Շաբաթ, 22 սեպտեմբերի

Շերամապահություն՝ Աղավնատուն գյուղում. Սոնա Ղազարյանը սպասում է առաջին «բերքահավաքին»


Սոնա Ղազարյանը շերամապահության իր առաջին փորձն անում է Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղում: Ասում է՝ որոշել էր Հայաստանում այնպիսի մի գործ անել, որը սպառման մեծ շուկա կունենա։ Մետաքսագորգի վարպետների հետ հանդիպումից հետո որոշել է, որ պետք է շերամապահությամբ՝ մետաքսաթել գործող որդերի բազմացմամբ զբաղվել։ Սոնան ասում է, որ Հայաստանում մինչեւ 1991թ.-ը շերամապահություն եղել է, սակայն վերացել է, նաեւ ոլորտում մասնագետներ չկան։

Շերամապահության առաջին փորձի համար ընտրել են Աղավնատուն գյուղի բնակիչ Ավագ Միսակյանի թթենու այգին։ «Որոշեցինք փորձնական, երեք տուփ գրենայից՝ շերամորդի ձու (մեկ տուփում՝ 24 հազար ձու), սկսել։ Տարածքը հարմար էր, սնունդը կար։ Արդեն քառասուն օր է՝ հետեւում ենք շերամորդերին, կերակրում, մի քանի օրից «բերքահավաք» կանենք»,- ասում է Սոնա Ղազարյանը։

Շերամապահության համար հարկավոր է սնունդ՝ թթենու տերեւներ եւ ճյուղեր, ինչպես նաեւ համապատասխան պայմանները՝ խոնավություն, ջերմություն, մաքուր տարածք։ Շերամորդը սնվում է միայն թթենու տերեւներով։

Շերամորդը կյանքի հինգ հասակ ունի. «Առաջին հասակում ձվից դուրս եկած մետաքսորդը մի քանի միլիմետր է, ուտում է մանրացված եւ նոր դուրս եկած թթենու տերեւները, իսկ 5-րդ հասակի վերջում որդերին կերակրում են թթենու ճյուղերով, հասնում է մոտ 8 սմ-ի։ Կենդանին սկսում է զգալ, երբ է բավարար սնունդը, օրգանիզմը սկսում է մաքրվել, հրաժարվում է սննդից»,- պատմում է Սոնան։

8-10 օրվա ընթացքում շերամորդը բերանով իր շուրջը հյուսում է մետաքսե ամուր պատյանը՝ բոժոժը, որի թաղանթը կազմված է 1000–1500 մ երկարություն ունեցող մետաքսաթելից։

Բոժոժի ներսում թրթուրը վերածվում է հարսնյակի, հետո դառնում թիթեռ ու ծակելով բոժոժը` դուրս գալիս. «Թելը ստանալու համար պետք է մինչեւ թիթեռի դուրս գալը բոժոժը հատուկ ջերմային պայմաններում մշակվի, որպեսզի չվնասվի մետաքսաթելը։ Իսկ բոժոժից դուրս եկած թիթեռը նորից ձվադրում է, հետո մահանում»,- պատմում է Սոնան։

Աղավնատան բնակիչ Ավագ Միսակյանը ասում է, որ երբ իրեն դիմել են իր թթենիների այգում շերամաապահությամբ զբաղվելու համար, համաձայնվել է: Ինքը գյուղատնտեսությամբ է զբաղվում. որոշել է, որ շերամապահությունը չի խանգարի։ Ավագը պատմում է, որ Աղավնատուն գյուղում շերամապահություն է եղել, նույնիսկ պահպանվել է գյուղի թթանոցը։ Ասում է, որ այս գործում կարեւոր է ուշադիր լինելը, իր տղայի՝ Հովհաննեսի հետ 24 ժամ հետեւում է մետաքսաորդերին, կեր տալիս, մաքրում տարածքը, հետեւում ջերմաստիճանային պայմաններին։

Շերամապահության մեջ իրենց առաջին փորձը կատարողները հույս ունեն, որ մի քանի տարուց հետո արտադրանքի ծավալն այնքան կմեծանա, որ Հայաստանում մետաքսաթելի մանման գործարան կկառուցվի։

«Մոտ հարյուր բնագավառ կա, որտեղ շերամորդը օգտագործվում է, զրահաբաճկոնների, օդապարիկների արտադրության մեջ, դիմահարդարման քսուքների արտադրության մեջ...»,- ավելացնում է Սոնան։

Սոնան ինքն իրեն շերամապահ դեռեւս չի համարում։ Նշում է, որ բնագավառի զարգացման համար համապատասխան մասնագետներ են հրավիրելու, ինչպես նաեւ սահմանամերձ մարզերում հետաքրքրվողներին ապահովելու են թթենիների տնկիներով, գրենաներով, կազմակերպելու են սեմինարներ, որպեսզի մյուս տարի մայիսին ունենան խումբ, որը պատրաստ կլինի զբաղվել շերամապահությամբ։

Տեսանյութը եւ լուսանկարները՝ Դավիթ Բանուչյանի


Գլխավոր էջ

Մեկնաբանություններ (4)
1. Վաչագան 08:03 - 6 հունիսի, 2018
Հարգեի Սոնա , ողջունում եմ Զեր նախաձեռնությունը և հաջողություն եմ մաղթում , վստահ եմ, որ լուրջ և պրոֆեսիոնալ մոտեցման դեպքում հաջողություն կունենաք : Ես ինքս հետաքրքրվելեմ այդ թեմայով , սակայն խիստ ծանրաբեռնվածության պատճառով չեմ կարողանում զբաղվել : Անգամ Թուրքմենյաից թթենու հատուկ կտրոններ եմ ներմուծել , որոնք պատրաստ եմ անվճար նվիրել Ձեզ : Ուրախ կլինեմ նաև կիսվելու Ձեր հետ իմ մուտեցումներուվ
2. Մարինե10:12 - 6 հունիսի, 2018
Բարի օր, Ես չէի կարող չարձագանքել!!!! ինձ շատ ուրախացրեց այն փաստը , որ կան մարդիք ովքեր հետաքրքրվել են այս գեղեցիկգործով: Կուզենաի նշել , որ շերամապահությամբ զբաղվելը ոչ միայն հաճելի այլ նաև շատ աշխատատար գործ է, սակայն ճիշտ կառավարման և արտադրությունը ճիշտ կազմակերպման դեպքում բազմաշահույթ: Արտադրության ընթացքում գոյացաց ցանկացած թափոն օգտագործման ենթակա է, անկորուստ արտադրություն է: Հայաստանում մինչև 1997 թվականը կար շերամ կայան այն գտնվում էր Մալացիա -Սեբաստիա տանող ճանապարհին , կար այգի այնպիսի հազվադեպ տեսակի թթենիների տեսակներով, ինչը սելեկցիոն աշխատանքների շնորհիվ անպտուղ էին եվ ամբողջ սննդային նյութերը տերևների մեջ էին, կար նաև շատ հետաքրքիր մի սարք որն ապահովում էր մեծ քանակի արդեն 3-4 հասակի թրթուրներին կերակրել և խնամել: Հայկական շերամի ցեղերը շատ բարձր արժեք ունեին նրանք կայուն էին հիվանդությունների դեմ( իմ դիպլոմի ղեկավարը տիկին Ազիզյանը , սեփական ուժերով երկար տարիներ փորձում էր պահպանել այդ ցեղերը, ներկայացնում էր ծրագրեր հայաստանում շերամապահությունը զարգացնելու ուղղությամբ): Խորհուրդի կարգով ` բարձրօրակ բոժոժ ստանալու համար անհրաժեշտ են հատուկ պլասմասե բոժոժակալներ , որոնք կապահովեն միանման և հավասար բոժոժներ, մետաքսաթելի մինիմալ կորստով: P.S. Հաջողություն Ձեր բռնած գործում: Միշտ պատրաստ ենք օգնել Հայաստանում թվթով շատ քիչ մասնագետներ.......
3. Սոնա Ղազարյան13:25 - 7 հունիսի, 2018
Հարքելի Վաչագան,ինչպես կարող եմ Ձեզ հետ կապնվել?
4. Լուսիկ Սարոյան23:42 - 14 հունիսի, 2018
Հարգելի Սոնա շերամապահությամբ և նրանից մետաքսաթելի ստացմամբ մինչև 80֊ ի կեսերը զբաղվել է կեն. գիտ. դոկտոր պրոֆեսոր Սանատրուկ Մարտիրոսի Սարգսյանը; որն էլ հիմնադրել էր Մարինեի կողմից նշված Մալաթիա֊ Սեբաստիա֊ Էջմիածին տանող ճանապարհի թթենու հսկայական այգին։ Հիմա այն համարյա լրիվ չորացել է; սական Ս.Մ.Սարգսյանը մի փոքրիկ այգի էր հիմնադրել նաև ՀԳԱԱ Կենդանաբանության (հիմա մի փոքր անվանափոխություն է ենթարկվել) իստիտուտի տարածքում և այնտեղ երկար տարիներ պահպանվել և բուծվել են շերամի տարբեր սորտեր։ Այդ ինստիտուտի գենետիկայի լաբորատորիայից կարող եք կարևոր տեղեկություններ ստանալ և անգամ այգում գտնել թթենիների այն սորտերը; որոնց տերևներով և սաղարթով կերակրվում էին որդերը; կարող է անգամ պահպանված լինեն բոժոժակալներից նմուշներ; կարող եք գտնել մարդկանց; որոնք ձեզ կուղղորդեն գտնել մի երկու մասնագետների; որոնք Հայաստանում են' Ռուզաննա Գրիգորյան; Նատաշա Սարգսյան
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։