HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Հանրայինի ղեկավարությունը վստահեցնում է՝ գումարի հափշտակում և անարդյունավետ վատնում չի եղել

Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, ինչպես նաև երիտասարդության և սպորտի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այսօր քննարկվեց նաև Հանրային հեռուստառադիոընկերության բյուջեն։ Քննարկումների հիմնական թեման «Հետք»-ի հրապարակումն էր Հանրայինում տեղ գտած խախտումների մասին։

Հիշեցնենք, որ ըստ Ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչության ստուգումների՝ երկու միլիարդ դրամի խախտման դեպքերի են արձանագրվել Հանրային հեռուստաընկերությունում:

«Կուզենայի մասնավորեցնեք, թե ինչ չարաշահումների մասին է խոսքը»,-հարցրեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:

Նախ հարցին արձագանքեց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, որը նախկինում զբաղեցնում էր Ֆինանսների փոխնախարարի պաշտոնը՝ նկատելով, որ վստահ չէ, թե «չարաշահում» բառն արտահայտում է այն, ինչ արձանագրված է։

«Խոսքը վերաբերում է մեծ մասամբ ընթացակարգային շեղումներին, և միայն մոտ 183 միլիոն դրամ գումարն է, որ վերականգնման ենթակա է, իսկ մնացածը սահմանված ընթացակարգերին անհամապատասխան արձանագրումներն են եղել, և դրանք, մեր ունեցած տեղեկություններով, շտկվել են։ Այսինքն, երբ «չարաշահում» օգտագործում ենք, դա ենթադրում է ինչ-որ անհաջող գործողություններ, իսկ այս դեպքում իրենց գործողությունը շտկումն է»,- ասաց նախարարը։

Իվետա Տոնոյանը հետաքրքրվեց՝ որքան գումարից է ընթացակարգային շեղումներով արձանագրվել 2 միլիարդը, և արդյոք դա չի խոսում կառավարման ճգնաժամի մասին։

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանն արձագանքեց․ «Ուղղակի դուք միշտ հինգ միլիարդից երկու միլիարդն եք ֆիքսում, ճիշտն ասած` քանի որ այս հարցի գլոբալ քննարկում էի նախատեսում, խնդրեցի, որ մեզ միանա Հանրայինի տնօրենը՝ Մարգարիտա Գրիգորյանը, որ ավելի մանրամասն ասվի»։

Մարգարիտա Գրիգորյանը, անդրադառնալով Հանրայինում պատգամավորի նշած կադրային ճգնաժամին, ասաց, որ իր ղեկավարած շուրջ հինգ տարվա գործունեության մեջ Հանրայինը բոլոր հաշվետվությունները մանրամասնություններով ներկայացրել է Ֆինանսների նախարարություն։

«Պարոն Ջանջուղազյանն ասաց, որ տողերի խախտումներ են եղել, բայց տարիների ընթացքում ներկայացրել ենք, և հաշվետվությունն այդ տեսքով ընդունվել է։ Կամ տեղի է ունեցել հետևյալը՝ այս տարվա կտրվածքով անհրաժեշտ է եղել գնել հինգ տեսախցիկ, բայց պարզվել է, որ անհրաժեշտ է ոչ միայն հինգ տեսախցիկ, այլև փչացել է ձայնային ստուդիայի վահանակը, մենք գնել ենք երեք տեսախցիկ և ձայնային ստուդիայի մեկ վահանակ, որը համարժեք է նույն գումարին։ Դուք անընդհատ շեշտում եք, որ պետք է վերադարձվի: Ոչ, գումարի հափշտակում, անարդյունավետ վատնում տեղի չի ունեցել, տեղի է ունեցել բյուջեի տողերի ձևակերպման անվանումների տարբերություն, որը հետագայում մեզ ասվել է, որ մենք պարտադիր պետք է դիմեինք Ֆինանսների նախարարությանը այդպիսի փոփոխությունների համար»,- ասաց Գրիգորյանը։

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը հետաքրքրվեց, թե ինչու է տարիների ընթացքում նույն սխալն արվել և ինչու չի շտկվել։

Մարգարիտա Գրիգորյանն արձագանքեց, որ յուրաքանչյուր տարի հաշվետվություն են ուղարկել Ֆինանսների նախարարություն, և դիտողություններ լինելու դեպքում` շտկել են։

«Կուզենայի մի կարևոր հանգամանքի վրա ուշադրություն դարձնել՝ շատ հաճախ պետական բյուջեով սահմանված տողերն ընդհանուր բնույթ են կրում, Հանրային հեռուստաընկերությունն էլ, ստեղծագործական ոլորտում լինելով, շատ չափորոշիչներ ունի, որոնք դեռ կարգավորված չեն։ Շատ բարդ է հասկանալ հաղորդման մեկ րոպեի արժեքը, իրավական առումով մեր դաշտում ոչ ամեն ինչն է կարգավորված»,- ասաց Գրիգորյանը։

Թեմայի քննարկումը շարունակեց «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը՝ զարմանալով, թե ինչու է Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը փաստաբանի դեր ստանձնել։

«Խոսքը Հանրային հեռուստաընկերության մասին է: Եթե մամուլում կա նման հրապարակում, և Դուք՝ տիկին Մարգարիտա, պարոն Ջանջուղազյանը, մյուսները դրան պատասխանելու բան ունեք, դիմեք դատարան, կա հեղինակություն վայելող լրատվամիջոց, որը երկու հրապարակումով է հանդես եկել: Վերականգնեք հանրության մոտ այն համբավը, որը կար»,- ասաց նա։

Ատոմ Ջանջուղազյանն արձագանքեց՝ փաստաբանի դեր չի ստանձնել, Ֆինանսների նախարարության  կատարած ստուգմանն է անդրադարձել։ Թե՛ Ռուբեն Ջաղինյանը, թե՛ Մարգարիտա Գրիգորյանը չարձագանքեցին պատգամավորի դիտարկմանը։

«Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն էլ անդրադարձավ հրապարակումների այն մասին, որ Հանրայինի շենքը գրավադրված է, և ընկերությունը վարկեր է վերցրել։

Հանրային հեռուստաընկերության տնօրեն Մարգարիտա Գրիգորյանն արձագանքեց, որ ընկերությունը 1,5 միլիարդ դրամի վարկ ունի, որը ընթացակարգային դրույթներով փակում է։

«Ցավում եմ, որ չեմ կարող տոկոսի մասին պատասխան տալ, կարող եմ բոլորի հարցերին գրավոր պատասխանել, եթե թույլ կտաք»,- ասաց նա՝ դիմելով Էնֆիաջյանին։

Անդրադառանալով 183 միլիոն վերականգնման ենթակա գումարին՝ Գրիգորյանն ասաց, որ 8 միլիոնը շինարարական մասով է, 7 միլիոնը՝ աշխատավարձերի համապատասխանության մասով, մնացած գումարը՝ հաղորդումների րոպեներին է առնչվում։

Էնֆիաջյանը, դիմելով Ջանջուղազյանին, ասաց, որ ըստ հրապարակման՝ երկու միլիարդ դրամի չարաշահում է եղել, ապա հարցրեց, թե ով է այդ չարաշահման մեղավորը և ինչ պատասխանատվության է ենթարկվելու։

«Պարոն Ջաղինյան, լրատվական դաշտում որպես փաստ ներկայացված է, որ ձեր գործունեության պատվերների շուրջ 75%-ը տրված է «Շարմ հոլդինգին», որի 50% բաժնետերը Դուք եք հանդիսանում, մամուլում հրապարակում կա նաև, որ Հյուսիսային պողոտայում երկու բնակարան եք գնել, կուզենայի անդրադառնաք սրան»,- ասաց նա։

Ջաղինյանն արձագանքեց՝ պատգամավորները հարցադրումներ են անում՝ առանց լսելու պատասխանները։

«Երկու միլիարդի հետ կապված մանրամասն պատասխանեցին։ Դուք ինձ ընդհանուր հարցեր եք տալիս բնակարանների մասին, ես իմ բնակարանները գնել եմ մինչև այն, ինչ զբաղեցրել եմ: Ես չեմ կարա յուրաքանչյուր ասեկոսներին էստեղ պատասխանեմ, որովհետև ֆարմատը մի քիչ այլ ա»,- ասաց Ջաղինյանը։

Ինչ վերաբերում է «Շարմ հոլդինգ» ընկերության հետ Հանրայինի համագործակցությանը, Ջաղինյանն ասաց, որ Հանրայինը ոչ թե «Շարմին» է պատվիրում, այլ մի քանի կազմակերպության։

«Շարմ կազմակերպությունը դա մի կազմակերպություն է, որը որակով պատրաստում է ծրագրեր: Ոչ միայն Շարմը տարբեր կազմակերպություններ կան, որոնք աութսորս պատրաստում են Հանրայինի ծրագրերը, ինչը նորմալ է։ Շենքի հետ կապված՝ Հանրային հեռուսատեսության շենքը, որ ասում են, էնտեղ շատ շենք-շինություններ կան, երբ մենք Հանրային սկսեցինք զբաղվել, կային մի քանի շենք, որոնք ընդհանրապես պետք ա կոպիտ ասած ջարդվեին, որովհետև վատ սեյսմիկ վիճակում էին։ Մի շենքը, որը ամենավատ վիճակում էր, Երևան ստուդիայի շենքը, այդ մասնաշենքն է, որ դրված է։ Հանրային կարևոր շենքը դրված չէ»,- ասաց Ռուբեն Ջաղինյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter