։ Ստարտափի համահիմնադիր և արտադրանքի գլխավոր դիզայներ Նարե Գևորգյանի խոսքով՝ կշեռքը կենցաղային սարքից վերածվում է նոր սերնդի, կրելու համար նախատեսված սարքի: Թաքնված ու փոքրիկ կշեռք ստեղծելու միտքը զարգացրել են ու դարձրել հստակ լուծում այն մարդկանց, հատկապես կանանց համար, ովքեր խուսափում են կամ զբաղվածության պատճառով մոռանում են կշռվել ու մի օր բացահայտում, որ քաշն ավելացել է։ Պետք է նշել նաև, որ բացի մարզումներից, մարդիկ շատ հաճախ սննդաբանների հետ մշտական կապ պահելու կարիք են ունենում՝ յուրաքանչյուր փուլում ճիշտ խորհուրդներ ստանալու համար։ Սննդաբանների, անձնական մարզիչների ժամավճարը բավական թանկ է, ինչն էլ նշանակում է, որ մարդիկ հիմնականում ինքնուրույն են ինչ-որ դիետաներ մշակում կամ օգտվում են ոչ այդքան վստահելի աղբյուրներից։ Արդյունքում՝ քաշը կորցնելու կամ ցանկալի քաշը պահպանելու փոխարեն ավելի շատ առողջական խնդիրներ են ի հայտ գալիս։

Embry-ն այս դեպքում կդառնա ամբողջական լուծում՝ տրամադրելով հասկանալի գրաֆիկներ քաշի վերաբերյալ, կծանուցի քաշը մի փոքր ավելանալու դեպքում, նույնիսկ, եթե մարդը չի հետևում իր քաշի գրաֆիկին, կապահովի ոլորտում երկար տարիների փորձ ունեցող սննդաբանների և մարզիչների անհատական խորհուրդներով։

Ստարտափի հիմնադիրները մի քանի ամիս շարունակ խոսել են քաշի խնդիրներ ունեցող մարդկանց հետ, տարբեր թիրախային խմբերի հետ կիրառել են սննդաբանի հատուկ մշակած, առցանց ծրագիրը, որի շրջանակում մասնակիցներն այդ ամիսների ընթացքում պահպանել են իրենց քաշը, ու նրանց մեծ մասը նույնիսկ զգալի նիհարել է։ Արդյունքները բավարար են ու մոտիվացնող։ Նշանակում է, որ նման համապարփակ ու տեղին խորհրդատվություն կստանան նաև Embry-ի հետագա բոլոր օգտատերերը։

Embry-ի նախատիպն արդեն պատրաստ է, իսկ թիմը քաշի փոփոխությունը հաշվող տեխնոլոգիան գրանցել է ԱՄՆ Մտավոր սեփականության գրասենյակում` որպես նախնական պատենտավորում (Patent Pending)։

2017 թվականին Embry-ն ստացել է Եվրոպական Միության կողմից համաֆինանսավորվող IMG դրամաշնորհ, անցել է Հայկական Ստարտափ Ակադեմիա նախաաքսելերացիոն ծրագիրը։ Վերջերս ստարտափում ներդրում է կատարել SmartGateVC-ին, որը ֆինանսավորում է ստացել Թիմ Դրեյփրից։ Ներդրումային այս փուլին որպես «հրեշտակ» ներդրող (angel investor) միացել է նաև Citymobil ընկերության գործադիր տնօրենի խորհրդական Ռադիկ Վերդյանը։ Հիմնադիրները մոտ ապագայում պլանավորում են սկսել քրաուդֆանդինգ արշավ:

Համահիմնադիր ու գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը հավատում է, որ ինչպես այսօր յուրաքանչյուր հեռախոս ունի ներկառուցված տեսախցիկ, այնպես էլ ապագայում յուրաքանչյուր կոշիկ ունենալու է ներկառուցված Embry:


Գլխավոր էջ

Տպել    |  In English


Տես նաև՝

ավելին

Մեկնաբանություններ (1)
1. Hagop22:30 - 6 հունիսի, 2018
I am constantly amazed all the Armenian tech start ups and how one company is better than the other! Bravo Armenia! Use your intelligence to strengthen Armenia, create jobs, bring in trillions of dollars to Armenia to modernize the country.
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։