HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Կոստանյանի համոզմամբ՝ կառավարությունը դրական լուծում է առաջարկում հետախուզման մեջ գտնվողների համար

Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց արդարադատության նախարարության ներկայացրած «Քրեական դատավարության օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։

Նախագիծը ներկայացրեց արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը։ Ըստ առաջարկվող փոփոխությունների՝ եթե նախաքննություն կատարելիս ծագում է մեղադրանքը փոփոխելու կամ լրացնելու անհրաժեշտություն, քննիչը պարտավոր է կրկին մեղադրանք առաջադրել, իսկ մեղադրյալի՝ քննությունից կամ դատից թաքնվելու կամ նրա գտնվելու վայրն այլ պատճառներով պարզված չլինելու դեպքում՝ համապատասխան փոփոխություն կամ լրացում կատարել անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման մեջ՝ կայացնելով որպես մեղադրյալ ներգրավելու մասին նոր որոշում:

Առաջարկվում է ամրագրել նաև, որ եթե նախաքննության ընթացքում մեղադրանքի որևէ մասը չի հաստատվում, քննիչն իր որոշմամբ առաջադրված մեղադրանքի այդ մասը պետք է վերացնի և դրա մասին հայտարարի մեղադրյալին։ Մեղադրյալի՝ քննությունից կամ դատից թաքնվելու կամ նրա գտնվելու վայրն այլ պատճառներով պարզված չլինելու դեպքում քննիչը համապատասխան փոփոխություն է կատարում անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման մեջ՝ կայացնելով որպես մեղադրյալ ներգրավելու մասին նոր որոշում։

Նախագծի հարակից զեկուցող ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը կոչ արեց կողմ քվեարկել նախագծին։ Հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Գևորգ Կոստանյանը ևս ողջունեց Կառավարության առաջարկած փոփոխությունները՝ ընդգծելով, որ այն առաջարկվող փոփոխությունները հօգուտ մեղադրյալների են։

Կոստանյանի խոսքով՝ գործող Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ եթե անձը հետախուզման մեջ է, իր մեղադրանքը չի կարող փոփոխվել։

«Պատկերացրեք, որ անձին մեղադրանք է առաջադրվել ծանր հոդվածով, նա հետախուզման մեջ է, բայց քննության ընթացքում պարզվում է, որ ավելի մեղմ արարք է կատարել, բայց, միևնույն է, հնարավոր չէ մեղադրանքը փոփոխել, փոխվում է բացառապես առաջադրված մեղադրանքը, այսինքն եթե մեղադրանք չես առաջադրել, որովհետև անձը փախուստի մեջ է, մինչև չներկայանա, չես կարող փոխել», - ասաց Կոստանյանը։

Նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն իր համոզմունքը հայտնեց՝ փոփոխությունները հօգուտ մեղադրյալների են, ուստի նա կոչ արեց հանձնաժողովի անդամներին կողմ քվեարկել։

«Դրական լուծում է տրվում հետախուզման մեջ գտնվող մեղադրյալների համար»,- ասաց նա։

Նախագիծն արժանացավ հանձնաժողովի հավանությանը, և կներկայացվի ԱԺ խորհրդին՝ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգ ընդգրկվելու համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter