HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Մասիսի փոխքաղաքապետին կալանավորելու երկրորդ միջնորդությունը նույնպես մերժվել է

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն այսօր մերժել է Մասիսի փոխքաղաքապետ Կարեն Օհանյանին կալանավորելու վերաբերյալ երկրորդ անգամ ներկայացված միջնորդությունը: Այս մասին «Հետք»-ին ասաց Կարեն Օհանյանի փաստաբան Զորայր Հարությունյանը:

Հիշեցնենք, որ ապրիլի 22-ին այն բանից հետո, երբ ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանն ու Սասուն Միքայելյանը Էրեբունիում ձերբակալվել էին, դիմակավորված քաղաքացիական հագուստով անձինք մահակներով ու քարերով հարձակվել են երթի մասնակիցների վրա, բռնություն կիրառել ցուցարարների նկատմամբ, հայհոյել ու էլեկտրահարել նրանց: Հարուցված քրեական գործի շրջանակներում Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու և դրանց մասնակցելու մեջ, իսկ փոխքաղաքապետ Կարեն Օհանյանը մեղադրվում է զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ:

Հունիսի 2-ին դատարանը մերժել է Օհանյանին կալանավորելու վերաբերյալ քննիչի կողմից ներկայացված միջնորդությունը, սակայն դրանից հետո Օհանյանին կալանավորելու նոր միջնորդություն է ներկայացվել դատարան:

Դատախազության փոխանցմամբ՝ Կարեն Օհանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելիս նախաքննական մարմինը դատարանին չի տրամադրել քրեական գործում առկա երկու տեսագրությունների զննությունների մասին արձանագրությունները, տեսանյութերը, որոնք ուղղակիորեն հաստատում են մեղսագրված արարքին մեղադրյալ Օհանյանի առնչությունը, իսկ Օհանյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու դատարանի որոշման հիմնավորումները եւ մեկնաբանությունները բացառապես պայմանավորված են եղել մեղադրյալ Կարեն Օհանյանի վերաբերյալ նախաքննության ընթացում ձեռք բերված ապացույցները դատարանի տրամադրության տակ չլինելով:

Դատախազությունն այս անգամ Օհանյանին կալանավորելու միջնորդության հետ դատարանին է տրամադրել դեպքի առնչությամբ նախաքննություն իրականացնող մարմնի տրամադրության տակ եղած տեսանյութերը:

Մեզ հետ զրույցում Կարեն Օհանյանի փաստաբան Զորայր Հարությունյանն ասաց, որ քննելով միջնորդությունը՝ դատարանն, ըստ էության արձանագրել է, որ իր պաշտպանյալին մեղսագրվող արարքում հիմնավոր կասկածի փաստարկումը դատախազությունը չի կարողացել պատշաճ ներկայացնել:

Զորայր Հարությունյանը նշեց, որ Օհանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ առաջին միջնորդության քննության շրջանակներում նախաքննական մարմնի տրամադրության ներքո եղած երկու տեսագրությունների զննության արձանագրություններն էլ քննիչը ներկայացրել է, ու թեև հենց տեսագրությունները չեն ներկայացվել. եթե դատարանը դրանք անհրաժեշտ համարեր, ապա կպահանջեր և կհետազոտեր:

Այսօր տեղի ունեցած նիստին, փաստորեն, այդ տեսագրությունները հետազոտվել են, և ոչինչ չի փոխվել:

Լուսանկարում՝ ձախից Կարեն Օհանյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter