HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Արեգ Կյուրեղյանը պատգամավորների անձնական երաշխավորությամբ ազատվեց կալանքից

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Մեսրոպ Մակյանի, որոշեց կալանքից ազատել ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ Արեգ Կյուրեղյանին:

Վերջինիս նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը դատավորի որոշմամբ փոխվեց պատգամավորների անձնական երաշխավորությամբ: Նշենք, որ այսօր տեղի ունեցած դատական նիստին Արեգ Կյուրեղյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանը միջնորդություն է ներկայացրել Արեգ Կյուրեղյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ:

Շուրջ երկու տարի կալանքի տակ գտնվող Կյուրեղյանի համար Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավորներ Հրաչյա Հակոբյանն ու Լենա Նազարյանը անձնական երաշխավորագրեր են ներկայացրել: Վերջիններս հավաստիացնում են, որ իրենց խոսքով և իրենց կողմից վճարված գումարով՝ յուրաքանչյուրը 500 հազարական դրամ, երաշխավորում են Արեգ Կյուրեղյանի պատշաճ վարքագիծն ազատության մեջ:

Հատկանշական է, որ մեղադրող կողմը միջնորդության դեմ չէր առարկել: Դատախազ Արամ Արամյանը միջնորդության վերաբերյալ դիրքորոշում հայտնելիս նշեց, որ այս տարվա մայիսին տեղի ունեցած իրադարձություններն ու դրանց արդյունքում ձևավորված իրողությունը որոշակիորեն նվազեցնում են Արեգ Կյուրեղյանի` ոչ իրավաչափ գործողություններ կատարելու հավանականությունը:

Դատախազն իր խոսքում նշեց, որ թեև ռիսկերի նվազեցումն ու այսօր ձևավորված իրողությունն ինքնին չեն կարող չեզոքացնել Արեգ Կյուրեղյանի կողմից ոչ իրավաչափ գործողություններ կատարելու հավանականությունը, բայց միևնույն ժամանակ առաջնորդվելով մարդասիրության սկզբունքով, նկատի ունենալով, որ ՊՊԾ գնդի գրավման գործով երկու եղբայր՝ Արեգ և Սերգեյ Կյուրեղյանները գտնվում են անազատության մեջ, ինչպես նաև հաշվի առնելով հեղինակավոր անձանց անձնական երաշխավորությունը` իրենք չեն առարկում միջնորդության դեմ:


Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter