HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Մասիսի քաղաքապետի և փոխքաղաքապետի լիազորությունները դադարեցնելու որոշում է կայացվել

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի և փոխքաղաքապետ Կարեն Օհանյանի պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցնելու որոշում է կայացվել: Այս մասին «Հետք»-ին ասաց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի հատկանիշներով քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ որպես մեղադրյալ ներգրավված Դավիթ Համբարձումյանը եւ Կարեն Օհանյանը, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն, հանդիսանում են հանրային ծառայության մեջ գտնվող անձինք, և բավարար հիմքեր կան ենթադրելու, որ պաշտոնում մնալով՝ վերջիններս կխոչընդոտեն մինչդատական վարույթում գործի քննությանը: Ուստի, հիշյալ քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով 2018 թ. հունիսի 5-ին որոշումներ է կայացրել Դ. Համբարձումյանի եւ Կ. Օհանյանի պաշտոնավարումը ժամանակավոր դադարեցնելու մասին: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հիշյալ որոշումները կատարման նպատակով ուղարկվել են Մասիսի քաղաքապետարան, միաժամանակ իրազեկելով ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարություն»,- ասաց Գոռ Աբրահամյանը:

Հիշեցնենք, որ ապրիլի 22-ին` ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանն ու Սասուն Միքայելյանի Էրեբունիում ձերբակալվելուց հետո, քաղաքացիական հագուստով, դիմակավորված անձինք մահակներով ու քարերով հարձակվել են երթի մասնակիցների վրա, բռնություն կիրառել ցուցարարների նկատմամբ, հայհոյել ու էլեկտրահարել նրանց:
Հարուցված քրեական գործի շրջանակներում Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու և դրանց մասնակցելու մեջ, իսկ փոխքաղաքապետ Կարեն Օհանյանը մեղադրվում է զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ:

Հունիսի 2-ին դատարանը մերժել է Դավիթ Համբարձումյանի և Կարեն Օհանյանի նկատմամբ խափանման միջոցը կալանավորումն ընտրելու վերաբերյալ միջնորդությունները:

Մեկնաբանություններ (1)

антиталмуд
Սասունը դեռ չի երաշխավորե՞լ....

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter