HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Ենոքին մոռացավ նաեւ դատավորը

Նոյեմբերի 27-ին Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում ավարտվեց «Իկուշ» մականունով հայտնի կավատ Իրինա Ենոքյանի դատաքննությունը:

«Իկուշի» կազմակերպմամբ ու հովանավորությամբ տարիներ շարունակ Արաբական Միացյալ Էմիրություններում մի խումբ հայ աղջիկներ զբաղվել են պոռնկությամբ: Ընդ որում` նրանց վաստակած գումարները կավատը յուրացրել է: Բացի այդ, նա իր ընկերոջ` Ենոք Ենոքյանի հետ (Իրինայի օրիորդական ազգանունը Դանիելյան է: Իրականում նա Ենոքի հետ ամուսնացած է եղել ու վերցրել է վերջինիս ազգանունը - Ա. Դ.) Դուբայում Հերմինե Զաքարյանին պարբերաբար ծեծի միջոցով ենթարկել է սեռական շահագործման:

Գլխավոր դատախազության քննիչներ Արիստակես Երեմյանի եւ Ներսես Միսակյանի ջանքերով Ենոքի անունը գործի շրջանակներից դուրս է մնացել: Իսկ Իրինայի արարքները որակվել են ՀՀ Քրեական օրենսգրքի 132 (խաբեությամբ սեռական շահագործման ենթարկելը) եւ 262 (պոռնկությամբ զբաղվելու կազմակերպումը) հոդվածներով:

Նախաքննության ընթացքում «Իկուշն» իրեն մեղավոր է ճանաչել մասնակի, բայց ցուցմունքներ տալուց հրաժարվել է` առանց հիմնավոր պատճառաբանության:

Նոյեմբերի 23-ի դատական նիստին, սակայն, Իրինա Ենոքյանը ցուցմունք տալու պատրաստակամություն հայտնեց:

«Ուղղակի հիվանդ եմ. ձայնս կտրված է: Խնդրում եմ մի երկու օր ժամանակ տվեք»,- ասաց նա:

Նշենք նաեւ, որ նույն նիստի ժամանակ տուժող Հ. Զաքարյանը դատարանից պահանջեց, որպեսզի հօգուտ իրեն «Իկուշից» բռնագանձվի 340 հազար դրամ: Ըստ նրա հաշվարկների` իրեն սեռական շահագործման ենթարկելու 4 ամիսների համար պետք է բռնագանձել 140 հազար դրամ (յուրաքանչյուր ամսվա համար միջին աշխատավարձի չափով` 35 հազար դրամ): Իսկ մնացած մասը տուժողը պահանջում էր իր քայքայված առողջությունը վերականգնելու համար, որը «հետեւանք է ծեծի ու սեռական շահագործման»: Հերմինեն այժմ բուժվում է թոքախտի դեմ:

Հաջորդ դատական նիստին` նոյեմբերի 27-ին, Ի. Ենոքյանը մտափոխվել էր: Նա դարձյալ հրաժարվեց ցուցմունքներ տալուց: Իսկ վերջին խոսքի հնարավորությունն օգտագործելով` միայն ասաց.  «Խնդրում եմ մեղմ մոտենալ»:

«Իկուշի» փաստաբան Գայանե Գալոյանի խոսքերով` իր պաշտպանյալին 132 հոդվածով մեղադրելն անհիմն է, քանի որ, նախ` Հերմինեին ոչ ոք խաբեությամբ Դուբայ չի տեղափոխել, եւ նա շատ լավ իմացել է, թե ուր է գնում եւ ինչի համար, հետո` Իրինան նրան երբեւէ չի ծեծել:

«Նայեք ամբաստանյալի կառուցվածքին: Հազիվ թե նա կարողանար որեւէ մեկին ստիպել զբաղվել մարմնավաճառությամբ»,- եզրակացրեց պաշտպանը:

Գ. Գալոյանը դատարանին խնդրեց վճիռ կայացնելիս հաշվի առնել նաեւ այն, որ Իրինան ամուսնալուծված է, ունի մանկահասակ երեխա, որը ծնվել է անհաս եւ առ այսօր գտնվում է բժիշկների հսկողության տակ:

«Երեխան մոր կարիքն ունի, նրան խնամող չկա: Իսկ հորից (երեխայի հայրը Ենոքն է - Ա. Դ.) տեղեկություն չկա,- ասաց փաստաբանը:- Բացի դրանից, Իրինան նույնպես հիվանդ է. տառապում է թոքախտով»:

Դատարանն Ի. Ենոքյանին երկու հոդվածներով էլ ճանաչեց մեղավոր եւ դատապարտեց ազատազրկման 4 տարի 3 ամիս ժամկետով: Տուժող Հ. Զաքարյանի 340 հազար դրամի քաղաքացիական հայցը մերժվեց:

Ենոքին մոռացավ նաեւ դատավոր Մնացական Մարտիրոսյանը, թեեւ նախորդ նիստերից մեկի ժամանակ նա տուժողին հարցաքննելիս հետաքրքրված եւ զարմացած էր, որ Ենոքի անունը մեղադրական եզրակացությունից մնացել է դուրս: Այս անունը չհայտնվեց նաեւ դատավճռում, հիմա էլ՝ դատավորի թեթեւ ձեռամբ: Նրան նույնպես «ստիպել են մոռանալ» այդ անունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter