HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Նորակերտի ավագանու անդամները խնդրում են վաղաժամկետ դադարեցնել իրենց լիազորությունները

Նորակերտ համայնքի ավագանու 5 անդամներ դիմում են ներկայացրել ինքնաբացարկի մասին և խնդրել են Արմավիրի մարզպետի միջնորդությունը կառավարություն դիմելու և իրենց լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու համար:

Դիմումը ստորագրել են ավագանու 8 անդամներից 5-ը՝ Հովհաննես Վարդանյանը, Պատվական Տաշչյանը, Հարություն Հակոբյանը, Նվեր Փարվանյանն ու Կարապետ Գասոյանը: Նախորդ տարի ավագանու լիազորությունների կատարումից հրաժարվել էր նաև Արտյոմ Ղազարյանը և ավագանու անդամների թիվը 9-ից դարձել էր 8:

Արմավիրի մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Արսեն Ղուկասյանն ասաց, որ դիմումը ստորագրած 5 անդամներից մեկը՝ Հարություն Հակոբյանը, հետ է վերցրել ստորագրությունը:

Վարչության պետն ասաց, որ թե ստորագրած, թե ստորագրությունը հետ վերցրած ավագանու անդամների դիմումներն ուղարկվել է համայնքապետարան՝ քննարկման: Դրանից հետո սեղմ ժամկետներում կուղարկվի կառավարություն:

«Դիմումից ստորագրությունը հետ վերցրած ավագանու անդամի դիմումն էլ ենք ուղարկել համայնքապետարան, որպեսզի քննարկման առարկա դառնա նաև նրա վարքագիծը: Մի օր դիմում է գրում, որ ցանկանում է` դադարեցվի իր լիազորությունները, մի օր էլ դիմում է գրում, թե փոշմանել եմ»,-ասում է Արսեն Ղուկասյանը:

Հիշեցնենք, որ մայիսի 29-ին Արմավիրի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Գլխավոր դատախազությունից տեղեկացրել էին, որ «Հետք»-ում հրապարակված «Բուժկետի, համայնքապետարանի շենքերը, մանկապարտեզի հարակից այգին օտարվել են Նորակերտի համայնքապետի ընտանիքի անդամներին» վերտառությամբ հոդվածը Արմավիրի մարզի դատախազությունից ուղարկել են ոստիկանություն՝ նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու ցուցումով: Ոստիկանություն էր ուղարկվել նաև Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի կողմից Նորակերտի համայնքապետարանին վերաբերող՝ ՀՀ գլխավոր դատախազությանը հասցեագրված գրությունը, ինչպես նաև համայնքի բնակիչների դիմում-պահանջը՝ նախապատրաստվող նյութերին կցելու և համատեղ ընթացքը լուծելու համար:

Արմավիրի մարզի Նորակերտի համայնքապետարանում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցված քրեական գործը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է քննչական կոմիտեի Վաղարշապատի քննչական բաժին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter