Կիրակի, 23 սեպտեմբերի

«Հետքի» հրապարակումից հետո էթիկայի հանձնաժողովը պաշտոնյաներին առաջարկել է պարզաբանում ներկայացնել



Վերջերս գրել էինք Չեխիայում մի շարք հայ պաշտոնյաների ու նրանց հարազատների ընկերությունների մասին: Խոսքը, մասնավորապես, Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արտաշես Թումանյանի («Unitezza Group»), Տավուշի արդեն նախկին մարզպետ Հովիկ Աբովյանի («ZIKATAR»), էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների այլեւս նախկին փոխնախարար Կարեն Ղահրամանյանի («EDIKAR COMPANY») եւ նախկին գլխավոր դատախազ, այժմ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի որդու՝ Միսակ Հովսեփյանի («OMIRA») մասին է:

Հայտնել էինք, որ դեսպանը, մարզպետն ու փոխնախարարը չեն հայտարարագրել չեխական ընկերություններում ունեցած իրենց բաժնեմասերը, իսկ Աբովյանն ու Ղահրամանյանն էլ գրանցվել էին որպես տնօրեններ, ինչի իրավունքը օրենքով չունեին:

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին հարցրել էինք, թե ինչ քայլեր են ձեռնարկվել տվյալ պաշտոնյաների վերաբերյալ: Հանձնաժողովից այսօր հայտնել են, որ նախաձեռնված իրավական ընթացակարգերի շրջանակում Արտաշես Թումանյանին, Հովիկ Աբովյանին, Կարեն Ղահրամանյանին առաջարկվել է ներկայացնել պարզաբանում: Ընթացակարգերն ավարտելուց հետո հանձնաժողովը խոստացել է տրամադրել լրացուցիչ տեղեկատվություն:

Հիշեցնենք, որ մեր հրապարակումից անմիջապես հետո դեսպան Թումանյանը պարզաբանում է ուղարկել խմբագրություն, իսկ Աբովյանն ու Ղահրամանյանը լռություն են պահպանել: «Հրապարակված տեղեկատվությունն ինձ համար անակնկալ էր, քանի որ 2009 թ. դիմում է ուղարկվել չեխական համապատասխան մարմիններին՝ ընկերությունը (նկատի ունի «Unitezza Group» ՍՊԸ-ն- հեղ.) լուծարելու վերաբերյալ: Կայքի տեղեկատվության համար շնորհակալ եմ եւ այժմ պատրաստվում եմ համապատասխան քայլեր իրականացնել հանգամանքները պարզելու համար, այդ թվում նաեւ կապված իմ հայտարարագրի հետ»,- հայտնել է դեսպանը: Չեխական ռեգիստրում մինչ օրս, սակայն, որեւէ տվյալ չկա ընկերության լուծարված լինելու կամ նման գործընթացքում գտնվելու մասին (տես ստորեւ):

Հրապարակման մեջ նշել էինք նաեւ, որ Կարեն Ղահրամանյանը, ով 2004-2018 թթ. եղել է էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարության աշխատակազմի ղեկավար, այս տարվա փետրվարին նշանակվել էր փոխնախարար, սակայն նոր պաշտոնի ստանձնման առիթով 30 օրում հայտարարագիր չէր ներկայացրել: Հանձնաժողովը պարզաբանել է, որ «Հանրային ծառայության» մասին օրենքի 33-րդ հոդվածով՝ եթե հայտարարատու պաշտոնատար անձն իր լիազորությունների դադարումից (դադարեցումից) հետո՝ 15 օրվա ընթացքում, նշանակվում (ընտրվում) է նշված օրենքին համապատասխան հայտարարագրման պարտականություն նախատեսող պաշտոնում, ապա նա պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու եւ ստանձնելու օրվա դրությամբ հայտարարագիր չի ներկայացնում: Այսինքն՝ քանի որ Ղահրամանյանը աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատվելու նույն օրը՝ փետրվարի 22-ին, նշանակվել էր փոխնախարար, չի ներկայացրել հայտարարագիր:

Սակայն հունիսի 4-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կ. Ղահրամանյանին ազատել է փոխնախարարի պաշտոնակատարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: Եթե 15 օրում նա հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեցող պաշտոն չստանա, պարտավոր է պաշտոնի դադարեցման օրվա դրությամբ գույքի եւ եկամուտների հայտարարագիր ներկայացնել: Նույնը վերաբերում է Հովիկ Աբովյանին, որը կառավարության որոշմամբ պաշտոնից ազատվել է (իր դիմումի համաձայն) հունիսի 1-ին:


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ