HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Արմեն Աշոտյան․ «Մենք այսօր բացարձակ մեծամասնություն չենք, բայց մնում ենք խորհրդարանում ամենաշատը ներկայացված քաղաքական ուժը»

ՀՀԿ-ն այլևս բացարձակ մեծամասնություն չէ, բայց շարունակում է խորհրդարանում ամենամեծ խմբակցությունը մնալ։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը։

«Մեծամասնության տարբեր տեսակներ են լինում՝ սահմանադրական մեծամասնություն, որը մենք ունեինք նախորդ կոալիցիայի շրջանակներում Հայ հեղափոխական դաշնակցության հետ միասին, 50+1 ձայների բացարձակ մեծամասնություն կա, որը մենք ունեինք մինչ այսօր, և կա խորհրդարանական մեծամասնություն, այն է՝ քաղաքական որևէ ուժ ամենամեծ ձայների քանակն ունի խորհրդարանում, բայց չի տիրապետում 50+1-ին։ Մենք այսօր բացարձակ մեծամասնություն չենք, բայց մնում ենք խորհրդարանում ամենաշատը ներկայացված քաղաքական ուժը, այսինքն՝ առաջին ֆրակցիան ձայների քանակով»,- ասաց Աշոտյանը։

Ինչ վերաբերում է ՀՀԿ խմբակցությունից մի քանի գործարար պատգամավորների՝ ՀՀԿ-ից դուրս գալուն, դա, ըստ ՀՀԿ-ական պատգամավորի, պայմանավորված է պետական ապարատի ոչ համաչափ և ռեպրեսիվ հնարավոր գործողություններով։ «Ակնհայտ է, որ այս գործընթացները նաև գործադիր իշխանությունում եղած իշխանափոխության տրամաբանական շարունակությունն են, և խորհրդարանն ավելի համահունչ է դառնում հասարակության քաղաքական տրամադրություններին այն առումով, որ գումարային որոշիչ ձայներ այլևս ՀՀԿ-ինը չեն»,- ասաց Աշոտյանը։ Հարցին, թե հնարավո՞ր է, որ ռեպրեսիաների ենթարկվելու մտավախությունից են գործարարները դուրս եկել ՀՀԿ խմբակցությունից, Արմեն Աշոտյանն ասաց․

«Քաղաքական հետապնդումներն այսօր երբեմն փորձում են քողարկել արդարադատության գործընթացով, բայց ուզում եմ հատուկ շեշտել՝ կա սելեկտիվ ընտրողական արդարության միտում, որը չի նպաստելու իշխանափոխության ժամանակ հնչեցված նպատակների իրագործմանը»։

Աշոտյանը չբացառեց, որ խմբակցությունը կարող են լքել ևս մի քանի պատգամավոր։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter