HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Ալեն Սիմոնյանի փոխանցմամբ՝ խաղաղ ցույցերի ժամանակ այլևս լուսաձայնային նռնակներ չեն կիրառվի

Քիչ առաջ «Ելք» խմբակցության պատգմավոր Ալեն Սիմոնյանը  «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի ուղիղ հեռարձակմամբ հայտնեց, որ երեկ հանդիպում է ունեցել Հայաստանի ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հետ և համաձայնության են եկել, որ այսուհետ ոստիկանությունը խաղաղ ցույցերի ժամանակ լուսաձայնային նռնակներ չի օգտագործելու: «Դուք գիտեք՝ մարտի 1-ին Համլետ Թադևոսյանը մահացավ այդ լուսաձայնային նռնակների հասցրած վնասից: Ինչպես նաև` բազմիցս, թե՛ Խորենացի փողոցում, թե՛ Բաղրամյան փողոցում այդ լուսաձայնային նռնակները օգտագործվել են խաղաղ ցուցարարների նկատմամբ, որի պատճառով շատ մարդիկ նույնիսկ հաշմանդամություն ունեն»,-ասաց պատգամավորը:

Սիմոնյանը նշեց, որ ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում՝ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ բողոքի ակցիայի ժամանակ, կրկին օգտագործվել են լուսաձայնային նռնակներ, որի հետևանքով վիրավորվել են ինքը, ճարտարապետ Զավեն Գրիգորյանը եւ Իլեն Ռոստամին, որը շրթունքի վնասվածք է ստացել: Պատգամավորի փոխանցմամբ՝ լուսաձայնային նռնակները կօգտագործվեն միայն քրեական տարրերի վնասազերծման նպատակով:

«Ելք» խմբակցության նորընտիր պատգամավոր Հայկ Կոնջորյանը շարունակեց Ալեն Սիմանյանի խոսքը՝ հայտնելով, որ քիչ անց Սիմոնյանի հետ անձնական երաշխավորություն կներկայացնեն  «Սասնա ծռեր»-ի գործով մեղադրվող Պավլիկ Մանուկյանի որդու՝ Արամ Մանուկյանի խափանման միջոցը փոխելու համար: Ըստ Կոնջորյանի` Արամ Մանուկյան առողջական խնդիր ունի, որը գնալով սրվում է: Այդ պատճառով իրենք փորձում են փոխել նրա խափանման միջոցը, որպեսզի Արամը ազատության մեջ սպասի իր վճռին:

Պատգամավորը հույս ունի, որ Արամ Մանուկյանի խափանման միջոցի մասին արդեն այսօր «լավ նորություն կլինի»:

Հիշեցնենք, որ այս պատգամավորներն օրեր առաջ Գևորգ Սաֆարյանի խափանման միջոցը փոխելու անձնական երաշխավորություն էին ներկայացրել, սակայն դատարանը հետաձգեց միջնորդության լուծումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter