Չորեքշաբթի, 26 սեպտեմբերի

«Տարոն-Ավիան» նոր կառավարությանը մրցակցային դաշտի կարգավորման առաջարկ է ներկայացրել



«Տարոն-Ավիայի» կոմերցիոն տնօրեն Լեւոն Քարամյանը «Հետքի» հետ զրույցում հայտնեց, որ մայիսի վերջին Նիկոլ Փաշինյանի նոր կառավարությանն են ներկայացրել առաջարկություն, որի իրականացման դեպքում ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները Հայաստանից: Առաջարկությունը վերաբերում է ավիացիայի հայկական շուկայում հավասար մրցակցային պայմաններ ստեղծելուն: Հարցին, թե արդյոք օպերատորը դժգոհ է եղել նախկին իշխանությունների վարած քաղաքականությունից, Քարամյանը նշեց, որ խնդիրը մրցակցային դաշտը կարգավորելն է, եւ խոսքը, մասնավորապես, ռուսական ընկերությունների հետ մրցակցության մասին է: 

Հիշեցնենք, որ Գյումրու «Շիրակ» օդանավակայանում բազավորվող «Տարոն-Ավիան» 2017-ին այդտեղից թռիչքներ էր իրականացնում դեպի Կրասնոդար, Սամարա, Մոսկվա («Դոմոդեդովո»), Դոնի Ռոստով: Ավելի ուշ այս վերջին ուղղությունը փոխարինվեց Երեւան-Մոսկվա («Վնուկովո»)-Երեւան չվերթով: Վերջին անգամ ավիաընկերությունը սեփական չվերթ կատարել է այս տարվա հունվարի 14-ին Երեւանից դեպի Մոսկվա եւ հետադարձ ուղղությամբ: Դրանից հետո ընկերությունը դադար է վերցրել:

Այս դադարը պարտադրված է, քանի որ հայաստանյան ուղեւորափոխադրումների ոլորտում առաջին քայլերն անող («Տարոն-Ավիան» հիմնադրվել է 2007-ին որպես բեռնափոխադրող) ընկերությունը ռուսական գիգանտ ընկերությունների կոշտ մրցակցության պատճառով հայտնվեց «խաղից դուրս» վիճակում:

Անշուշտ, սրան հանգեցրեց նաեւ Հայաստանի հռչակած «բաց երկնքի» քաղաքականությունը: Որքան էլ նախկին կառավարության պաշտոնյաներն ու ՔԱԳՎ-ի ղեկավարությունը հայտարարեն, թե շուկայական հարաբերություններ են, ավիաընկերություններն են որոշում իրենց քաղաքականությունը, փաստ է, որ այսօր «բաց երկնքի» ծրագիրը Հայաստանին կանգնեցրել է կոտրած տաշտակի առաջ, ու միայն «Ավիակոմպանիա Արմենիան» է ընդամենը 1 օդանավով կանոնավոր փոխադրումներ կատարում, իսկ չարտերային թռիչքների համար էլ երբեմն դիմում վրացական գործընկեր «Georgian Airways»-ի օգնությանը՝ նրանից ինքնաթիռ վերցնելով: Շեշտենք, որ ավիացիայի ոլորտի բազմաթիվ մասնագետներ տարբեր առիթներով հայտարարել են, որ Հայաստանի նման փոքր երկրի համար, որը գտնվում է չավարտված պատերազմի պայմաններում, չափազանց ռիսկային է «բաց երկինք» հռչակելը:

Այն բանից հետո, երբ «Տարոն-Ավիան» դուրս մղվեց ասպարեզից, «Աէրոֆլոտի» դուստր «Պոբեդան» դեպի Գյումրի է թռչում ոչ միայն Մոսկվայից, այլեւ Սանկտ Պետերբուրգից ու Ռոստովից: Քանի որ «բաց երկնքի» քաղաքականությամբ թռիչքների ուղղությունների եւ քանակի սահմանափակում չկա, ռուսական կողմը, օգտագործելով իր մեծ ավիապարկն ու օդանավերի տեղերի քանակը, չվերթների պարբերականության ու գնային քաղաքականության միջոցով ի զորու է կարճ ժամանակում փակուղի մտցնել հայկական ցանկացած ավիաընկերության:

Լեւոն Քարամյանը մեզ նաեւ հայտնեց, որ կառավարությանն են ներկայացրել իրենց 9-ամսյա գործունեության (2017-ի ապրիլից մինչեւ 2018-ի հունվար) պատկերը: Ավիաընկերության առաջարկությունը կառավարությունն արդեն ստացել է: Եթե «Տարոն-Ավիան» հայկական երկինք վերադառնա, ըստ Լ. Քարամյանի, կրկին կիրականցնեն դեպի Ռուսաստան թռիչքներ:

Հիշեցնենք, որ հայկական օպերատորը 4 հատ «Boeing 737-500» տիպի օդանավ ունի, որոնցից 3-ն (EK-73772, EK-73775, EK-73776) այս պահին շահագործվում են Աֆրիկայում: Իսկ Գյումրիում մնացած օդանավը (EK-73797) գարնանը՝ Նովրուզի օրերին, օպերատորը վարձակալությամբ հանձնել էր մեկ այլ հայկական ընկերության՝ «Atlantis European Airways»-ին, որը Երեւանից թռչում էր Իրան՝ այնտեղից բերելով իրանցի զբոսաշրջիկների:

«Տարոն-Ավիայի» կոմերցիոն տնօրենը հայտնեց, որ EK-73797-ը Գյումրուց կրկին տեղափոխվել է Երեւան՝ նույն «Atlantis»-ի թռիչքների իրականացման համար: Ինչպես տեղեկանում ենք «Զվարթնոց» օդանավակայանի կայքից, օդանավը Գյումրուց Երեւան է ժամանել հունիսի 2-ին:

Ամսի 3-ին այն պիտի մեկներ Ստամբուլ, սակայն չվերթը չեղարկվել է: Հաջորդ թռիչքը նախատեսված է այսօր գիշերը:  

Ինչպես արդեն գրել ենք, «Atlantis»-ն ունի 2 օդանավ, սակայն դրանք վարձակալության է հանձնել հունական «Ellinair»-ին ու, փաստորեն, ինքն է ուրիշից օդանավ վարձակալում:    

Լուսանկարը՝ «Տարոն-Ավիայի» ֆեյսբուքյան էջից


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (2)
1. Լեւոն Ղազարյան14:22 - 10 հունիսի, 2018
Ճիշտն ասած ես որոշել էի այլևս չխոսել, բայց այս հեղափողությունը մի տեսակ հուսադրել է ինձ։ Սիրելի Վահե, սիրելի Լևոն ինչի մասին եք խոսում։ Շուրջ 30 տարի մեր վարչությունոմ չի եղել մի մասնագետ, որ հասկանա միջպետական հարաբերություններից ավիացիայի բնագավառում, կառավարությունում ու խորհրդարանում առավել եվս։ Հիշում եք Հովիկ Աբրահամյանի ժամանակ, կառավարությունում ավիացիայի մասին քննարկումից հետո եկա ասեցի, որ ես չհասկացա թե սրանք, որ երկրի իշխանություններն են, մեր թե այլ երկրների։ Օրենքը պատասխանատվություն չի պահանջել բնագավառը ավերելու համար, կառավարություններում էլ մի հասկացող մարդ չի եղել, որ պետական քաղաքականություն մշակի ավիացիայի բնագավառում ու պահանջի իրականացնել։ Սրանք էլ աշխատել են ոնց որ կարողացել են, հա հենց եդպես «մին դեպի ինձ, ու նորից, մին դեպի ինձ »։ Արդյունքում, ուղևորափոխադրումների Հայկական շուկան ամբողջովին էքսպանսիայի ենթարկվեց։ Եդ շուկան, որ պիտի մեզ համար աշխատատեղ ստեղծեր։ Օտարները եկել են մեր հարազատ «Մալացիայի շուկան գրավել են ու մեզ չեն թողնում, որ գնանք կաշկա քշենք, մի կտոր հաց վաստակենք »։ Ավիացիան դա մենակ «ուղևոր փախցնելը» չի, այն սկսում է ավիամոդելիզմից, վերջանում տեխնիկներով, ինժեներներով, օդաչուներով։
2. Լեւոն Ղազարյան14:23 - 10 հունիսի, 2018
Մեկ մարդու փոխելով, ոչինչ չի փոխվի (խոսքս ավիացիայի վարչության պետի մասին է), մինչև ավիացիոն հանրության լայն մասսաները չմասնակցեն մի ծրագրի, ասենք «Ազգային ավիացիայի վերականգնում» մշակմանը, ու հետո էլ, հսկեն ու ապահովեն ծրագրի իրականացումը, ոչինչ չի փոխվի, մի քանի տարի հետո կհանեն կամ չեն հանի հերթական վարչության պետին։ Ասենք մի հասարակական «Гос Авиа Надзор»–ի պես բան պիտի ստեղծվի։ Հարենիքի համար ստեղծված այս ծանր պայմաններում անհարաժեշտ են հետևյալ հիմնական քայլերը։ Առկա ռեսուրսների խելացի կիրառմամբ հնարավորինս շուտ հայկական ընկերությունների կողմից թռիչքների իրականացում: «Ավիացիայի զարգացման ազգային ծրագրի» ստեղծում և հաստատում: Աստիճանաբար վերականգնելով շուկայում բալանսը, ստացված միջոցների հաշվին աստիճանաբար վերականգնել ավիացիան իր ողջ սպեկտրով։ Օրենքների, օրենսդրական ակտերի, կանոնակարգերի ընդունում և փոփոխություններ: Հիմա , երբ մեր պետությունուը վերանյում է, կամ փորձում է կարգավորել միջպետական հարաբերությունները , իսկը ժամանակն է նաև բարձրաձայնել «Բաց …… քաղաքականության» հարցը։ Այն հարկավոր է բարձրաձայնել, հիմնավորված փաստերով, խելացի անալիզով և հստակ առաջարկություններեվ։ Բայց ով՞ է անելու դա։ Հա հիմա էլ գիտե՞ք ինչ իչավիճակ է, ասեմ «եզն ընկել ա, դանակավորները շատացել են։ » Բայց ես հույս ունեմ, որ մեր երիտասարդները, որ իմ մեջ հույս են առաջացրել, առանց շտապելու, բազմաթիվ մարդկանց լսելով, առավել եվս մարդկանց , որ պաշտոն չեն ուզում, ճիշտ եզրակացության կգան ու որոշում կնդունեն։
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ