HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Արարատ Միրզոյանը ցուցարարներին խոստացել է, որ առաջին ստուգումը Ամուլսարում է լինելու

Ամուլսարի շահագործմանը դեմ և հանք տանող ճանապարհները փակած ցուցարարների հետ հանդիպում է ունեցել Հայաստանի առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը: Հանդիպումը կայացել է երեկ երեկոյան՝ կառավարության շենքում: Չնայած երեկ Հայաստանի ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը ցուցարարներին խոստացել էր հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, սակայն հանդիպմանը մասնակցած Ջերմուկի բնակչի Վազգեն Գալստյանի փոխանցմամբ՝ Ամուլսարի հարցերով անմիջապես զբաղվում էր Արարատ Միրզոյանը, այդ իսկ պատճառով որոշում է կայացվել քննարկումը կազմակերպել հենց նրա հետ:

«Հետք»-ի հետ զրույցում Վազգենը որոշ մանրամասներ հաղորդեց փոխվարչապետի հետ երեկ կայացած հանդիպումից:  Արարատ Միրզոյանի հետ հանդիպել է 14 հոգանոց խումբ՝ ինչպես Ջերմուկի բողոքող բնակիչները, այնպես էլ՝ «Ամուլսարն առանց հանքի» և Հայկական բնապահպանական ճակատի ներկայացուցիչները:

Ցուցարարները փոխվարչապետին ներկայացրել են իրենց մտահոգությունները՝ կապված Ամուլսարի շահագործման հետ: Դրանք լսելուց հետո Արարատ Միրզոյանը խոստացել է, որ առաջին ստուգումը կանցկացվի Ամուլսարում:

Բացի այդ, փոխվարչապետը ցուցարարներին խոստացել է, որ հանքում իրականացվող ստուգումներին հանրային լայն մասնակցություն է ապահովվելու:

Ցուցարարները Միրզոյանին առաջարկել են տեսչական ստուգման փոխարեն հանքում առավել լայն ծավալով ստուգումներ իրականացնել: «Մեր առաջարկած տարբերակները Արարատ Միրզոյանը խոստացավ, որ կքննարկի վարչապետի ու կառավարության հետ, և կփորձեն արագ լուծում գտնել: Անկեղծ ասած` իմ տպավորությունն այն էր, որ իրենք չէին պատկերացնում, որ խնդիրն իրականում այսքան լուրջ է, որովհետև այն մարդիկ, ովքեր նրանց ներկայացրել էին այս խնդիրը մակերեսորեն էին ներկայացրել»,- նշեց Ջերմուկի բնակիչը:

Հանդիպումից հետո Ջերմուկի բնակիչները որոշել են դադարեցնել բողոքի բոլոր գործողությունները: Ցուցարարները բացել են հանք տանող ճանապարհները և հանքի աշխատակիցները հետ են վերադարձել աշխատանքի:

Փոխվարչապետը խոստացել է, որ մեկ շաբաթում բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը պետք է դուրս բերվի բնապահպանության նախարարության ենթակայությունից և կառավարությանն առընթեր մարմին դառնա, որի փաստաթղթավորումը կավարտվի 7-10 օրվա ընթացքում, որից հետո ևս 10-15 օր է անհրաժեշտ լինելու Ամուլսարի վերաբերյալ ստուգումներն իրականացնելու համար:

Այսօր Ամուլսարի տարածքում բողոքի ակցիա իրականացնող ցուցարարների հետ հանդիպման պետք է գնար նաև բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը: Այդ մասին երեկ հայտնել էր փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, սակայն նախարարը առավոտյան զրուցել է Վազգենի հետ և հայտնել, որ ցուցարարների հետ քննարկելու է նույն խնդիրները, ինչ երեկ նրանք քննարկել են փոխվարչապետի հետ և Արարատ Միրզոյանի հետ ցուցարարները արդեն իսկ համաձայնության են եկել:

Նշենք, որ երեկ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշել էր, որ բնապահպանության նախարարի գլխավորությամբ կառավարության ներկայացուցիչները կլինեն Ամուլսարում՝ ազդարարելով վարչապետի հանձնարարականի կատարմանն ուղղված աշխատանքների սկիզբը:

Հիշեցնենք՝ Ջերմուկի և հարակից գյուղերի բնակիչները երկու օր փակել էին Ամուլսարի հանք տանող ճանապահները՝ որպես բողոք  Ամուլսարի շինարարական աշխատանքների շարունակման:

Երեկ ցուցարարները հեռախոսազանգ էին ստացել Հայաստանի ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանից, ով առաջարկել էր բացել հանք տանող ճանապարհները և գալ Երևան՝ հանդիպելու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Ցուցարարները քննարկել էին ոստիկանապետի առաջարկը և որոշել, որ հանք տանող ճանապարհը կշարունակեն փակ պահել, իսկ 10-15 հոգանոց խմբով կգան Փաշինյանի հետ հանդիպման:

Տասն օր առաջ նույն տարածքների բնակիչները կրկին փակել էին հանք տանող ճանապարհները և դրանք բացել միայն փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ` մայիսի 24-ին ունեցած հանդիպումից հետո:

Մեկնաբանություններ (2)

Սարգիս
Ամուլսարի հարցերով զբաղվում է Արարատ Միրզոյանը? Այս մարդը 2013-2015թթ. եղել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDEA) հիմնադրամի «Ավրորա մրցանակ եւ 100 կյանք» նախաձեռնության հետազոտական խմբի ղեկավար: Բոլորս գիտենք, որ Ամուլսարի հանքի բաժնետերերից մեկը նաև Ավրորայի գլխավոր ֆինանսավորողներից է, խոսքն գնում է գործարար Ռուբեն Վարդանյանի մասին.: Եվ ձեր կարծիքով փոխվարչապետն օբյեկտիվ է լինելու Ամուլսարի լրջագույն խնդիրներին լուծում տալու ժամանակ?
ՀԲՃ
Այնքան էլ հստակ չեն ներկայացված քննարկման մանրամասները ցավոք

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter