ՈՒրբաթ, 17 օգոստոսի

2018-ի հինգ ամիսներին քաղաքապետարանը 654 մլն դրամի պայմանագիր է կնքել «Նարիմանյան» ՍՊԸ-ի հետ



Այս տարվա հինգ ամիսների ընթացքում Երևանի քաղաքապետարանը 654 միլիոն դրամի (1 միլիոն 362 հազար դոլար) պայմանագիր է կնքել «Նարիմանյան» ՍՊԸ-ի հետ:

Ընկերությունը պատկանում է Երևանի ավագանու 2009 թվականի ընտրություններին ՀՀԿ-ից առաջադրված թեկնածու Արթուր Առստամյանի կնոջը՝ Ադելինա Գրիգորյանին: Արթուր Առստամյանը հանդիսանում է նաև «Շինարարություն-բարեկարգում» ՓԲԸ-ի տնօրենը: Ամուսինները գրանցված են Դավթաշեն վարչական շրջանի նույն հասցեում:

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով՝ «Նարիմանյան»-ը հիմնադրվել է 1997 թվականին: Ընկերության հիմնադիրները եղել են Ադելինա Գրիգորյանը և Ռաֆայել Նարիմանյանը, որի անունով էլ կոչվում է ընկերությունը: Սակայն 2007 թվականին Նարիմանյանը դուրս է եկել ընկերությունից և 100 տոկոս բաժնեմասը անցել է Ադելինա Գրիգորյանին:

Ընկերության հետ ծառայությունների մատուցման վերջին պայմանագրերը Երևանի քաղաքապետարանը կնքել է այս տարվա մայիսի 8-ին և 4-ին: Պայմանագրերից մեկի արժեքը կազմել է 406 միլիոն դրամ, մյուսինը՝ մոտ 70 միլիոն դրամ:

Կնքված 406 միլիոն դրամ արժողությամբ պայմանագրով ընկերությունը պարտավորվել է մինչ այս տարվա հոկտեմբերի 1-ը Երևանի փողոցների, բակային տարածքների և մայթերի ասֆալտ-բետոնե ծածկի վերանորոգման աշխատանքներ իրականացնել:

Երևանի քաղաքապետարանի հետ կնքած երկրորդ՝ մոտ 70 միլիոն դրամ արժողությամբ պայմանագրով, «Նարիմանյան» ՍՊԸ-ն պարտավորվել է նույն ժամանակահատվածում Երևանի փողոցներում հողային պաստառով (գրունտային) ճանապարհները հիմնանորոգել:

Այս տարվա ապրիլի 9-ին քաղաքապետարանը ևս մեկ՝ 177 միլիոն դրամ արժեքով պայմանագիր է կնքել ընկերության հետ, որի շրջանակում 60 օրվա ընթացքում պետք է հիմնանորոգվեր Նալբանդյան փողոց-Մաշտոցի պողոտա հատվածը:

«Նարիմանյան» ընկերությունը 2016 և 2017 թվականներին ևս ծառայություն է մատուցել Երևանի քաղաքապետարանին՝ հիմնականում շինարակական աշխատանքներ է կատարել: Գնումների հաշվետվողականության armeps.am համակարգի տվյալներով՝ «Նարիմանյան»-ը ծառայությունների մատուցման պայմանագիր է կնքում միայն քաղաքապետարանի հետ:

«Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ն  ուսումնասիրել է Երևանի քաղաքապետարանի 2017 թվականի գնումները և պարզել, որ քաղաքապետարանը  2017 թվականին այս ընկերության հետ կնքել է երկու պայմանագիր՝ 380 միլիոն դրամով:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ