HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Նիկոլ Փաշինյան․ «Չեմ մտնելու կոռուպցիոն որևէ գործարքի մեջ, որևէ կողմնակի եկամուտ, գույք, բիզնես, բաժնեմաս չեմ ունենալու»

Խորհրդարանում այսօր արտահերթ նիստ է հրավիրվել՝ Կառավարության ծրագրի քննարկման համար։ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ներկայացրեց նորընտիր ՀՅԴ-ական պատգամավոր Սպարտակ Սեյրանյանին, Սեյրանյանը կատարեց երդման արարողությունը, որից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց Կառավարության ծրագիրը։

Նիկոլ Փաշինյանը, ինչպես և վարչապետ ընտրվելու իր ելույթում, այնպես էլ այսօր հայտարարեց՝ Հայաստանում արտոնյալներ չեն լինելու, օրենքը հավասար է լինելու բոլորի համար։ «Ես ջանքեր պետք է գործադրեմ, որ այս սկզբունքն առաջինը գործի իմ շրջապատի, իմ հարազատների նկատմամբ ու հպարտ եմ հայտարարել, որ առաջիկա զորակոչին իմ որդին, որը պետք է մեկնի ժամկետային ծառայության, դիմում է գրել, որ կամավոր հիմունքներով ծառայությունը անցկացնի Արցախում»,- ասաց Փաշինյանը՝ ընդգծելով, որ իր ուշադրության կենտրոնում է լինելու պաշտոնյայների՝ այդ թվում նախարարների որդիների ծառայել-չծառայելու հարցը։

Փաշինյանն ասաց, որ ուսումնասիրելու են վերջիններիս՝ պարտադիր ժամկետային ծառայությունից ազատման օրենքով նախատեսված հիմնավոր ու օրինական պատճառներ եղել են, թե չէ, իսկ եթե չեն եղել, վերջիններս պետք է ծառայեն, «ինչպես թավշյա հեղափոխությունն անցկացրած պատանիները»։

Վարչապետն ընդգծեց՝ ժամկետային զինծառայողների ծնողներն այլևս չեն ունենալու իրենց զավականերին բանակում պահելու պարտավորություն։ «Հոգ ենք տանելու, որ պետությունը զինվորին ապահովի ամեն ինչով, ու այն արվի պատշաճ մակարդակով։ Թույլ չենք տալու, որ մեր զինվորներին ու սպաներին որևէ մեկը ընտրական հարկադրանքի ենթարկի, որովհետև զինվորի քաղաքացիական կամքը կոտրելով` կոտրում են նաև մարտական կամքն ու ոգին»,- ասաց նա։

Փաշինյանը հայտարարեց՝ իր կառավարությունն արմատախիլ է անելու կոռուպցիան, և այն շատ հեշտությամբ է կատարելու։ «Երբ երկրի ղեկավարը կոռուպցիայում թաթախված չէ, սա արդեն իսկ կոռուպցիան ջախջախելու կարևոր նախապայման է»,- ասաց Փաշինյանը ապա հայացքն ուղղելով տեսախցիկներին` ասաց, որ նայելով քաղաքացիների աչքերի մեջ վստահեցնում է՝ բիզնեսում չի ներգրավվելու։

«Չեմ մտնելու կոռուպցիոն որևէ գործարքի մեջ, վարչապետի պաշտոնում որևէ կողմնակի եկամուտ չեմ ունենալու, որևէ գույք, բիզնես, բաժնեմաս չեմ ունենալու և նույնը պահանջում եմ կառավարության յուրաքանչյուր անդամից ու յուրաքանչյուր պաշտոնյայից»,- ասաց նա։

Վարչապետն անդրադարձավ օրեր առաջ իր և խոշոր գործարարների հանդիպմանը, որի ժամանակ հայտարարել է՝ բոլոր գործարարները ազատվում են բոլոր տեսակի կոռուպցիոն պարտավորություններից և չի կարող լինել որևէ պաշտոնյա, որը կարող է «փայ մտնել որևէ բիզնեսում»։

«Որևէ պաշտոնյա, որը կփորձի փայ մտնել բիզնեսում, իմ անձնական թշնամին է և պիտի սպասի պետության ու օրենքի ջախջախիչ հարվածին, բոլոր կոռուպցիոներներին հայտնաբերելու ենք և հանենք ամենահեռու ու մութ ծակերից»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ ինքը լինելու է ցանկացած ներդրման երաշխավորը։

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ կառավարության ծրագրի մյուս առաջնահերթությանը՝ առավելագույնը մեկ տարվա ընթացքում խորհրդարանական ընտրությունների անցկացմանը։ «Այդ ընտրությունների հիմնական նպատակը պետք է լինի ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների մեխանիզմն ու հնարավորությունը ժողովրդին վերադարձնելը։ Բնական հարց կծարգի՝ ինչո՞ւ արտահերթ ընտրություններ չանցկացնել հենց հիմա, անկեղծ ասած` հենց հիմա անցկացնելը մեր քաղաքական թիմի համար ամենաձեռնտու տարբերակն է, որովհետև մեր առաջնորդած թավշյա հեղափոխության ոգևորությունը գտնվում է գագաթնակետին և որևէ կասկած չկա, որ ընտրություններն այսօր անցկացնելու դեպքում մեր թիմը կհաղթի բացարձակ մեծամասնությամբ»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ այս տրամաբանությամբ առաջնորդվելը կնշանակի, որ իշխանությունը երկրում փոխվել է, սակայն բովանդակությունը չի փոխվել։ Փաշինյանը հայտարարեց, որ ընտրությունները պետք է անցկացվեն մեկ տարվա ընթացքում, ինչը հնարավորություն կտա այդ ընթացքում բարելավել ընտրական համակարգը։

Վարչապետն անդրադարձավ ԼՂ կոնֆլիկտին՝ ընդգծելով, որ այն չունի ռազմական լուծում, սակայն ադրբեջանական ցանկացած արկածախնդրություն «հանդիպելու է ԶՈՒ-ի և ողջ հայ ժողովրդի ջախջախիչ հակահարվածին»։ Փաշինյանը ինչպես նախկինում, այպես էլ այսօր շեշտեց՝ Արցախը պետք է վերադառնա բանակցությունների սեղանին։ Վարչապետը հիշեցրեց, որ մինչ 1998 թվականը Արցախը բանակցությունների լիարժեք անդամ էր, սակայն հայաստանյան իշխանությունները սկսեցին բանակցել Արցախի անունից։

Փաշինյանը հայտարարեց՝ եթե Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը իրենց համարել են Արցախի ժողովրդի անունից բանակցելու համար մանդատ ստացած անձինք, ինքը նման ո՛չ քաղաքական, ո՛չ իրավական, ո՛չ բարոյական իրավունք չունի, ուստի Արցախի ժողովրդի անունից կարող են խոսել միայն արցախյան իշխանությունները։

Կառավարության ծրագիրը ներկայացնելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ 2008 թվականի Մարտի 1-2-ի դեպքերի բացահայտմանը։ «Մենք բարոյական պարտք ունենք Մարտի 1-ի զոհերի առաջ, որովհետև միգուցե եթե չլիներ Մարտի 1-ը, թավշյա հեղափոխության ժամանակ փողոցային վենդետաներից դժվար կլիներ խուսափել»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը հայտարարեց՝ իր Կառավարության համար չափազանց կարևոր է Մարտի 1-ի զոհերի սպանությունների բացահայտումը, նա նաև ասաց, որ արդեն իսկ հանձնարարականներ է տվել իրավապահ մարմիններին։ «Իրավապահ համակարգի աշխատանքը բավարար չեմ կարող գնահատել այնքան ժամանակ, քանի դեռ չի բացահայտվել Մարտի 1-ի գործը»,-ասաց նա։ Փաշինյանը շեշտեց՝ իրավապահ այն մարմինը, որը կբացահայտի Մարտի 1-ը, իր անունը ոսկե տառերով գրվելու է հայ ժողովրդի պատմության մեջ։

Անդրադառնալով դատական համակարգի՝ տարիներ շարունակ Բաղրամյան 26-ից հրահանգվելու աշխատանքին Փաշինյանն ասաց՝ չի շարունակելու այդ արատավոր երևույթները: «Հրաժարվում եմ այդ գործելակերպից, դա դեպի դիկտատուրա տանող ճանապարհ է»,-ասաց նա։ Վարչապետը խոսեց նաև պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին։ Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսի մեկից պարտադիր բաղադրիչը գործելու է 1974 թվականին և դրանից հետո ծնված քաղաքացիների համար։

Վարչապետն ասաց, որ առաջիկայում Կառավարությունը պետք է այս հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնի։ «Պետք է լինի այնպիսի որոշում, որը բխում է ազգային շահերից»,-ասաց Փաշինյանը։ Վարչապետի խոսքով՝ համակարգի շահառուների մոտ 80%-ը տոկոսը ներառված է համակարգում, և միայն 20%-ն է, որ նոր է ներառվելու։ Ֆոնդերում հավաքված է 120 միլիարդ դրամ, որի 70%-ը ներդրված է տնտեսության մեջ։

«Տվալ խնդրի շուրջ որոշում կայացնելիս պետք է ռիսկերը հաշվի առնենք։ Համակարգի ներդրման ժամանակ մեր բոլորի վերապահումը Կառավարությանն ուղղված վստահության պակասն էր, իսկ այսօր այդ խնդիրը վերացել է»,-ասաց Փաշինյանը՝ ընդգծելով, որ Կառավարությունը մաքսիմալ անկեղծ ու թափանցիկ է աշխատելու քաղաքացիների հետ։

Մեկնաբանություններ (2)

ani
Thanks, Hagop ! Realy, Armenia got a gift from God : an uncorruptible 1. minister !!(I hope so ..) He sends his son and sons of ministers to military service !! This for sure didn't happen for many years -- the world is rubbing his eyes, incredible ! I wish, these boys will report to their high-rated relatives, what is REALY going in the army, for having soo many dead young soldiers : a very sad matter
Hagop
Mr. Pashinyan. You are doing a great job! Be transparent, firm and always righteous! Armenians are strong and smart people. Reinvest billions into Armenia--make it high tech, spend on the villages (solar, wind, electrical/internet/water). Train every man, woman and child to use a gun. Send all corrupt officials to JAIL.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter