Շաբաթ, 18 օգոստոսի

Կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի մագիստրատուրայի հեռակա բաժինն ավարտեցին 5 օտարերկրացի երաժիշտներ



Ազգությամբ արաբ 25-ամյա ջութակահար Իհաբ Ճամալը Բեյրութից է: Երեւանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի մագիստրատուրայի հեռակա բաժնում ուսանելու համար դիմել էր երեք տարի առաջ: Երաժշտական կրթությունը ստացել է Բեյրութի կոնսերվատորիայում, բակալավրիատում դասախոսել է հայազգի պրոֆեսոր Արթուր Տեր-Հովհաննիսյանը: Իհաբ Ճամալն ասում է, որ հասկանում է հայերեն լեզուն, որոշ չափով էլ խոսում, սակայն ներողություն է խնդրում իմ մայրենի լեզվով չհաղորդակցվելու համար, ասում է՝ չսխալվելու համար թարգմանչի օգնությունն ավելի տեղին է:

Իհաբ Ճամալը

«Գյումրու կոնսերվատորայի հեռակա մագիստրատուրայի բաժնի մասին իմացել եմ Բեյրութի կոնսերվատորիայի իմ դասախոսից՝ Արթուր Տեր-Հովհաննիսյանից: Նա է խորհուրդ տվել, որ դիմեմ: Մագիստրատուրայում սովորել եմ Երեւանի կոնսերվատորիայի դասախոս, պրոֆեսոր Գագիկ Սմբատյանի դասարանում, ով նաեւ դասավանդում է Գյումրու հեռակա բաժնում: Ամեն տարի նվազագույնը երկու անգամ եկել եմ Հայաստան,- ասում է Իհաբ Ճամալը:- Պիտի ասեմ, որ շատ գոհ եմ կատարածս ընտրությունից: Ես հասկացել եմ, որ այստեղ հրաշալի կրթություն են տալիս եւ հետո՝ Հայաստանում երաժշտական մթնոլորտն առավել իշխող է, բարձր է, քան Լիբանանում»:

Իհաբ Ճամալը լավատեղյակ է հայազգի կոմպոզիտորներից Արամ Խաչատրյանի, Էդվարդ Միրզոյանի, Առնո Բաբաջանյանի ստեղծագործություններին, սիրում է եւ հաճույքով կատարում նրանց գործերը, ասում է. «Արամ Խաչատրյանն ինձ համար համաշխարհային մեծություն է»: 2015թ-ին մասնակցել է Երեւանում անցկացվող Հրաչյա Բոգդանյանի անվան ջութակահարների միջազգային մրցույթ-փառատոնին, երկու տարի առաջ՝ Գյումրիում անցկացվող «Վերածնունդ» փառատոնում գրավել է առաջին տեղը: Ինչ վերաբերում է քաղաքին, ապա նշում է, որ տպավորված է ճարտարապետությամբ, հատկապես եկեղեցիներն են գրավել եւ հին թաղամասերի փողոցները:

BBC-ի սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես եկող 29-ամյա ջութակահարուհի Սառա Հովարդի կատարումը հունիսի 2-ին գյումրեցի հանդիսատեսը հնարավորություն ունեցավ լսելու երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» փառատոնի փակման գալա համերգի ժամանակ: Իսկ նախորդ օրը Սառան, ԵՊԿ-ի Գյումրու մասնաճյուղում մագիստրատուրայի հեռակա ուսուցման բաժնում, հանձնեց վերջին քննությունը: Սառա Հովարդը Ավստրալիայի Սիդնեյ քաղաքից է, վերջին երեք տարին ապրում է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում: Գյումրու եւ այստեղ անցկացվող ամենամյա «Վերածնունդ» փառատոնի, ինչպես նաեւ կոնսերվատորիայում հեռակա ուսուցման մասին լսել է իր դասախոսից՝ Եվրոպայում հայտնի ջութակահարներից մեկից՝ պրոֆեսոր Իգոր Պետրուշեւսկուց:

Սառա Հովարդը

«Ես բազային երաժշտական կրթությունս ստացել եմ, այսինքն բակալավրիատն ավարտել եմ Սիդնեյում, այնուհետեւ կրթությունս շարունակել Վիեննայում: Նրանց համար, ովքեր նաեւ աշխատում են, ինչպես ես, հեռակա մագիստրատուրայում սովորելն ու ավարտելը շատ ավելի հարմար է: Երբ դասախոսս ասաց, որ Հայաստանի կոնսերվատորիան տալիս է նման հնարավորություն, իհարկե նաեւ գներն են ցածր, ես որոշեցի դիմել: Գոհ եմ նաեւ այստեղի պրոֆեսորադասախոսական կազմից: 2016-2017թթ-ին մասնակցել եմ «Վերածնունդ» փառատոնին, իսկ այս անգամ հանդես եկա նաեւ մեծ բեմում փառատոնի շրջանակներում»,- ասում է Սառա Հովարդը՝ նշելով, որ ուսումնառության ընթացքում երեք անգամ է այցելել Հայաստան:

Ելենա Մարտինովիչը

Վիեննայում բնակվող ծագումով սերբ բայանիստ 34-ամյա Ելենա Մարտինովիչը նույնպես այս տարի ավարտեց Գյումրու կոնսերվատորիայի մագիստրատուրայի հեռակա բաժինը: Սերբիայում ապրել ու սովորել է մինչեւ 10 տարեկանը, այնուհետեւ ընտանիքը տեղափոխվել է Ավստրիա: Բայանի ընտրության մեջ մեծ դեր է խաղացել ծագումով Սերբիայից լինելը: «Բայանը Սերբիայում թերեւս ամենասիրված, տարածված երաժշտական գործիքն է, ու դրանով է պայմանավորված ընտրությունս: Ես ունեմ բակալավրի եւ դաշնամուրի դասատուի դիպլոմ: Հեռակա մագիստրատուրայի ուսուցման հնարավորության մասին իմացել եմ պրոֆեսոր Իգոր Պետրուշեւսկուց, բացի դրանից մասնակցել եմ «Վերածնունդ» փառատոնին»,- պատմում է Ելենա Մարտինովիչը: Զրուցակիցս խոստովանում է, որ գերված է Արամ Խաչատրյանի երաժշտությամբ:

Սրջյան Վուկաշինովիչը

Գյումրու կոնսերվատորիայի մագիստրատուրայի հեռակա բաժինն ավարտող Սիեռա Այգենման ու Սրջյան Վուկաշինովիչ ամուսինները եկել են Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքից: 25-ամյա Սիեռան ջութակահարուհի է, 35-ամյա Սրջյանը՝ բայանիստ: Սիեռան պատմում է, որ Գյումրու կոնսերվատորիայի մասին առաջին անգամ լսել է մոտ 4 տարի առաջ՝ Բազելում ուսանելու տարիներին՝ ազգությամբ հայ ջութակահար մի աղջկանից: Մեծ դերակատարում է ունեցել նաեւ պրոֆեսոր Իգոր Պետրուշեւսկին: Վերջինս Գյումրու «Վերածնունդ» փառատոնի ժյուրիի անդամներից է եղել:

«Մագիստրատուրայի համար Գյումրու կոնսերվատորիան ընտրելիս հաշվի ենք առել նաեւ պրոֆեսոր Պետրուշեւսկու խորհուրդը: Որոշեցինք որ ոչ միայն ես, այլեւ ամուսինս էլ դիմի: Այս ընթացքում մի քանի անգամ եղել ենք Գյումրիում, մասնակցել փառատոնին: Ասեմ, որ շատ ենք հավանում ձեր ուտելիքները: Նախորդ օրը ռեստորաններից մեկում ձուկ ենք կերել, որ շատ համեղ էր, նաեւ ծիրանի հյութ ենք խմել, որ անմահական էր, Շվեյցարիայում նման համ չես գտնի: Շատ ենք հավանում նաեւ հայկական գինին»,- ասում է Սիեռան: Կնոջը լրացնելով՝ Սրջյանն էլ իր հերթին է նկատում, որ Հայաստանում մարդիկ շատ ջերմ են, ավելի երաժշտական են, ավելի էմոցիոնալ: «Ու շատ գեղեցիկ»,- ծիծաղելով ավելացնում է Սիեռան՝ նկատելով, որ դեմ չէին լինի տեղափոխվել եւ ապրել Հայաստանում:

ձախից 3-րդը՝ Սիեռա Այգենման

Հարցին, թե արդյոք ավելի մատչելի է Հայաստանում հեռակա կարգով մագիստրատուրան ավարտելը, քան ասենք՝ Եվրոպայում, 5 զրուցակիցներս էլ տվեցին դրական պատասխան: Երեւանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղում մագիստրատուրայի հեռակա բաժինը բացվել է 3 տարի առաջ: Տարեկան վարձը 400 հազար դրամ է: Կոնսերվատորիայի մասնաճյուղի տնօրեն Կարինե Ավդալյանի փոխանցմամբ՝ հեռակա բաժնում չեն կարող սովորել միայն ժողովրդական երգեցողություն եւ ակադեմիական կամերային երգեցողություն մասնագիտացումներն ընտրած դիմորդները:

«Ես միայն մի բան կասեմ, որ սա «Վերածնունդ» փառատոնի արդյունքն է, մի փառատոնի, որ էս վերջերս սկսել են փնովել: Եկել են մարդիկ, մասնակցել են փառատոնին, հետո որոշել են սովորել մեզ մոտ: Որտեղի՞ց պիտի իրենք տեղեկանային մեր մասին, եթե չլիներ «Վերածնունդ»-ը: Փառատոնը մեզ ուսանող է բերում, օգնում է մեր ուսանողներին դուրս գալ երկրից եւ վարպետության դասեր առնել Եվրոպայում: Մեզ մոտ են գալիս մարդիկ, որոնց անուններն ուսանողները միայն լսել են ու այստեղ վարպետության դասեր են տալիս իրենց,- նկատում է Կարինե Ավդալյանը: -Իհաբ Ճամալը վիրտուոզ ջութակահար է, ու անգամ մեզ համար է պատիվ, որ մագիստրատուրան ինքը մեր մոտ է ավարտում, Սառան BBC-ի սիմֆոնիկ նվագախմբի հետ մշտապես համերգային շրջագայությունների է, այսինքն մեր դիմորդներից որեւէ մեկը սկսնակ չէ, ամեն մեկը ուսումնառության հսկայական փորձ ունի: Այս տարի նրանք մեր առաջին շրջանավարտներն էին, կլինե՞ն առաջիկայում դիմողներ, դեռ պարզ չէ»:

Կարինե Ավդալյանի համոզմամբ՝ հստակ է մի բան. չլիներ փառատոնը, որ կազմակերպվում է 10 տարուց ավելի, իրենց մտքով անգամ չէր անցնի ունենալ հեռակա ուսուցման բաժին, քանի որ առանց ճանաչվածության, առանց կապերի, նման ռիսկի որեւէ մեկը չէր գնա:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ