HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աղավնի Եղիազարյան

«Ա1+»-ը մնում է «իշխանությունների աչքի փուշը»

«Մենք պահանջում ենք անհապաղ հրապարակել ազատ հաճախականություների ցանկը եւ հայտարարել բաց, թափանցիկ, հրապարակային մրցույթ»,-այս պահանջն են ապրիլի 2-ին ներկայացրել «Ա1+» հեռուստաընկերության եթերազրկման 3-րդ տարվա կապակցությամբ միջոցառումներ նախաձեռնող խմբի անդամները: 

Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը (ՀՌԱՀ) 2002թ. ապրիլի 2-ին «Ա1+» հեռուստաընկերությանը զրկեց եթերից (Տե՛ս նաեւ` Լրագրողները քաղաքական ապաստան են խնդրում): 

«Իշխանությունները չգիտեն ազատ, անկախ լրատվամիջոցի արժեքը: Կգա մի փուլ, երբ բոլոր հեռուստաընկերություները 1 ժամվա ընթացքում 180 աստիճանով շուռ կգան եւ կսկսեն քննադատել Ռ. Քոչարյանին, ինչպես եղավ Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակ: Այսօրվա լրագրողների հիմնական մասը 7 տարի առաջ նախկին իշխանությունների խոսափողն էին, այսօր` այս իշխանությունների, վաղը կլինեն ուրիշներինը: Կգա ժամանակ, եւ ես կարծում եմ այն այդքան էլ հեռու չէ, ներկայիս իշխանությունը կհասկանա «Ա1+»-ի արժեքը, երբ իշխանություն չի ունենա, ու կզգա օբյեկտիվ, չեզոք տեղեկատվության կարիք»,-կարծում է «Հետաքննող լրագրողներ» կազմակերպության նախագահ Էդիկ Բաղդասարյանը: 

Եթերազրկումից հետո «Ա1+»-ը մասնակցել է տարբեր հեռուստակապուղիների 8 մրցույթների, սակայն ոչ մեկի դեպքում «չի բավարարել» ՀՌԱՀ-ի չափանիշներն ու չի հաղթել: «Ութ կապուղիների մրցույթներից հետո էլ դատական գործընթաց է տեղի ունեցել: Սակայն դատարանով էլ չեն տալիս մերժման հիմքերը, որ տվյալ դեպքում «Ա1+» հեռուստաընկերությունն իմանա` ինչի համար է մերժվում, աշխատի իր թերությունների վրա եւ ավելի լավ հայտ ներկայացնի: Հանձնաժողովի անդամները դնում են գնահատականներ, հետո չենք իմանում` ինչի համար 1 եւ ոչ` 5»,-ասում է «Ա1+» հեռուստաընկերության շահերի ներկայացուցիչ Տիգրան Տեր-Եսայանը: 

«Ա1+»-ը բազմիցս դիմել է Տրանսպորտի եւ կապի նախարար Ա. Մանուկյանին, ՀՌԱՀ նախագահ Գ. Ամալյանին` ազատ հաճախությունների մրցույթ հայտարարելու պահանջով: «Արդեն 1 տարի 3 ամիս է հանձնաժողովը չի հայտարարում դեցիմետրային ալիքների ազատ հաճախության մրցույթ: Նրանք ասում են, որ ազատ հաճախություն չկա: Նախարար Մանուկյանն ասում է` բոլոր ազատ հաճախությունները տրված են ՀՌԱՀ-ին: ՀՌԱՀ նախագահ Ամալյանն էլ ասում է, որ նա հայտարարել է այն հաճախությունների մրցույթները, որոնք տվել է նախարարը: Մենք պնդում ենք, որ կա ամենաքիչը 9 ազատ հաճախություն, եւ պետք է հայտարարվի մրցույթ»,-ասում է «Ա1+» հեռուստաընկերության պրոդյուսեր Սուսաննա Օհանջանյանը` հրապարակելով հաճախությունների ցանկը: 

«Մեզ պետք է ազատ մրցույթով մի հաճախություն: Չգիտեմ երբ, բայց ՀՌԱՀ-ը պետք է պատասխան տա իր անօրինական գործունեության համար»,-ապրիլի մեկին կայացած ասուլիսում նշեց «Ա1+»-ի տնօրեն Մեսրոպ Մովսեսյանը: 

Արդեն 2 տարուց ավելի է, որ «Ա1+»-ի հայցը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վարույթում է: «Գործընթացը շարունակվում է, հիմա քննարկվում է, թե կողմերն ինչպես են պատկերացնում դատալսումները: Մենք նախընտրել ենք, որ ներկա լինենք դատարանում, չգիտեմ` ինչ նախընտրություն կունենա ՀՀ կառավարությունը: Հակառակ դեպքում դատական գործընթացը կշարունակվի նամակագրության միջոցով»,- ասում է Տ. Տեր-Եսայանը: 

Հիմա դատական գործը «լսումներ վարույթ մտնելու համար» փուլում է: Մայիսին արդեն պարզ կլինի դատարանի` այս փուլին վերաբերող որոշումը: Պրն Եսայանը կարծում է, որ Եվրոպական դատարանը կընդունի դրական որոշում, եւ գործը կմտնի վարույթի փուլ: 

«Մենք պետք է հասնենք «Ա1+»-ի վերաբացմանը եւ նրան, որ կամայական որոշմամբ այլեւս ոչ մի հեռուստաընկերություն չզրկվի եթերից: Մենք չենք հիասթափվել եւ չենք հուսալքվել:10-օրյա միջոցառումների շարքը բողոքի ակցիա է եւ հիշեցում իշխանություններին, որ «Ա1+»-ը վերաբացելու խնդիրն արծարծվում է Եվրոպական խորհրդում ներկայացվող զեկույցներում»,-ասում է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը: 

Հիմա «Ա1+»-ն ունի եւս մեկ խնդիր: Ապրիլի 5-ին Տնտեսական դատարանը լսելու է «Ա1+»-ին իր զբաղեցրած շենքից (Գր. Լուսավարիչի 15) հանելու` Գիտությունների ազգային ակադեմիայի հայցը: «Կառավարությունը որոշել է շենքը մի սուբյեկտից մյուսին հանձնել` անտեսելով այն կազմակերպությունների շահերն ու իրավունքները, որոնք այդ շենքում են գործում արդեն երկար տարիներ, ունեն պայմանագիր եւ ներդրումներ: Ես միանշանակ հանդես եմ գալու հակընդդեմ հայցով»,-ասաց Տիգրան Տեր-Եսայանը: 

«Մենք պատրաստ ենք, որ կատարածուները գան եւ մեր իրերը դնեն փողոցում: Դա ոչ թե ամոթ կլինի «Ա1+»-ին, այլ ամոթ մեր նախագահին, մեր վարչապետին, որ այսպիսի վերաբերմունք կա դեպի մամուլն ու իր ժողովուրդը»,- առանց վրդովմունքի ասաց Մեսրոպ Մովսեսյանը: 

Այս 3 տարիների ընթացքում «Ա1+»-ի աշխատակազմը չի ցրվել: Նրանք աշխատում են ինտերնետային էջի համար, հրատարակում են «Այբ Ֆե» շաբաթաթերթը: 

«Եթե առաջ աշխատում էի հեռուստադիտողի համար, հիմա աշխատում եմ ընթերցողի համար: Մեր սկզբունքները, մեր գաղափարները պահպանում ենք թերթում: Աշխատանքի առաջարկներ շատ են եղել: Բնականաբար, մերժվել են: Մենք սկզբունքի, ազատ խոսքի համար ենք պայքարում, ոչ թե աշխատանքի: Արդեն 3 տարի եթեր չտրամադրելն էլ ինչ-որ տեղ «Ա1 + »-ի հաղթանակն է: 3 տարի հեռուստադաշտում չլինելով` մենք չենք կորցրել մեզ` իշխանության համար նույն «սպիտակ ագռավն» ենք: Ուրիշ հեռուստաընկերություն լիներ, հիմա վաղուց աշխատակազմը ցրվել էր. սա էլ է մեր հաղթանակը, որ մեզնից յուրաքանչյուրը` որպես ժուռնալիստ, սկզբունք ունի: Ես պայքարում եմ իմ ու իմ լսարանի ոտնահարված իրավունքերի համար. ես ունեմ արտահայտվելու ու աշխատելու, իսկ լսարանը` ինձ լսելու իրավունք: «Ա1+»-ը չի փակվել, այլ` զրկվել է եթերից»,-ասում է «Այբ Ֆե»-ի լրագրող Դիանա Մարկոսյանը: 

«Հիմնադրման օրից աշխատել եմ «Ա1+»-ի «ԱյբՖե» լրատվականում: Այս 3 տարիների ընթացքում աշխատանքի առաջարկներ շատ են եղել: Բայց ես հասկանում էի, որ ինձ աշխատանք են առաջարկում ոչ միայն պրոֆեսիոնալ լրագրող ունենալու համար, այլ, առաջին հերթին, «Ա1+»-ը կազմալուծելու: Ես հիմա ակտիվ ժուռնալիստ չեմ եւ հաճախ չեմ գրում թերթի համար, որովհետեւ ես հեռուստաժուռնալիստ եմ: Ես չեմ կարող ուրիշ տեղ աշխատել, քանի որ իմ դեմքը «Ա1+»-ի դեմքն է: Արդեն 3 տարի ես եթերում չեմ, բայց մարդիկ դրսում ինձ տեսնելիս հարցնում են` ձեր հարցն ի՞նչ եղավ: Ես մտածում եմ, որ ավելի լավ է թողնել ժուռնալիստիկան, քան գնալ մեկ այլ լրատվամիջոց: Ես այլ մասնագիտություն էլ ունեմ ու ավելի լավ է վերադառնամ իմ նախորդ մասնագիտությանը, քան աշխատեմ ուրիշ հեռուստաընկերությունում»,- ասում է Ռուզաննա Ամիրջանյանը: 

«Չեմ գնացել «Ա1+»-ից, որովհետեւ դրանք այն թերթերն ու հեռուստաընկերությունները չեն, որտեղ ես կուզեի աշխատել: Իմ կարծիքով` միակ ելքը իշխանափոխությունն է: Միայն այդ դեպքում եմ պատկերացնում փոփոխություն: Բայց մենք այս դատապարտված, մերժված վիճակում էլ իշխանության աչքի փուշն ենք, սա էլ է հաղթանակ»,-կարծում է «Ա1+»-ի լրագրող Մհեր Արշակյանը: 

__________________________________________________________________

«Ա1+»-ը խոսքի ազատության խորհրդանիշ 

««Ա1+»-ին եթեր չտալը ցույց է տալիս, որ մեր երկրում խոսքի ազատություն չկա: Նման ակցիաներին մասնակցելով` մենք ուզում ենք ցույց տալ, որ մեզ պետք է խոսքի ազատությունը, եւ մենք պայքարում ենք, որ Հայաստանում լինի խոսքի ազատություն»:

Սեդա Արզումանյան, «Նոր Հայաստան» ՀԿ 

«Խնդիր է դրված խոսքի ազատության պաշտպանության: Առանց խոսքի ազատության չի կարող լինել ժողովրդավարություն: Իսկ «Ա1+»-ի փակումը այն ձեւով, որ կատարվեց, չի կարելի ժողովրդավարական համարել. դա մրցույթում հաղթել չէր կամ հավասար պայքարում պարտվել, դա պարզապես ուղղորդված քաղաքականություն էր, ինչն ավելի հեռահար նպատակ էր հետապնդում, որ 2002թ. ընտրությունների ժամանակ ազատ խոսք չլինի, ու ժողովուրդը շատ բաներ չիմանա: Կա երկու տարբերակ` համակերպվել եւ նստել տանը, կամ նման ակցիաներով չլռել: Այս երթից հետո վաղը չի բացվի «Ա1+»-ը, բայց մենք սրանով ցույց ենք տալիս, որ կան մարդիկ, որոնց համար խոսքի ազատությունը շարունակում է մնալ արժեք»:

Հրայր Թովմասյան, իրավաբան 

«Ազատ խոսքի պայքար է սա: Թերթերը հասանելի չեն բոլորին, իսկ էլեկտրոնային լրատվամիջոցը մեծ լսարան ունի: Մեր պետությունում, եթե ինչ-որ բան սխալ է գնում, ազատ խոսքի բացակայությունից է: Ամեն մարդ պետք է իրեն այս երկրի քաղաքացի զգա եւ ինչ-որ բան անի իր երկրում ազատ խոսքի դրսեւորման համար: Ակցիան 10 օր է լինելու, ժամը 6-8-ը ստորագրահավաք է, կա ազատ խոսքի անկյուն, ուր հասարակաթյունը կարող է նյութեր կարդալ, թարմ լրատվություն ստանալ ստենդների վրա»:

Իզաբելլա Սարգսյան,  Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա 

«Ա1+»-ն առանձնանում էր մյուս լրատվամիջոցներից: Լրատվության մատուցման լրիվ այլ որակ էր: 3 տարի առաջ եթերազրկումը կատարվել է բացարձակ ապօրինի գործողություններով: Սա խոսքի ազատության, օրինականության վերականգնման խնդիր է»:

Հովհաննես Գալաջյան, «Իրավունք» շաբաթաթերթի խմբագիր 

«Ա1+»-ի պակասը խիստ ակնհայտ է, զգում եմ կարծիքների բախման կարիք: «Ա1+»-ի վերաբացմանն ուղղված ամեն մի քայլ տանում է ժողովրդավարության»:

Անահիտ Բախշյան, Երեւանի թիվ 27 միջնակարգ դպրոցի տնօրեն 

«Կարծում եմ` այս երթը ազատ խոսքի, մարդու իրավունքների պաշտպանության, վերահսկողությունից ազատ հեռուստատեսություն ունենալու համար է: Հայաստանում վատ սովորություն է դառնում խոսքի ազատության համար պայքարելը»:

Հրաչ Բայադյան, ԵՊՀ դասախոս 

«Ես հիմա իմ ծառայությունն եմ անում, ես գործի մեջ եմ ու պետք է հսկեմ, որ անկարգություն չլինի: Եթե ծառայության մեջ չլինեի, ինչու՞ չէ, գուցե եւ գայի, ձեզ թվում է մենք մարդ չե՞նք, էդ նույն պահանջները չունե՞նք»:

Ոստիկան, որը չցանկացավ ներկայանալ:

««Ա1+»-ը դարձել է խոսքի ազատության խորհրդանիշ, ու մենք պայքարում ենք մեր կորցրած այդ ազատության համար»:

Նունե Սարգսյան, «Ինտերնյուս-Հայաստան» կազմակերպության գործադիր տնօրեն 

«Երկրի անօրինականության, կեղծիքի, խաբեության շղթայում է նաեւ խոսքի ազատության այս ոտնահարումը: Մի կետից պետք է սկսել պայքարել, այդ կետն այսօր «Ա1+»-ն է»:

Ռուզան Խաչատրյան 

«Հայաստանում ազատ խոսք չկա, բոլոր հեռուստաընկերությունները եւ մամուլի մեծ մասը վերահսկվում են, որեւէ մեկը չի կարող իր կարծիքն ազատ արտահայտել: Մենք այլընտրանք ենք ուզում, որ այն ժամանակ «Ա1+»-ն էր: Հիմա ինձ պետք է այդ այլընտրանքը. դա կլինի «Ա1+»-ը, «Նոյյան տապանը», թե մի այլ հեռուստաընկերություն` կապ չունի, ես ուզում եմ չվերահսկվող խոսք»: 

Կարեն Մանուկյան

««Ա1+»-ի փակումը մեր խոսքի ազատության «նեղացումն» էր, որ տեղի ունեցավ մեր աչքի առաջ: «Ա1+»-ը մեր ինքնարտահայտումն էր նաեւ, որից մենք զրկվեցինք: Պետք է ըմբոստանալ եւ վերականգնելու փորձեր անել, գնալ մինչեւ վերջ»: 

Գայանե Մարկոսյան

«Քաղաքացիական նախաձեռնությունների ազատ ամբիոն» ՀԿ-ի նախագահ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter