Չորեքշաբթի, 26 սեպտեմբերի

Պատգամավորներ Ֆելիքս Ցոլակյանն ու Ալիկ Սարգսյանը «զինված խմբի» գործով ամբաստանյալի ազատության համար երաշխավորություն են ներկայացրել



Ազգային ժողովի պատգամավորներ Ֆելիքս Ցոլակյանն ու Ալիկ Սարգսյանը Նորքի «զինված խմբի» գործով ամբաստանյալ Գառնիկ Մարգարյանի համար անձնական երաշխավորություն են ներկայացրել։

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում այս գործով այսօր տեղի ունեցած դատական նիստին Մարգարյանի փաստաբան Հովիկ Արսենյանը միջնորդեց իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինել պատգամավորների անձնական երաշխավորությամբ կամ չհեռանալու մասին ստորագրությամբ։

Պատգամավորները նշել են, որ երաշխավորում են Մարգարյանի պատշաճ վարքագիծը ազատության մեջ գտնվելու դեպքում և դատարանին խնդրել, հաշվի առնելով Մարգարյանի տարիքը, առողջական վիճակը, բազմամյա ծառայությունը ոստիկանական համակարգում, նրան ազատ արձակել։

Նշենք, որ Մարգարյանը «Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահն է, աշխատել է Ոստիկանության ներքին զորքերի համակարգում, կոչումով գնդապետ է։

Մեղադրող կողմը միջնորդության վերաբերյալ դիրքորոշում չհայտնեց։ Դատախազները նշեցին, որ օրենքով նախատեսված ընթացակարգի համաձայն՝ երաշխավորություն տված անձինք պետք է ներկայանան դատարան, զգուշացվեն երաշխավորություն տալու վերաբերյալ իրենց իրավունքների և պարտավորությունների վերաբերյալ։ Այս ընթացակարգի պահպանումից հետո միայն մեղադրողները կհայտնեն իրենց դիրքորոշումը։

Դատական նիստն այս պահին ընդմիջված է և կշարունակվի պատգամավորների դատարան ներկայանալուց հետո։

Մինչ դատական նիստի ու վերը նշված հարցի քննարկումը այսօր դատարանում ելույթ ունեցավ նաև պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը։ Վերջինս հայտարարեց, որ դատավորներին ու մեղադրողներին անվստահություն է հայտնում։

Նշենք, որ այս գործով ամբաստանյալների հարազատները մշտապես դրսևորել են հանգիստ վարքագիծ, երբևէ դատական նիստերի ընթացքում դժգոհություն չեն արտահայտել, պարզապես հետևել են նիստի ընթացքին։ Սակայն այսօր հարազատները դատարանի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով ամբաստանյալներին ազատ արձակել։

Ամբաստանյալների հարազատները կարծում են, որ իրենց լռության պայմաններում իրենց հարազատների ազատության հարցը լուսանցքից դուրս է մնացել։

Հիշեցնենք, որ 2015-ի նոյեմբերի 25-ին ԱԱԾ-ն հայտարարություն տարածեց այն մասին, որ Նորքում վնասազերծվել է զինված խումբ: Հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք առաջադրվեց մի խումբ անձանց, որոնց թվում՝ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանին: Ըստ քրեական գործի` «2015-ի ապրիլից գտնվելով ՀՀ տարածքում՝ Արթուր Վարդանյանը ստեղծել ու ղեկավարել է ՀՀ քաղաքացիներից կազմված հանցավոր համագործակցություն, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել և կրել մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր' նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը յուրացնել, այսինքն զավթել՝ բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, ինչն ավարտին չի հասցվել՝ նրա կամքից անկախ հանգամանքներում, քանի որ հանցավոր գործակցության մեջ ներգրավված անձինք բացահայտվել ու 2015թ. նոյեմբերի 25-ին վնասազերծվել են ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից»:


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ