HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

«Էլեկտրաէներգիայի և գազի սակագների վերանայման համար ռիսկեր կան»,- ասում է Էներգետիկայի նախարարը

Կառավարության նիստի սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ երեկ` հունիսի 7-ին, խորհրդարանը հաստատել է կառավարության ծրագիրը եւ նախարարներին հանձնարարեց մեկշաբաթյա ժամկետում կառավարության ծրագրից բխող միջոցառումների ցանկ ներկայացնել: Այդ միջոցառումները կքննարկվեն եւ կհաստատվեն կառավարության հաջորդ նիստում:

Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանին վարչապետ Ն. Փաշինյանը խնդրեց զեկուցել էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման ուսումնասիրությունների արդյունքների մասին։

«Շահագրիգիռ կողմերի հետ միասին գնահատել ենք էներգետիկ ոլորտում առկա ռիսկերը և բոլոր հնարավորությունները` էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման հետ կապված: Պետք է ասեմ, որ այս պահին սակագնի ընդհանուր առմամբ վերանայման հետ կապված ունենք ռիսկեր, որոնք չենք կարող հաշվի չառնել։ Դրանք պայմանավորված են ատոմակայանի՝ նախադեպը չունեցող երկարաձգման աշխատանքների հետ. պատմության մեջ չի եղել, որ ատոմակայանն այս կարգով կանգնեցնի իր աշխատանքը, այդ առումով սակագնի վրա մեծ ազդեցություն կարող է ունենալ, և այս պահին չենք ուզում գնալ այդ քայլին»,- ասաց նախարարը։

Գրիգորյանի խոսքով՝ գազի սակագնի վերանայումը նույնպես ռիսկեր է պարունակում․ «Մինչև տարվա վերջ ունենք Ռուսաստանի հետ պայմանավորվածություն սահմանի վրա 150 դոլար գնով գազի ներմուծում, որը տարեվերջին պետք է վերանայենք: Ունենք ռիսկ՝ դոլար-դրամ հարաբերության հետ կապված»: Նա ընդգծեց, որ սակագների վերանայում այս պահին կարող է լինել միայն անապահով ընտանիքների համար։

«Եկել ենք այն եզրահանգման, որ ունենք հնարավորություն 10 դրամի չափով նվազեցնել անապահով ընտանիքներին տրամադրվող էլեկտրաէներգիայի սակագինը»,- ասաց Գրիգորյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցրեց, թե ինչու նախարարը չի խոսում ոլորտում կոռուպցիոն ռիսկերի առկայության կամ բացակայության մասին։

«Ես  առաջարկում եմ, որ շարունակեք ուսումնասիրությունը և առաջիկայում գաք զեկույցի այդ թեմայով` առավել մանրամասն ներկայացնելու, քննարկումները պետք է շարունակվեն, որ համոզվենք՝ ամեն ինչ ճիշտ ու արդյունավետ։ Պայմանավորվում ենք, որ առնվազն սոցիալապես անապահով ընտանիքների համար սակագինը իջնելու է, մյուսների հետ կապված քննարկումները շարունակում ենք, եզրակացությունները շատ համոզիչ ու թափանցիկ պետք է լինեն»,- ասաց Փաշինյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter