HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Գևորգ Կոստանյան․ «Եթե ես խմբակցության կազմը լքեի, մանդատս վայր կդնեի»

«Կառավարության գործունեության այս ծրագիրն իմ դիտարկմամբ նպատակների հուշագիր է, ոչ ավելին»։ Այս մասին խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում, ասաց Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը։ Հիշեցնենք, որ վաղը արտահերթ նիստում քննարկվելու է Կառավարության ծրագիրը։

«Ես չեմ տեսել բացի նպատակների ընդգծումից այդ նպատակների իրագործմանն ուղղված մեթոդաբանություն, քայլերի հաջորդականություն, այսինքն գործողությունների ծրագիր, գուցե ինչ-որ բան բաց եմ թողել, դրա համար ինչքանով ես եմ ծանոթացել այդ փաստաթղթին, այն բնութագրում եմ որպես նպատակների հուշագիր»,- ասաց Կոստանյանը։

Հարցին՝ ՀՀԿ-ն կհաստատի՞ այդ ծրագիրը՝ ընդունելով մեկ տարվա ընթացքում արտահերթ ընտրություններ անցկացնելու պայմանը, Կոստանյանը պատասխանեց․

«Եթե Կառավարության գործունեության ծրագիրը հավանության արժանացավ մեր խմբակցության կողմից, դա կդիտարկվի հավանություն արժանացնել այդ ծրագրին ևս, խնդրում եմ ուշադրություն դարձրեք հետևյալին՝ քանի որ արդեն ասացի, որ այն նպատակների հուշագիր է, նպատակների տեսակետից ընդունելի է, բայց նպատակներին հասնելու ճանապարհների, մեթոդիկայի ընտրության շուրջ, քայլերի հաջորդականության կիրառման շուրջ կարող են լինել բազմաթիվ խնդիրներ, քանի որ այդ քայլերը չկան, ես չեմ կարող գնահատական տալ»։

Դիտարկմանը, որ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը վստահեցնում է, որ ՀՀԿ-ից են գործարար պատգամավորներին խորհուրդ տվել դուրս գալ խմբակցությունից, Կոստանյանն ասաց, որ կուսակցության որոշումների կայացմանը չի մասնակցել, քանի որ ՀՀԿ-ական չէ, իսկ խմբակցության դիրքորոշումը խմբակցության ղեկավարը ներկայացրել է։

Հարցին, թե բարոյական տեսանկյունից ինչպես է գնահատում այն իրավիճակը, որ գործարար պատգամավորները ՀՀԿ-ի՝ իշխանություն լինելու դեպքում ՀՀԿ-ում էին, այժմ դուրս էին գալիս խմբակցությունից, Գևորգ Կոստանյանն արձագանքեց․

«Իմ գործընկերների բարոյական կողմի քայլերին չանդրադառնամ, բայց եթե ես խմբակցության կազմը լքեի, անկեղծորեն  եմ ասում՝ մանդատս վայր կդնեի՝ մի պատճառով, որ խորհրդարանում հայտնվել ես այդ կուսակցության քվոտայով»։

Մեր հարցին՝ որպես Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահի ինչ կարծիք ունի ՀՀԿ-ն պե՞տք է զիջի ռեյտինգային ընտրակարգի հարցում, թե՞ ոչ, Կոստանյանը պատասխանեց․

«Ընտրական համակարգը բացառապես քաղաքական ընտրության հարց է, քաղաքական նպատակահարմարության հարց է, որևէ մեկը չի կարող ասել, որ այս ընտրական համակարգը քիչ ժողովրդավարական է, այն ընտրական համակարգը ավելի լայն ժողովրդավարություն է սահմանում։ Ես առիթ ունեցել եմ ասելու՝ բազմաթիվ երկրներում, երբ մեծամասնական ընտրակարգից անցել են համամասնականի, նորից անցում են կատարել մեծամասնականի։ Ընտրակարգի կիրառման նպատակահարմարությունն իրականում բացառապես քաղաքական նպատակահարմարության հարց է»։

Մեր դիտարկմանը՝ ստացվում է, որ ՀՀԿ-ի համար ռեյտինգային ընտրակարգն ավելի նպատակահարմար է և շահեկա՞ն, Կոստանյանն արձագանքեց․

«Ռեյտինգային ընտրակարգն առնվազն խորհրդարանական երեք խմբակցությունների համար նպատահամարմար է եղել, դրա համար ԸՕ-ն ընդունվել է, այն սահմանադրական օրենք է, ընդունվել է 3.5-րդով, և եթե չեմ սխալվում առնվազն երեք խմբակցություն կողմ է քվեարկել»։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագրի առաջնահերթություններից էր նաև ռեյտինգային ընտրակարգի բացառումը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter