HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«Ելք» խմբակցության պատգամավորներ Լենա Նազարյանն ու Հրաչյա Հակոբյանն Արեգ Կյուրեղյանի ազատության համար երաշխավորություն են ներկայացրել

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Մեսրոպ Մակյանի, այսօր որոշեց դատական նիստերի դահլիճ վերադարձնել «Սասնա ծռերին»: Դատական նիստն այսօր ընթանում է հանգիստ մթնոլորտում, և պատգամավորների կողմից երաշխավորագիր է ներկայացվել ամբաստանյալ Արեգ Կյուրեղյանի ազատության համար:
Դատական նիստի մեկնարկին ամբաստանյալներին դահլիճ վերադարձնելու միջնորդությամբ հանդես եկավ ամբաստանյալներից Արեգ Կյուրեղյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանը: 
Նշենք, որ ավելի վաղ «Սասնա ծռերը» իրենց վերաբերյալ դատավոր Մակյանի վարույթում քննվող գործի շրջանակներում դահլիճից հեռացվել են տասը ժամով, և այսօրվա նիստին այդ տասը ժամը դեռևս լրացած չէ: Մուշեղ Շուշանյանը նշեց, որ առանց իրենց պաշտպանյալների մասնակցության հնարավոր չէ կառուցողական մթնոլորտում անցկացնել դատավարությունը: 
«Գտնում եմ, որ առանց մեր պաշտպանյալների մասնակցության նրանց պաշտպանության իրավունքը խախտվում է՝ որքան էլ մենք՝ նրանց պաշտպանները, ներկա են նիստին», - ասաց Շուշանյանն ու դատարանին միջնորդեց «Սասնա ծռերին» վերադարձնել դահլիճ:
Պաշտպանը նշեց, որ չի ցանկանում անդրադառնալ հարցին, թե իրենց պաշտպանյալները որքանով են հիմքեր տվել իրենց դահլիճից հեռացնելու համար, սակայն դատավոր Մակյանը փորձեց պարզել, թե, ըստ Շուշանյանի, ի՞նչ փոփոխության հիման վրա պետք է դատարանը վերանայի ամբաստանյալներին դահլիճից հեռացնելու իր որոշումը:
Շուշանյանը նշեց, որ երբ իրենց պաշտպանյալները վերադարձվեն դահլիճ, հնարավոր կլինի կառուցողական դատավարության մասին ավելի առարկայական խոսել, ինչպես նաև ընդգծեց, որ ինքն իր պաշտպանյալներին դահլիճ վերադարձվելու դեպքում կասի, որ ցանկանում են կառուցողական մթնոլորտում շարունակել դատավարությունը:
Փաստաբան Լուսինե Սահակյանը, ով ներկայացնում է Էդվարդ Գրիգորյանի և Սեդրակ Նազարյանի շահերը, միջնորդությանը միանալով՝ հայտնեց, որ գիտի` իրենց պաշտպանյալները հայտարարություններ ունեն անելու: Սահակյանը հիշեցրեց, որ երեկ Սասնա ծռերը հայտարարել են կառավարությանն աջակցելու մասին:

Մեղադրող դատախազ Արամ Արամյանը նշեց, որ թեև ամբաստանյալին դահլիճից հեռացնելու սանկցիան օրինական է եղել, մեղադրող կողմը չի առարկում նրանց դահլիճ վերադարձնելու միջնորդության դեմ:
Դատավոր Մակյանը նշեց, որ դատարանը մշտապես կողմ է եղել կառուցողական մթնոլորտում դատական քննությանը և որպես վերջին միջոց է կիրառել ամբաստանյալներին դահլիճից հեռացնելու սանկցիան ու որոշեց Սասնա ծռերին վերադարձնել նիստերի դահլիճ:
Դահլիճ վերադարձած անձանց ներկաները ծափողջյուններով դիմավորեցին: Վարուժան Ավետիսյանը գոհունակություն հայտնեց դատավարությունը կառուցողական հուն բերելու տրամադրվածության համար:   
Ավետիսյանը նշեց որ ՊՊԾ գնդում զոհերի առկայությունը բոլորի ցավն է: Դիմելով զոհված ոստիկանների հարազատներին՝ Ավետիսյանը նշեց, որ պետք է նկատի ունենալ, որ նախկին իշխանությունը հայ հասարակությանը մշտապես ճնշողների ու ճնշվողների է բաժանել: Ըստ Ավետիսյանի՝ բացի որոշում կայացնողներից, բոլորն էլ զոհեր են եղել:
Վարուժան Ավետիսյանն ասաց, որ ընդվզման ժամանակ երբեմն նաև այնպիսի ցավալի հետևանքներ են լինում, ինչպիսին ՊՊԾ-ում եղավ, ասաց, որ իրենք հենց այնտեղ՝ ՊՊԾ գնդում, հարգել են զոհված գնդապետի հիշատակը, ապա ընդգծեց, որ իրենք զոհված առնվազն երկու ոստիկանի մահվան հետ ուղիղ առնչություն չունեն, ապա, ավելի հստակեցնելով խոսքը՝ նշեց, որ մեկի հետ` առհասարակ, իսկ մյուսի հետ ուղղակի առնչություն չունեն:
Պավել Մանուկյանը հայտարարեց, որ պետք է ազգային հերոսին ու դավաճանին տարանջատել:
Վերը նշված իրադարձություններից հետո Մուշեղ Շուշանյանը միջնորդություն ներկայացրեց Արեգ Կյուրեղյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ:
Մեկ տարի, 9 ամիս կալանքի տակ գտնվող Կյուրեղյանի համար Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավորներ Հրաչյա Հակոբյանն ու Լենա Նազարյանը անձնական երաշխավորագրեր էին ուղարկել դատարան: Դրանում պատգամավորները դատարանին հավաստիացրել էին, որ իրենց խոսքով և իրենց կողմից վճարված գումարով՝ յուրաքանչյուրը 500 հազարական դրամ, երաշխավորում են Արեգ Կյուրեղյանի պատշաճ վարքագիծն ազատության մեջ:
Վարուժան Ավետիսյանը հայտարարեց, որ Արեգին դատարանից հեռացնելն է խնդիր, այլ ոչ թե նրան դատարանից հանելը: Այսպիսով՝ Վարուժան Ավետիսյանը փորձում էր հավաստիացնել, որ Կյուրեղյանը պատշաճ կներկայանա նիստերին:
Դատավոր Մակյանը, հղում կատարելով օրենքին, նշեց, որ պատգամավորները պետք է դատական նիստով զգուշացվեն անձնական երաշխավորության ընթացակարգի վերաբերյալ իրենց պարտավորությունների և իրավունքների մասին և ընդմիջում հայտարարեց, որպեսզի ապահովվի երաշխավորություն ներկայացրած պատգամավորների ներկայությունը դատական նիստին: Այս պահին Հրաչյա Հակոբյանն արդեն ներկայացել է դատարան, ստորագրել երաշխավորության դեպքում իր իրավունքների և պարտավորությունների մասին զգուշացված լինելու վերաբերյալ համապատասխան փաստաթուղթը, իսկ Լենա Նազարյանը դատարան կներկայանա ժամը 15:00-ին: Մինչ այդ, դատական նիստն ընդմիջվել է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter