Կիրակի, 23 սեպտեմբերի

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Հակոբյանն ազատվեց կալանքից



«Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Հակոբյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինվեց այլընտրանքային խափանման միջոցով` 500 հազար դրամ գրավով։ Նման որոշում հրապարակեց դատավոր Արշակ Վարդանյանը` դուրս գալով խորհրդակցական սենյակից։

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում այսօր շարունակվում է «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի, Տիգրան Մանուկյանի, Արայիկ Հակոբյանի, Վարդան Գերավետյանի, Մարտիրոս Հակոբյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Գևորգ Իրիցյանի և Թորոս Թորոսյանի դատական գործով նիստը։

Նիստը սկսվեց առանց ամբաստանյալների: Դատավոր Արշակ Վարդանյանը նշեց, որ նախորդ նիստին ամբաստանյալների նկատմամբ սանկցիա է կիրառվել՝ 15 ժամով հեռացնելով նիստերի դահլիճից։

Հիշեցնենք, որ նախորդ նիստին դատավորն անփոփոխ էր թողել «Սասնա ծռեր»-ի անդամների խափանման միջոց կալանավորումը, իսկ ի նշան բողոքի՝ խմբի անդամները հեռացել էին նիստերի դահլիճից։

Արամ Մանուկյանի փաստաբան Հրանտ Գեւորգյանը միջնորդեց ամբաստանյալներին նորից դահլիճ վերադարձնել։ Մինչեւ միջնորդության քննությունը, դատավորը ներկայացրեց Արամ Հակոբյանի դատաբժշկական փորձաքննության արդյունքները. Արամ Հակոբյանի մոտ հայտնաբերվել են նյարդային և սրտանոթային համակարգի մի շարք ծանր հիվանդություններ։

Դատավորը, քննարկելով ամբաստանյալներին դատարան վերադարձնելու հարցը, որոշեց միջնորդությունը բավարարել։

Միջնորդությամբ հանդես եկավ նաեւ Արամ Հակոբյանի փաստաբան Տիգրան Եգորյանը։ Փաստաբանը նշեց, որ Արամ Հակոբյանը ծանր հիվանդություններ ունի, որոնք  համատեղելի չեն կալանքի հետ։ Եգորյանը միջնորդեց որպես այլընտրանքային խափանման միջոց ընտրել ստորագրությունը` նշելով, որ «մի քանի դրամ գրավը չէ, որ կապահովի Արամ Հակոբյանի վարքագիծը»։ Տիգրան Եգորյանի խոսքով` իր պաշտպանյալը ցանկություն չունի լքել երկիրը՝ խուսափելով գործի քննությունից։

Դատախազ Հակոբ Ենոքյանն ասաց, որ կալանքի հիմքերը փոխվել են՝ հաշվի առնելով Արամ Հակոբյանի հիվանդությունները։ «Դատարանի որոշումներով արձանագրվել են կալանքի հիմքերը՝ վարույթ իրականացնող մարմին չներկայանալը եւ գործին խոչընդոտելը։ Հիմք ընդունելով դատաբժշկական փորձաքննության արդյունքները՝ կարելի է վերանայել կալանավորման հիմքերը, թեեւ հիվանդությունները, Կառավարության որոշման համաձայն, պատժի կրման կամ կալանքի հետ համատեղելի են »,- նշեց դատախազը։

Մեղադրող Հակոբ Ենոքյանը եւ Արթուր Չախոյանը մասնակի առարկեցին միջնորդության դեմ։ Նշեցին, որ առարկում են կալանքը ստորագրությամբ փոխարինելուն, սակայն չեն առարկում կիրառել գրավ՝ նրա գույքային դրությանը համապատասխան։


Գլխավոր էջ

Տպել    |  In English


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ